- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում կներդրվեն մագիստրոսական կրթական նոր ծրագրեր․ տեղի է ունեցել գիտական խորհրդի նիստը
Մայիս 31, 2023 | 20:16
Գիտություն
Կրթություն
ԵՊՀ-ում կներդրվեն մագիստրոսական կրթական նոր ծրագրեր․ տեղի է ունեցել գիտական խորհրդի նիստը
Օրակարգային 5 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի նիստը, որի ժամանակ շնորհվել են գիտական կոչումներ, հաստատվել է ընթացիկ ուստարվա երկրորդ կիսամյակի անվանական կրթաթոշակների հավակնորդների ցանկը։ Բացի դրանից՝ ԵՊՀ գիտական խորհուրդը հաստատել է մագիստրոսական կրթական նոր ծրագրեր ու հրատարակության երաշխավորել գիտական հանդեսներ։
Ներկայացված օրակարգը հաստատելուց հետո ԵՊՀ ԳԽ մրցութային մշտական հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդևանյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց դոցենտի գիտական կոչում շնորհելու 8 հայցերը՝ փաստելով, որ ներկայացված բոլոր փաստաթղթերը համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին և երաշխավորված են հանձնաժողովի կողմից։
Գիտական կոչում շնորհելու հայցերը հաստատելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն։
Հաջորդիվ ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց ընթացիկ ուստարվա երկրորդ կիսամյակի անվանական կրթաթոշակի հավակնորդների ընտրության վերաբերյալ ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդունած որոշումները՝ փաստելով, որ այս հարցի վերաբերյալ ԳԽ նախորդ քննարկումից հետո վերանայվել ու ներկայացվում են այն կրթաթոշակառուների տվյալները, որոնք չէին համապատասխանում առաջադրված չափորոշիչներին։
ԳԽ-ն, հաստատելով ներկայացված ցանկը, քննարկեց անվանական կրթաթոշակների վերաբերյալ փոփոխություններ կատարելու առաջարկները, ապա որոշեց հավաքագրել ստորաբաժանումների կարծիքներն ու վերլուծել դրանք։
Այնուհետև ԵՊՀ գիտական խորհրդի որակի ապահովման մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Սահակյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց մագիստրոսական կրթական նոր ծրագրեր և գործող ծրագրերի տևողության փոփոխությունները։ Մասնավորապես առաջարկվում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետում ներդնել «Հեռուստալրագրություն», Սոցիոլոգիայի ֆակուլտետում՝ «Հանրային քաղաքականության հետազոտություններ», իսկ Իրավագիտության ֆակուլտետում՝ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրերը։
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի տևողությունը երկու տարվա փոխարեն դարձնել մեկ, իսկ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Միջազգային գործարար հաղորդակցման լեզվամշակույթ» ծրագրի տևողությունը՝ երկու տարվա փոխարեն՝ մեկուկես տարի։ Գիտական խորհուրդը հաստատեց մագիստրոսական կրթական նոր ծրագրերը և առաջարկվող փոփոխությունները։
Անցնելով օրակարգային հաջորդ հարցերին՝ ԵՊՀ գիտական խորհուրդը երաշխավորեց ԵՊՀ հրատարակչության առաջադրած չափորոշիչներին համապատասխանող «Արևելագիտության հարցեր» և «Գիտական Արցախ» հանդեսները։
Ընթացիկ հարցերի շրջանակում ԵՊՀ գիտական խորհուրդը բարձրաձայնեց ու քննարկեց մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ինչպես կրթական գործընթացին, այնպես էլ իրավական կարգավորումներին ու ընթացիկ աշխատանքներին։