- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՄԵԾԱՐՄԱՆ ԵՎ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՄԲ
Սեպտեմբեր 16, 2021 | 19:33
ԵՊՀ ՄԵԾԱՐՄԱՆ ԵՎ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ մեծարման և առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ԵՊՀ 7-րդ մասնաշենքի պուրակում՝ Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղկեպսակ դնելով, այնուհետև տեղի ունեցավ այցելություն Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմում զոհված մեր հայրենակիցների անմահ հիշատակին:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորներ Արման Մալխասյանը և Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ նախկին ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը, համալսարանի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը նշեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է ունենալու ԵՊՀ մեծարման և առաջինկուրսեցիների երդման արարողությունը, որը կազմակերպվում է ռեկտորատի ու Մշակույթի կենտրոնի կողմից:
Միջոցառումը նվիրված է ՀՀ անկախության 30-ամյակին:
«Այս տարի առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել Արցախյան հերոսամարտում ընկած մեր հերոսների ընտանիքներին, որոնց նույնպես հրավիրել ենք երդմնակալության արարողությանը, բացի դրանից՝ Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմների մասնակից երկու համալսարանական բարձրացնելու է ՀՀ և ԵՊՀ դրոշները»,- ասաց Արթուր Իսրայելյանը:
Նրա խոսքով, ուսանողը պետք է զգա ԵՊՀ ղեկավարության ջերմ վերաբերմունքը, թե ինչպես է վերջինս իրեն ընդունում, դիմավորում և մատուցում այն ծառայությունները, որոնք հետո իրեն պետք են գալու մասնագիտական կյանքում:
Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ են ունենալու ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը, աղջիկների պարային համույթը, «YSU band»-ը և «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները, որոնք հանդես են գալու հայրենասիրական կատարումներով:
Բացի դրանից՝ անդրադարձ է լինելու Առնո Բաբաջանյանի ծննդյան հարյուրամյակին, և հնչելու են երգեր նրա երգացանկից:
Միջոցառման ժամանակ առաջինկուրսեցիները հնարավորություն են ունենալու նաև ծանոթանալու ԵՊՀ մշակույթի կենտրոնի գործունեությանը և այնտեղ գործող խմբակներին:
Անի Պողոսյան