- Գլխավոր
- Նորություններ
- «Պատմության ֆակուլտետը մշակութային երկխոսությունների հարթակ է». Քրիստինե Կարապետյան
Հունիս 02, 2023 | 15:42
Կրթություն
Մրցույթներ
Ուսանողական
«Պատմության ֆակուլտետը մշակութային երկխոսությունների հարթակ է». Քրիստինե Կարապետյան
«ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթողներից է պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Քրիստինե Կարապետյանը: Քրիստինեի հետ զրույցում անդրադարձել ենք ֆակուլտետի ընձեռած հնարավորություններին, բացահայտել նրա գիտական ուսումնասիրությունների հիմնական թեմատիկան և նշյալ հաղթանակի դերը նրա ապագա ծրագրերում։
- Քրիստինե՛, այս տարի ավարտեցիք ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ Արդյոք արդարացել են այն ակնկալիքները, որ ունեցել եք նախքան համալսարան ընդունվելը։
- Այո՛, լիովին արդարացել են։ Ֆակուլտետում ձեռք եմ բերել գիտելիքներ հատկապես տարբեր ժամանակաշրջանների ուշագրավ իրադարձությունների, պատմական դեմքերի և դեպքերի, տարբեր ժամանակների մարդկանց ապրելակերպի ու կրոնական հավատալիքների մասին: Այս ամենի շնորհիվ ընդլայնվել է մտահորիզոնս, ձևավորվել է քննադատական-վերլուծական մտածողություն:
- Ուսումնառությանը զուգահեռ՝ վարել եք ուսանողական ակտիվ կյանք՝ ներգրավվելով ինչպես համալսարանական, այնպես էլ արտահամալսարանական տարաբնույթ միջոցառումներում։ Կանդրադառնա՞ք դրան:
- Ուսանողական տարիներին ցուցաբերել եմ գիտական և հասարակական բարձր ակտիվություն. մասնակցել եմ տարբեր ձևաչափերով մրցույթների, գիտաժողովների, արտահամալսարանական դասընթացների, ներգրավվել կամավորական մի շարք ծրագրերում: Առանձնակի կարևորում եմ ԱՄՆ Պետքարտուղարության և Կառավարության կողմից ֆինանսավորվող դասընթացը, Ասիական զարգացման բանկի կազմակերպած «Բարձրագույն կրթության ֆինանսավորման և քաղաքականության վերաիմաստավորումը փոփոխվող աշխարհում» խորագրով դասընթացը, ինչպես նաև ՄԱԿ-ի մարդասիրական, քաղաքացիական օրենքի գերակայության, կոնֆլիկտների վերլուծության կուրսերը: Այժմ «Եվրամիության երիտասարդ դեսպան» նախաձեռնության անդամ եմ, ինչի շնորհիվ մասնակից եմ դառնում հասարակության շրջանում քաղաքացիական ակտիվության բարձրացման գործին:
- Թվարկված ծրագրերից շատերը միջազգային են: Հատկապես Ձեր մասնագիտության պարագայում ո՞րն է տարբեր երկրների բուհերի միջև համագործակցության կարևորությունը: Ըստ Ձեզ՝ այս գործում ինչպիսի՞ դերակատարում ունի ֆակուլտետը:
- Ֆակուլտետը միջազգային գիտակրթական տարբեր հաստատությունների հետ գործակցային սերտ կապեր ունի, ինչը հնարավորություն է տալիս աշխարհի մի շարք երկրների կրթական կենտրոններում ներկայացնելու մեր երկրի պատմությունը և կանխելու պատմական տարատեսակ կեղծարարություններ: Տարբեր երկրների բուհերի միջև կապերի ամրապնդմանը նպաստում են նաև փոխանակման ծրագրերը: Այդպիսի ծրագրերի շրջանակում ԵՊՀ ուսանողները կրթություն են ստանում արտասահմանյան հեղինակավոր բուհերում, իսկ ԵՊՀ պատմության ֆակուլտետում նույն ծրագրի շրջանակում շարունակաբար կրթություն են ստանում Իտալիայի, Պորտուգալիայի, Չինաստանի, Չեխիայի, Ռուսաստանի, Գերմանիայի համալսարանների մի շարք ուսանողներ, որոնք առավելապես հետաքրքրված են միջնադարյան հայոց պատմությամբ:
- Ինչպես Ձեր խոսքում նշեցիք, փոխանակման ծրագրերով աշխարհի առաջատար համալսարաններից ԵՊՀ ուսումնառելու են գալիս մի շարք ուսանողներ: Լինելով ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ՝ արդյոք նախաձեռնել եք այնպիսի միջոցառումներ, որոնցում ներգրավվել են նաև նրանք:
- Այո՛: Ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության գլխավոր և առաջնային նպատակներից է զարգացնել ուսանողների, այդ թվում՝ ԵՊՀ-ում ուսումը շարունակող օտարերկրյա ուսանողների գիտական մտածողությունը: Հաճախ կազմակերպվում են նրանց մասնակցությամբ հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են գիտակրթական տարաբնույթ հարցեր։ Այդ քննարկումները գիտական համատեղ աշխատանքներ կատարելու հիմք են դարձել: Այս առումով պատմության ֆակուլտետը մշակութային երկխոսությունների հարթակ է։
- Հեղինակե՞լ եք գիտական հոդվածներ: Եթե այո՛, ի՞նչ թեմատիկ ընդգրկում ունեն դրանք:
- Ուսանողական կյանքի մեկնարկի օրից համալսարանական միջավայրն ինձ ոգեշնչել է հեղինակելու գիտական հոդվածներ: Այսօր, երբ գիտության բնագավառում արդեն կատարել եմ առաջին քայլերս, հպարտությամբ եմ խոսում այդ փոքր ձեռքբերումների մասին: Հեղինակածս հոդվածներում փորձ եմ կատարել ուսումնասիրելու համաշխարհային պատմության վաղմիջնադարյան շրջանը, ներկայացրել հռոմեական կայսրերի կառավարական, օրենսդրական բարեփոխումները և փորձել վերհանել դրանց ունեցած ազդեցությունը այժմյան դիվանագիտության վրա։ Նախատեսում եմ հետագայում ևս այս ուղղությամբ հետազոտական աշխատանքներ կատարել, քանի որ մտադիր եմ ուսումս շարունակել պատմության ֆակուլտետի «Համաշխարհային պատմություն» մագիստրոսական ծրագրում։
- Ավարտական կուրսում «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթում հաղթանակ գրանցելը ի՞նչ նշանակություն ունեցավ Ձեզ համար:
- ԵՊՀ շատ շրջանավարտներ գրանցում են այնպիսի հաջողություններ, որոնց շնորհիվ բարձր են պահում բուհի և երկրի անունը: Նրանց հաջողության պատմությունները ոգեշնչում են հավատալու, որ մեծ հաղթանակների հասնում են փոքր քայլերով։ Լիահույս եմ՝ այս հաղթանակս կդառնա նորանոր հաջողություններ գրանցելու գրավական: