- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում տրվեց գիտակրթական երկօրյա համաժողովի մեկնարկը
Հունիս 14, 2023 | 12:00
Գիտություն
Կրթություն
ԵՊՀ-ում տրվեց գիտակրթական երկօրյա համաժողովի մեկնարկը
Հունիսի 13-14-ը ԵՊՀ-ում և Հայ-ռուսական համալսարանում անցկացվում է «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը՝ տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» խորագրով հայ-ռուսական գիտակրթական երկօրյա համաժողովը, որի նպատակն է զարգացնել և ամրապնդել Հայաստանի և Ռուսաստանի բուհերի միջև գիտակրթական կապը։
Համաժողովի շրջանակում երկու երկրների առաջատար բուհերի և գիտական հաստատությունների շուրջ 200 պատվիրակներ մասնակցում են պլենար քննարկումների, տարբեր խորագրերով հանդիպումների, հանդես են գալիս զեկուցումներով և նախանշում Հայաստանի և Ռուսաստանի բուհերի միջև գիտակրթական կապն ընդարձակելու ուղիները։
Համաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով կազմակերպված միջոցառման կարևորությանը, երկու երկրների բուհերի միջև համագործակցության նոր հեռանկարներին և գիտության ու կրթության ոլորտում ուղենշվող բարեփոխումներին, ասաց․ «Բուհերի միջև միջազգային համագործակցությունն այսօր ներառում է նոր ոլորտներ. զարգանում ու կատարելագործվում են ոլորտի հիմնախնդիրները լուծելու նոր ուղիներ՝ պահպանելով մեր առաջնահերթություններն ու հիմնական սկզբունքները։ Միևնույն ժամանակ՝ այսօր անհրաժեշտություն կա ամրապնդելու գիտական նախագծերի ու կրթական ծրագրերի համատեղ մշակմամբ ու իրականացմամբ միջազգային համագործակցությունը, ինչը պետք է իրականացվի ակադեմիական շարժունության ընդլայնման և կրթության որակի կառավարման համակարգերի զարգացման միջոցով»։
Շարունակելով խոսքը՝ Հ․ Հովհաննիսյանն առանձնակի շեշտեց ԵՊՀ-ի համար բարձրագույն կրթության որակի ապահովման, գրավչության և մրցունակության համատեքստում գործընկեր կրթական հաստատությունների, այդ թվում՝ ռուսաստանյան բուհերի հետ գործակցության ամրապնդումը։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով կրթության որակի ապահովման և երկու երկրների գիտակրթական ներուժի զարգացման պատասխանատուների և մասնագետների նախաձեռնությունը, նշեց. «Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ևս մեկ անգամ քննարկելու համագործակցության հեռանկարները և ոլորտում առկա խնդիրները: Հուսով եմ՝ այս երկու օրերի ընթացքում կկարողանանք նախանշել համագործակցության նոր ծրագրեր: Ժամանակակից մարտահրավերներն ամբողջ աշխարհում ավելի են ընդգծում կրթության և գիտության հիմնախնդիրները, քանի որ դրանք հաճախ նաև համարվում են տնտեսության արդիականացման հիմնական շարժիչ ուժը։ Գիտության և կրթության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ արձանագրելով նորանոր նվաճումներ»:
ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին հույս հայտնեց, որ համաժողովը նոր սկիզբ կդնի Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցային նոր կապերին։
«Հայերեն «բարեկամություն» բառն ամբողջովին արտացոլում է մեր երկրների միջև փոխադարձ կապն ու համագործակցությունը։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս համաժողովի կազմակերպման գործում: Վստահ եմ՝ ունենալու ենք արդյունավետ երկխոսություն․ քննարկելու ենք կրթության ու գիտության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հարցեր, այդ թվում՝ ուսանողների փոխանակման, գիտահետազոտական ծրագրերի իրականացման առնչությամբ: 34 բարձրագույն ուսումնական հաստատության և 21 գիտական կենտրոնի բազմաթիվ ներկայացուցիչներ այստեղ են՝ հայ գործընկերների հետ խոսելու համատեղ նախագծերի և գործակցության շարունակականության ապահովման մասին»,- ընդգծեց Կոնստանտին Մոգիլևսկին։
Ռուսաստանի ռեկտորների միության նախագահ, Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Վիկտոր Անտոնի Սադովնիչին խոսեց հայ-ռուսական համագործակցության շրջանակում իրականացված գիտակրթական համատեղ աշխատանքների էականության և ապագայում սպասվող նախագծերի մասին:
«Անցյալ ամսվա վերջում հանդիպում ունեցանք ԵՊՀ ռեկտորի հետ և քննարկեցինք մեր համալսարանների համագործակցության շրջանակի ընդլայնման հնարավորությունները: Այսօր ուրախ ենք ԵՊՀ-ում երկկողմ հուշագիր կնքելու կապակցությամբ և մեծ սիրով կընդունենք բոլոր այն առաջարկները, որոնք միտված կլինեն կրթության և գիտության զարգացմանը»,- նշեց Վ․ Ա․ Սադովնիչին և հավելեց․ «Հայ-ռուսական գիտակրթական հաջորդ համաժողովը կանցկացվի Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում»:
Համաժողովի շրջանակում կազմակերպվել էր նաև Հայաստանի և Ռուսաստանի տարբեր համալսարանների ռեկտորների միջև երկկողմ բանակցություն, որի ժամանակ նրանք քննարկել են համագործակցային կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ գիտությունների ազգային ակադեմիաների երիտասարդ գիտնականների խորհրդի նիստ։
Համաժողովի առաջին օրվա ավարտին ՀՀ և ՌԴ բուհերի միջև ստորագրվել են համագործակցության փաստաթղթեր․ գիտակրթական համագործակցության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի միջև կնքվել է հուշագիր՝ իրավականորեն արձանագրելով երկու երկրների միջև բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու ապագա ծրագրերը։
Այսօր անցկացվում են լիագումար և նստաշրջանների ձևաչափով հանդիպումներ՝ «Գիտության ոլորտում համագործակցության առաջնահերթ ոլորտներ», «Կրթությունը՝ որպես Ռուսաստանի և Հայաստանի միջև կայուն համագործակցության գործոն», «Միջին մասնագիտական կրթության համակարգի զարգացում. երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները», «Նորարարական համագործակցությունը՝ որպես տնտեսության արդիականացման գործոն», «Ռուսաստանի Դաշնության տարածքում հայոց լեզվի ուսումնասիրման և Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաց լեզվի ուսումնասիրման համար բարենպաստ պայմանների ստեղծում», «Ռուսաստանի և Հայաստանի միջև գիտական համագործակցության վեկտորները՝ Ռուսաստանի գիտության տեղեկատվական կենտրոնի և ՀՀ գիտության կոմիտեի փորձի օրինակով» խորագրերով:
Նշենք, որ Հայ-ռուսական համաժողովը կրթության և գիտության ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված Ռուսաստանի՝ ռեկտորների միության պլանավորած աշխատանքների մի մասն է: 2000 թվականից ի վեր՝ Ռուսաստանի ռեկտորների միության հովանու ներքո անցկացվել է ավելի քան 80 համաժողով՝ Ռուսաստանի և արտասահմանյան բուհերի ավելի քան 6000 ռեկտորների մասնակցությամբ։
Տեսանյութը՝ այստեղ: