- Գլխավոր
- Նորություններ
- ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ. ԴՈւՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ
Հունիս 07, 2019 | 15:46
Կրթություն
Ուսանողական
ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ. ԴՈւՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ
Մայիսի 15-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության աջակցությամբ տեղի ունեցավ հանդիպում Արցախյան Ազատամարտի հերոս Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյանի) քրոջ՝ Գարեգին Նժդեհի անվան հ. 161 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Ստեփանյանի հետ:
Հանդիպման ընթացքում տիկին Ստեփանյանն ուսանողների հետ խոսեց Վարդանիմասին` և որպես հերոսի և որպես եղբոր:
Հերոսի քույրը նշեց, որ Վարդանը երազանքներ շատ ուներ: Այնուհետև հավելեց. «Նրա երազանքներից երկուսն օրեր առաջ իրականություն դարձան իր և զինակից ընկերների ազատագրած հայրենիքում՝ Արցախում: Շուշիից Ստեփանակերտ տանող ճանապարհին տնկվեցին 200 յասամաններ, ինչպես նաև Շուշիում բացվեց հերոսի տուն-թանգարանը՝ Վարդանը վերջապես իր տունն ունեցավ ազատագրած հայրենիքում: Վարդանի երազանքները շարունակում են իրականություն դառնալ առանց նրա ֆիզիկական ներկայության»:
Դասախոսությանը ներկա էին ուսանողներ ֆակուլտետի բոլոր բաժիններից: Ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին տիկին Ստեփանյանին և ստացան սպառիչ պատասխաններ:
Ամփոփելով իր խոսքը տիկին Ստեփանյանն ասաց. «Վարդանն ասում էր, որ ամեն մարդ ոչ թե պիտի գնա նորաձևության հետևից, այլ զբաղվի իր սիրելի գործով: Այսօր էլ այս պատգամը շարունակում է արդիական մնալ: Բարեբախտաբար, մեր երիտասարդներն աստիճանաբար հենց այդպիսին էլ դառնում են»:
Հեղինակներ` Անի Նիկողոսյան, Սիմա Օհանյան