- Գլխավոր
- Նորություններ
- «ՈՒՐԻՇ ՈՉ ՄԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՍՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՄԱՐԴ ԴԱՌՆԱԼ, ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է ԳԾՈՒՄ ԱՅԴ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ». ԱԼԵՔՍԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Նոյեմբեր 19, 2021 | 16:50
Հասարակություն
«ՈՒՐԻՇ ՈՉ ՄԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՍՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՄԱՐԴ ԴԱՌՆԱԼ, ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է ԳԾՈՒՄ ԱՅԴ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ». ԱԼԵՔՍԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ համաշխարհային տոնացույցում ավելացվել է ևս մեկ օր՝ Փիլիսոփայության օրը, որը նշվում է նոյեմբերի 3-րդ հինգշաբթին: Ամեն տարի ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում նշվում է Փիլիսոփայության մասնագիտական օրը՝ ընդգծելով դրա կարևորությունը յուրաքանչյուր անհատի ու ընդհանրապես մարդկության կյանքում:
Թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանի հետ:
- Պարո՛ն Բաղդասարյան, ո՞րն է մարդկության մեջ փիլիսոփայության դերը, խոսենք դրա կարևորության ու արդիականության մասին։
- Փիլիսոփայությունը՝ որպես մասնագիտություն, շնորհ է, մտածելու ոճ, աշխարհի և մարդկանց նկատմամբ վերաբերմունք, որը մի ամբողջ արվեստ է: Կարծում եմ՝ այս օրն առանձնացնելու ու հատուկ ընդգծելու կարիք չկա, քանի որ փիլիսոփայում են բոլորը, բոլոր ժամանակներում, տարվա բոլոր եղանակներին և աշխարհի տարբեր ծայրերում, ուստի այդ օրը համայն մարդկության օրն է, բոլորին պետք է շնորհավորել: Փիլիսոփայելը մարդուն հատուկ որակ է, անհրաժեշտություն: Մարդկային իրական կեցության կազմավորման շրջանում փիլիսոփայելը դառնում է ներքին անհրաժեշտություն, մի այնպիսի պահանջ, որից հնարավոր չէ խուսափել ոչ մի ոլորտում՝ դաստիարակությունից մինչև անձնական կյանք: Ընդհանրապես, փիլիսոփայության տեսանկյունից կյանքի իմաստը, միանշանակ, երջանկությունն է, երջանիկ լինելու մեջ է: Մարդու ամբողջ նպատակները, ցանկություններն ու ձգտումները դրան են ուղղված. դա սեր է կյանքի բարձրագույն արժեքների հանդեպ: Ժամանակին Պլատոնն ու Արիստոտելն ասում էին, որ փիլիսոփայությունը սկսում է զարմանքից: Արիստոտելը պնդում էր, որ փիլիսոփայելը ճշմարտության հանդեպ ունեցած սերն է, և մարդու ամբողջ կյանքն ուղղված է հենց դրան՝ զարմանքին ու նոր գիտելիքի, նորի ու ճշմարտության բացահայտմանը: Մեր մտածողներից մեկը՝ Հայկ Ասատրյանը, նշում է, որ փիլիսոփայությունն առաջացել է տիեզերական տառապանքից: Իհարկե, բազմաթիվ տեսակետներ կան՝ կապված փիլիսոփայության առաջացման հետ, սակայն հարցն այն է, թե փիլիսոփայությունն ինչ խնդիր է կատարում: Բոլոր ժամանակներում էլ հանրակարգը նույնն է մնացել. հավերժական հարցադրումներն ու խնդիրները պահպանվել են առ այսօր: Մենք այսօր ավելի չենք սիրում, քան սրանից 1000 տարի առաջ, ավելին չենք գնահատում գեղեցկությունը, քան սրանից 100 տարի առաջ: Մարդը զարգացումների ընթացքում շատ քիչ է փոփոխվել որպես մարդ արարած իր էությամբ: Իհարկե, տեխնիկական լուծումներ են տրվել, մեր աչքի առջև աշխարհը փոխվում է շատ արագ, բայց մարդուն այս հարափոփոխ աշխարհում մշտապես անհրաժեշտ է կայունություն, որի շուրջ էլ ծավալվում է փիլիսոփայությունը: Դա մարդուն թույլ է տալիս վերադարձնել իր ներքին անդորրը, տիեզերքի ու բնության հետ ներդաշնակ կյանքը, այն իրական ճանապարհներից մեկն է, որ տանում է մարդուն իր կյանքի գերագույն նպատակին՝ երջանկության զգացողությանը:
- Իսկ ի՞նչ առաքելություն ունի փիլիսոփայությունը կրթական ոլորտում, մասնավորապես՝ Մայր բուհում:
- Փիլիսոփայությունը՝ որպես կրթամաս, ամենակարևոր ցուցիչներից մեկն է: ԵՊՀ պատմությունն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ առաջին դասագիրքը հոգեբանության մասին է եղել, առաջին դասախոսները եվրոպական կրթությամբ փիլիսոփաներ էին: Փիլիսոփայական մշակույթը համալսարանական կյանքում որոշիչ դեր է կատարել բոլոր ժամանակներում և այսօր էլ: Սա այն եզակի դասընթացներից է, որ թույլ է տալիս ազատ, պարզ ու անմիջականորեն շփվել երիտասարդի հետ՝ բացահայտելով նրա ներքին ազատությունն ու մարդկային որակները, անհատական ու դատողական վերաբերմունքն իր շրջապատող աշխարհի ու երևույթների նկատմամբ: Ազատությունը, բարոյականությունն ու արդարության զգացողությունը մարդու առանցքային տարրերից են: Եվ այս ամենը մենք արմատավորում ենք մեր ուսանողների մեջ: Ընդհանրապես բուհական կյանքում փիլիսոփայությունը շատ կարևոր դեր ունի ուսանողի՝ որպես ապագա մասնագետի կայացման գործում: Այն կարծես մի կարևոր որակ է տալիս նրան, ապահովում նրա զարգացվածությունը՝ տալով վերլուծական ու քննական մտածողություն, ինչը թույլ է տալիս քննադատական դիրքորոշում ունենալ որևէ խնդրի վերաբերյալ: Մարդը սկսում է բողոքել ու ըմբոստանալ բոլոր անօրինական ու անբարոյական երևույթների հանդեպ՝ առաջ մղելով ազատության ու արդարության զգացողությունը: Կանտը մի հետաքրքիր ձևակերպում ունի, որտեղ նշվում է՝ այս կյանքում շատ զարմանալի բաներ կան, սակայն երկուսն ուղղակի ապշեցուցիչ երևույթներ են՝ աստղազարդ երկինքն ու բարոյականությունը հասարակության մեջ: Մենք ուսանողներին հաճախ ենք ասում. դուք երբևէ ձեր հայացքը կտրո՞ւմ եք առօրյայից, ձեր հեռախոսներից, համակարգիչներից և հեռահաղորդակցման այլ սարքերից ու նայո՞ւմ եք աստղազարդ երկնքին, այդ անհունին, որը մարդու մեջ տիեզերականի արտացոլումն է, բնության, աշխարհի ու տիեզերքի հետ միասնությունն է ապահովում: Մեր ուսանողը ոչ միայն գիտելիք պետք է ստանա ու մասնագետ դառնա, նա պետք է նաև երազող ու սիրող լինի, ինչից էլ ծնվում են նրա վերաբերմունքն ու վարքագիծն աշխարհի, մարդու հանդեպ: Փիլիսոփայությունը համակեցությունն ապահովող բոլոր խթանիչների ամբողջությունն է, ոչ միայն ներքին անհրաժեշտություն, այլև մշակութային պարտադրանք է, որ բոլոր քաղաքակիրթ ազգերն անցնում են փիլիսոփայական բոլոր փուլերը՝ ձևավորելով այսօրվա մարդուն, որի մատը կյանքի զարկերակի վրա է դրված: Սա շատ կոնկրետ խնդիր է: Միայն սեփական կյանքի իմաստավորմամբ կարելի է հասնել այս ոլորտների իմաստավորմանը՝ ձևավորելով որոշակի աշխարհայացք ու վերաբերմունք կյանքի երևույթների հանդեպ: Ի վերջո, ուսումնասիրելով փիլիսոփայությունը, մենք մեր մեջ ամրագրում ենք մարդկային ճշմարիտ որակներն ու չափանիշները, քանի որ ոչ մի գիտություն չի ասում, թե ինչպես կարելի է մարդ դառնալ: Փիլիսոփայությունն է գծում այս սահմանները:
- Այսօրվա մարդը խորը ճգնաժամային իրավիճակում է ապրում, իսկ ի՞նչ լուծումներ է առաջարկում փիլիսոփայությունը:
- Եթե ակադեմիական դաշտում ստեղծված ողջ փիլիսոփայական գրականությունն ուսումնասիրենք և միաժամանակ դիտարկենք սոցիալական հարթակներում տիրող իրավիճակը, կտեսնենք, որ փիլիսոփաները շատ ակտիվ են արձագանքում բոլոր խնդիրներին: Հսկայական շարք կա, որտեղ ներկայացվում են ժամանակակից խնդիրների վերաբերյալ մեր կյանքի փիլիսոփայությունն ու վերլուծությունները: Իհարկե, հակված չեմ պնդելու, որ փիլիսոփայությունը գիտությունների գիտությունն է, չնայած հին աշխարհում սա բացարձակ ճշմարտություն էր, այսօր փիլիսոփայության գործառույթները որակապես փոխվել են: Հավերժական փիլիսոփայական խնդիրները լաբորատոր վիճակում կամ մեկուսացած չեն: Այն զուտ գիտական տեսություն չէ, քանի որ շատ արագ արձագանքում է արդի հարցադրումներին՝ ներկայացնելով վերլուծություններ հիմնարար սկզբունքների ու օրինաչափությունների տեսանկյունից: Հայկական իրականության մեջ նախկին շատ արժեքներ այլևս չեն գործում, իսկ գործող թվացյալ արժեքների մեծ մասն ընդունելի չէ: Արժեքների ճգնաժամը նաև հասարակության ճգնաժամն է, որը հնարավոր չէ հաղթահարել առանց փիլիսոփայության, ավելին՝ փիլիսոփայության ուղղակի անհրաժեշտությունը զգացվում է հասարակության, անհատի և մշակույթի բեկումնային փուլերում: Այսպիսով, փիլիսոփայությունը նոր արժեքներ է մշակում, մարդկանց օգնում տիրապետել դրանց, նորից ու նորովի խորհել աշխարհի, Հայաստան աշխարհի, դրանցում մեզնից յուրաքանչյուրի տեղի և դերի, մարդու նշանակության ու նկարագրի մասին: