- Գլխավոր
- Նորություններ
- Այցելություն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Մարտ 25, 2019 | 16:13
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Այցելություն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Մարտի 14-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի նախաձեռնությամբ և ֆակուլտետի ՈՒԳԸ-ի հետ համատեղությամբ տեղի ունեցավ այցելություն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որի շրջանակներում ուսանողներին հնարավորություն ընձեռնվեց ներկա գտնվելու քաղաքացիական գործով երկու դատական նիստի:
Ի ուրախություն ուսանողների` նիստին ներկա էին երկու կողմերի ներկայացուցիչներ, և այդպիսով ներկաները կարողացան առավել լավ պատկերացում կազմել գործի ընթացքին: Վեճերը վերաբերում էին ընդհանուր համատեղ սեփականությանը և պայմանագրային իրավահարաբերություններին: Ուսանողները հնարավորություն ունեցան պրակտիկ կերպով տեսնելու, թե ինչպես են գործում օրենսգրքում տեղ գտած նորմերը:
Մասնակցությունը նիստերին հենց այս շրջանում հատկանշական էր, քանի որ ուսանողները դեռ նոր են սկսել ուսումնասիրել քաղաքացիական գործի հարուցման, հայցադիմումը մերժելու, վերադարձնելու, վարույթ ընդունելու, ապացույցների բաշխման քաղաքացիադատավարական ինստիտուտները: Նիստերից հետո եղավ քննարկում դատավոր Արթուր Ստեփանյանի և ուսանողների միջև: Ուսանողները կարողացան իրենց հուզող հարցերը հղել դատավորին` ստանալով սպառիչ պատասխաններ: Դատավոր Ստեփանյանը ողջունեց նման նախաձեռնությունը: Ուսանողներն իրենց հերթին նշեցին, որ նիստերին ներկա գտնվելը շատ է օգնում` հասկանալու, թե ինչպես է արդարադատություն իրականացվում, ուստի նման այցելությունները դատարան պարբերական բնույթ կկրեն :
Հեղինակ` Լեյլի Թադևոսյան