- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒԳԸ-ն 75 տարեկան է. մեկնարկեց հոբելյանական միջազգային գիաժողովը
Հոկտեմբեր 06, 2022 | 16:12
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
ԵՊՀ ՈՒԳԸ-ն 75 տարեկան է. մեկնարկեց հոբելյանական միջազգային գիաժողովը
ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ՈՒԳԸ միջազգային 8-րդ գիտաժողովի բացման արարողությունը: Այս տարի այն նվիրված է ՈՒԳԸ 75-ամյակին:
Հոկտեմբերի 3-ից 7-ն անցկացվող գիտաժողովը հնարավորություն է ընձեռում ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և օտարերկրյա հետազոտողների միջև: Հատկանշական է, որ գիտաժողովին մասնակցելու դիմում-հայտերի քանակը հասել է շուրջ 296-ի, որոնցից մասնագիտական գրախոսության փուլը հաղթահարել են միայն 156-ը (22-ը 8 երկրների արտասահմանյան բուհերի երիտասարդ գիտնականներ են):
Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ելույթով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը:
Շնորհավորելով ներկաներին ՈՒԳԸ 8-րդ միջազգային գիտաժողովի բացման արարողության կապակցությամբ՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում կարևորեց կառույցի դերն ու նշանակությունը: Հ. Հովհաննիսյանը մատնանշեց այն, որ ուսանողական այս կառույցն է, որը ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների համար ուղի է հարթում դեպի գիտություն:
«Ողջունելի է այն փաստը, որ գիտաժողովի մասնակցության մեծաքանակ հայտերից ընտրվել են զգալի թվով մասնակիցների հոդվածներ: Սա ցուցիչն է այն բանի, որ ՈՒԳԸ կազմակերպած գիտաժողովի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է: Վստահաբար կարող եմ ասել, որ այն մասնակիցներին տարբեր տեսանկյուններից լայն հնարավորություններ է ընձեռում»:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն իր խոսքում կարևորեց ՈՒԳԸ զարգացման գործում մեծ ավանդ ունեցած ՈՒԳԸ-ականների դերն ու ակտիվությունը։ Իր ելույթում նա հույս հայտնեց, որ ՈՒԳԸ-ակնների ակտիվ գործունեությունն էլ ավելի կնպաստի կառույցի զարգացմանն ու ակտիվությանը:
ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը, պատմական ակնարկ կատարելով ՈՒԳԸ հիմնադրման պատմությանը, ընդգծեց կառույցի՝ որակյալ կադրեր ձևավորելու գործում ունեցած դերը: Անդրադառնալով կառույցի գործառույթներին և դրա ունեցած դերին՝ ՈՒԳԸ նախագահն ընդգծեց. «ԵՊՀ ՈՒԳԸ-ն իր գործունեության ընթացքում պարբերաբար կազմակերպում է գիտական միջոցառումներ, որոնցից առանձնահատուկ նշանակություն ունի ամենամյա գիտական նստաշրջանը: Գիտաժողովի արդյունք-հետևանքը «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» պարբերկանն է: Սա ՈՒԳԸ-ի ոչ միայն բովանդակային հիմքն է, այլև ուսանողական կառույցի աշխատանքի գլխավոր ցուցիչը։ Վստահորեն կարող եմ ասել, որ սա այն առանձնահատոկությունն է, որով ՈՒԳԸ-ն տարբերվում է այլ ուսանողական կառույցներից»:
Իր խոսքում Մ. Փանոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն ՈՒԳԸ-ականներին, ովքեր իրենց գործունեությամբ նպաստել են կառույցի կայացմանն ու բարձր պահել դրա անունը:
«ՈՒԳԸ-ն այն կառույցն է, որը հնարավորություն է ընձեռում ինքնակրթվելու, կրթական կարծրատիպերի սահմանափակումներից դուրս գալու, և ի վերջո որակյալ մասնագետներ դառնալու։ Դա է փաստում այն, որ մեր կողքին կարող ենք տեսնել տարբեր մտավորականների, ակադեմիկոսների, գիտնականների՝ ի դեմս ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի»,-ամփոփելով խոսքը՝ նշեց ՈՒԳԸ նախագահը։
Գիտաժողովի բացման արարողության ավարտին ԵՊՀ նախասրահում քիմիայի և ֆիզիկայի ֆակուլտետների ՈՒԳԸ-ականները կատարեցին փորձերի ցուցադրություն:
Հատկանշական է, որ գիտաժողովի շրջանակում ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում մինչև հոկտեմբերի 7-ը պարբերաբար կազմակերպվելու են պանելային քննարկումներ, սեմինարներ, մշակութային երեկոներ և այլ միջոցառումներ՝ նվիրված կառույցի 75-ամյակին: