- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԱՅՐԵՆԻՆ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄԵՐ ԱՆՁՆԱԳԻՐԸ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ «ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆԻ» ՍԱՆԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐԸ
Փետրվար 21, 2020 | 17:33
Հասարակություն
«ՄԱՅՐԵՆԻՆ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄԵՐ ԱՆՁՆԱԳԻՐԸ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ «ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆԻ» ՍԱՆԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել Մայրենի լեզվի օրվան նվիրված «Մայրենի լեզու, Մայր ճեմարան, Մայր համալսարան» խորագիրը կրող միջոցառումը:
Հիշեցնենք, որ 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի օր: 15 տարի է արդեն՝ այն պաշտոնապես նշվում է նաև Հայաստանում: Ամեն տարի հանրակրթական դպրոցներում, բուհերում, կրթական տարբեր հաստատություններում մեծ շուքով նշվում է այս տոնը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչ Աշխեն Ջրբաշյանը, կոմպոզիտոր, բանաստեղծ Սասուն Պասկևիչյանը, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը, ճեմարանի ուսուցիչներ, աշակերտներ:
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ամբիոնի վարիչ Աշխեն Ջրբաշյանը:
Վերջինս նշեց, որ 100-ամյա ԵՊՀ-ն ճեմարանի ստեղծման օրվանից սերտորեն համագործակցում է՝ աջակցելով լավագույն մասնագետների պատրաստման գործին:
Անդրադառնալով տոնի խորհրդին՝ Ա. Ջրբաշյանը նշեց, որ այն տոնելը կարևոր և առանցքային է լեզվի պահպանման ու փոխանցման տեսանկյունից. «Մայրենին մեր ազգային ինքնությունն է, մեր անձնագիրը, մտածողության ձևը, մայրենի լեզվի պահպանությունը դարձել է օրախնդիր, որով մտահոգված պետք է լինի ցանկացած հայ»:
Միջոցառումը մեկնարկեց ԵՊՀ-ի և ճեմարանի հիմներգերով, որից հետո համալսարանականներն ու ճեմարանականները հանդես եկան հայերենով ստեղծված երգերով, բանաստեղծություններով, թատերական ներկայացումներով:
Ցերեկույթի ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև կոմպոզիտոր, բանաստեղծ Սասուն Պասկևիչյանը. «Այն երգերը, որոնք հնչեցին այստեղ, հատկապես Համո Սահյանի խոսքերով գրված «Մեր լեզուն», պետք է դառնան մեր աշակերտների և ուսանողների հիմնը: Հավատացե՛ք՝ աշխարհի ամենալավ լեզուն հայերենն է»:
ԵՊՀ-ի հետ միջոցառման կազմակերպման մասին ysu.am-ը զրուցեց նաև «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ուսուցչուհի, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ, միջոցառման կազմակերպիչ Արփինե Խեչիկյանի հետ:
Վերջինս նշեց, որ միջոցառումը ԵՊՀ-ի հետ նշելը պատահական չէր, քանի որ անցած տարի ԵՊՀ-ն տոնում էր հիմնադրման 100-ամյակը, իսկ այս տարի ճեմարանը տոնում է հիմնադրման 30-ամյակը, իսկ եռակի տոնը նշելու համար իրենք ընտրեցին խորհրդանշական օրը՝ Մայրենի լեզվի օրը:
Խոսելով ճեմարանում հայերենի ուսումնառության մասին՝ Արփինե Խեչիկյանն ասաց. «Ճեմարանի աշակերտների՝ հայերենի նկատմամբ սիրո և բարձր իմացության մասին խոսում են նրանց ՝ամեն տարի «Հայոց լեզու և գրականություն» օլիմպիադայից ստացած ամենաբարձր ցուցանիշները»:
ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն էլ հավաստիացրեց, որ ԵՊՀ-ի և ճեմարանի համագործակցությունը շարունակական է լինելու. «Ամեն տարի «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրից բազմաթիվ դիմորդներ են ընդունվում Մայր բուհ, և իհարկե մեր լավագույն մասնագետներն ավարտելուն պես աշխատանքի են անցնում այնտեղ՝ նպաստելով կրթված սերունդներ պատրաստելու գործին»:
Միջոցառման մասնակիցներից Ալեքս Գևորգյանը, որը «Մոցարտ» միջազգային փառատոնի դափնեկիր է, ելույթ ունեցավ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու՝ Սիլվա Ալլահվերդյանի հետ. վերջինս ասմունքեց Վահագն Դավթյանի «Հայոց լեզու» բանաստեղծությունը, որն ուղեկցվում էր Ալեքսի՝ Ֆրեդերիկ Շոպենի «Նոկտյուրնի» կատարմամբ:
Երաժշտական ունակություններից բացի՝ փոքրիկն ունի նաև գրական հետաքրքրություն:
Այն հարցին, թե որն է հայերենով գրված լավագույն ստեղծագործությունը, Ալեքսը պատասխանեց՝ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:
Անգին Խաչատրյան