- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ օրեր մարզերում
Մայիս 10, 2023 | 16:45
Ընդունելություն
Կրթական ծրագրեր
Կրթություն
ԵՊՀ օրեր մարզերում
Երևանի պետական համալսարանը ապրիլի 18-ից մայիսի 13-ն իրագործում է «ԵՊՀ օրեր մարզերում» ծրագիրը, որը նպատակ ունի մարզաբնակ աշակերտներին ծանոթացնելու համալսարանին և նպաստելու նրանց մասնագիտական կողմնորոշմանը:
Ծրագրի շրջանակում համալսարանականներն ավագ դպրոցների աշակերտներին են ներկայացնում համալսարանի կրթական ծրագրերը, մասնագիտությունների առանձնահատկություններն ու հեռանկարները։ Աշակերտները ծրագրի շրջանակում հնարավորություն են ունենում կատարելու տարբեր գիտափորձեր, կիրառելու սարքավորումներ, մասնակից դառնալու հեռուստատեսային նյութերի պատրաստմանը, ծանոթանալու կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումների աշխատանքի կիրառական նշանակությանը։
«ԵՊՀ օրեր մարզերում» ծրագիրը համակարգում է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը: Կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանը, խոսելով համալսարանականների՝ ծրագրի շրջանակում աշակերտների հետ անցկացրած հանդիպումների մասին, ընդգծեց. «Երևանի հանրակրթական դպրոցների աշակերտների համար հնարավորություններն առավել հասանելի են, քան մարզերի աշակերտների համար։ Մեր նպատակն է ստեղծել հավասար պայմաններ, ինչպես նաև նպաստել մարզերի աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը»:
Էդ․ Գալստյանը փաստեց նաև, որ այսօրինակ հանդիպումներն աշակերտների համար հրաշալի հնարավորություն են՝ հասկանալու բարձրագույն կրթության կարևորությունը, անմիջականորեն շփվելու համալսարանի դասախոսների և ուսանողների հետ, քննարկելու հարցեր, որոնք դասարանային պայմաններում գուցեև չքննարկվեն:
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը, անդրադառնալով «ԵՊՀ օրեր մարզերում» նախաձեռնությանը, նշեց, որ այն ստեղծվել է ուսանողական խորհրդի «Ծրագրային հեքեթոն-2021»-ի շրջանակում: Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ նա ասաց. «Հեքեթոնի ընթացքում ուսանողների ներկայացրած 12 ծրագրերից մեկը հենց սա էր, որն արժանացավ բարձր գնահատականի։ Մեր համոզմամբ՝ գաղափարի իրագործումը իրատեսական է և համալսարանի համար կարևոր նշանակություն կունենա»:
Բացի գաղափարի առաջարկից՝ ՈՒԽ-ն իր անմիջական մասնակցությունն ունի ծրագրի իրագործման փուլում. ՈՒԽ անդամ ուսանողները ծրագրի շրջանակում դասախոսների հետ միասին աշակերտներին են ներկայացնում ԵՊՀ կրթական ստորաբաժանումների գործունեությունն ու ընձեռած հնարավորությունները:
Նշենք, որ համալսարանականներն արդեն այցելել են Կոտայքի մարզի Հրազդան և Աբովյան, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան, Արարատի մարզի Արարատ և Արտաշատ, Շիրակի մարզի Գյումրի և Արթիկ, ինչպես նաև Արմավիրի մարզի Արմավիր և Մեծամոր քաղաքներ։ Մարզային 4 այցերի մասնակիցների թիվը 3700-ից ավելին է։ Ծրագրի համար ընտրվել են մարզերի 19 խոշոր քաղաքների՝ աշակերտների թվով ամենամեծ հիմնական ու ավագ դպրոցները, սակայն հանդիպումներին մասնակցում են նաև տարածաշրջանի այլ դպրոցների աշակերտներ, որոնց նախապես տեղեկացվում է ԵՊՀ նախաձեռնության մասին:
Տեսանյութ