- Գլխավոր
- Նորություններ
- ԱՅՍ ՏԱՐԻ ԵՊՀ է ԸՆԴՈՒՆՎԵԼ 1446 ԴԻՄՈՐԴ
Հուլիս 18, 2018 | 11:52
Կրթություն
ԱՅՍ ՏԱՐԻ ԵՊՀ է ԸՆԴՈՒՆՎԵԼ 1446 ԴԻՄՈՐԴ
2018-2019 ուսումնական տարվա ԵՊՀ ընդունելության 1-ին և 2-րդ փուլերի արդյունքների համաձայն՝ համալսարան է ընդունվել 1446 դիմորդ, որոնցից 311-ը սովորելու են պետպատվերի շրջանակում, իսկ 1135՝ վճարովի հիմունքներով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը։
Նրա խոսքով, նախորդ տարի Երևանի պետական համալսարան է ընդունվել 2545 դիմորդ: Այս տարի Մայր բուհ ընդունված դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 1099-ով:
Նշենք, որ Մայր բուհում բակալավրիատի 2018-2019 ուսումնական տարվա դիմում-հայտերի ընդունման երկու փուլում միասին ԵՊՀ է դիմել 1659 դիմորդ: Այս տարի ԵՊՀ-ում հայտագրված դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 1132-ով:
Վաչագան Գալստյանը տեղեկացրեց, որ այս տարի հատկացվել են 2870 վճարովի և 339 անվճար տեղեր:
Նա նշեց, որ ամենաշատ թվով դիմորդները եղել են «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Տեղեկատվական անվտանգություն», «Իրավագիտություն», «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով, իսկ ԵՊՀ մյուս մասնագիտություններում առկա են թափուր տեղեր:
Այս տարի ամենաքիչ դիմորդներ են ունեցել հետևյալ՝ «Քիմիա», «Սննդի անվտանգություն», «Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա», «Երկրաբանություն», «Աստվածաբանություն», «Եկեղեցաբանություն» մասնագիտությունները:
Վաչագան Գալստյանը խոսքով, հուլիսի 15-ից սկսվել է թափուր տեղերի համար մրցույթը, որին կարող են դիմել այն դիմորդները, ովքեր ընդունելության քննությունների արդյունքում հավաքած դրական միավորներով չեն ընդունվել իրենց դիմում-հայտում նշված մասնագիտությունների գծով: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 20-ն է:
Իսկ հուլիսի 25-ին կհրապարակվի նաև թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքները:
ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի խոսքով, այս տարի դիմորդների թվի նվազման պատճառը 12-ամյա կրթական համակարգի անցումն է, որի պատճառով էլ նախորդ տարվա համեմատ այս տարի նվազել է շրջանավարտների թիվը: Անցած տարի հանրապետությունում ունեինք մոտ 20 հազար շրջանավարտ, իսկ այս տարի այդ թիվը կրկնակի նվազել է, ունենք շուրջ 9600 շրջանավարտ:
Վ. Գալստյանը ասաց, որ դրական գնահատականներ ստացած բոլոր դիմորդները ընդունվել են, սակայն անվճար ընդունված դիմորդներին այս ուստարում տարկետման իրավունք չի տրամադրվի:
Նշենք, որ ընդունելության մրցույթի արդյունքներն ու ընդունված դիմորդների անվանացանկը հուլիսի 15-ից տեղադրված են ԵՊՀ պորտալի «Դիմորդ» կայքում:
Նադեժդա Տեր-Աբրահամյան