- Գլխավոր
- Նորություններ
- «Ռազմավարական պլանավորում»․ վերապատրաստական դասընթաց ԵՊՀ-ում
Հուլիս 12, 2023 | 10:24
Գործընկերներ
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
«Ռազմավարական պլանավորում»․ վերապատրաստական դասընթաց ԵՊՀ-ում
Համալսարանում անցկացված վերապատրաստական եռօրյա դասընթացի նպատակն էր զարգացնել ՀՀ պետական կառավարման մարմիններում ռազմավարական պլանավորում իրականացնողների և քաղաքականություն մշակողների կարողություններն ու հմտությունները:
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի և ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների գրասենյակի գործակցության շրջանակում կազմակերպված «Ռազմավարական պլանավորում» խորագրով դասընթացը նախատեսված էր ղեկավար ու մասնագիտական պաշտոններ զբաղեցնող քաղծառայողների համար։
Վերապատրաստումների անցկացումը ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեության կարևոր բաղկացուցիչներից է: Կենտրոնը տեղական ու միջազգային փորձագետների և դասախոսների ներգրավմամբ վերապատրաստումներ է անցկացնում ոչ միայն քաղաքացիական ծառայողների, այլև պրոբացիայի ու քրեակատարողական ծառայողների համար՝ նպաստելով նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը:
Կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Միրզոյանը, կարևորելով ռազմավարական պլանավորմանն առնչվող վերապատրաստումը, փաստեց, որ այն իրականացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի առաջադրած ընդհանուր պահանջներին համահունչ:
«Դասընթացներին մասնակիցներին ներկայացվել է, թե ինչպես պլանավորել պետության ռազմավարական զարգացման ծրագրերի նախագծերը, կատարել մշտադիտարկում, գնահատում և այլն: Այս գիտելիքներն ու հմտությունները հնարավորություն են տալու նրանց ստանալու ցանկալի վերջնարդյունքը»,- ընդգծեց Լ. Միրզոյանը:
Ռազմավարական պլանավորման ավագ խորհրդատու, հանրային քաղաքականության C- դասի և թվային փոխակերպումների մենեջեր, տ.գ.թ. Անետա Բաբայանը, խոսելով դասընթացի անցկացման անհրաժեշտությունից, նշեց, որ ինչպես ցանկացած կազմակերպության, այնպես էլ պետության համար խիստ կարևոր նշանակություն ունեն ռազմավարական պլանավորումն ու քաղաքականության մշակումը, քանի որ պետության զարգացումն էականորեն կախված է նաև դրանցից:
Արժևորելով այս դասընթացը Երևանի պետական համալսարանի հետ գործակցությամբ անցկացնելը՝ Ա. Բաբայանը փաստեց. «Համալսարանի հետ համագործակցելը ոչ միայն պատիվ ու պատասխանատվություն է, այլև մեծ հնարավորություն՝ այսօրինակ վերապատրաստումները ոչ ֆորմալ միջավայրում իրականացնելու, ինչպես նաև այստեղ առկա գիտական մեծ ներուժը տեսանելի դարձնելու: Բացի դրանից՝ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնն ունի միջազգային բազմաթիվ գործընկերներ, ինչը հնարավորություն է տալիս ռազմավարական պլանավորումը դիտարկելու որպես գիտակարգ և իր շուրջը համախմբելու միջազգային ճանաչում ունեցող մասնագետներին՝ նպաստելով համալսարանի միջազգայնացմանը»:
Նշենք, որ երկրորդ խմբի մասնակիցների համար վերապատրաստական դասընթացն անցկացվելու է հուլիսի 17-19-ը։