- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները երգի միջազգային մրցույթից վերադարձել են կրկին հաղթանակած
Հուլիս 13, 2023 | 12:34
Մշակույթ
Մրցույթներ
Շրջանավարտներ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները երգի միջազգային մրցույթից վերադարձել են կրկին հաղթանակած
«Բալթիկ վոյս» երգի միջազգային ամենամյա մրցույթում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաներ Գայանե Թադևոսյանը և Քրիստինա Դանոյանը զբաղեցրել են առաջին հորիզոնականը՝ գրանցելով հավասար արդյունքներ:
Արդեն 11 տարի Լատվիայում անցկացվող մրցույթին այս տարի մասնակցել են 125 կատարողներ 16 երկրներից՝ Էստոնիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Սլովակիայից, Իսրայելից, Մալթայից և այլն:
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները մրցույթին մասնակցում էին 3-րդ անգամ: Կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մասնակցության 1-ին իսկ տարում արժանացել են Գրան պրի մրցանակի՝ դրանով հիմք դնելով հետագա հաղթանակներին և հետաքրքրությանը Հայաստանի նկատմամբ, իսկ ինքը ստացել է առաջարկ՝ դառնալու միջազգային մրցույթի ժյուրիի անդամ և մինչև օրս էլ շարունակում է մնալ ժյուրիի կազմում՝ իրավունք չունենալով քվեարկելու ՀՀ մասնակիցների օգտին:
Անդրադառնալով կենտրոնի սաների ելույթներից ժյուրիի ստացած տպավորություններին՝ Կարինե Դավթյանը նշեց. «Ժյուրիին տպավորել էին ոչ միայն մեր մասնակիցների վոկալային տվյալները, երգերի ընտրությունն ու կատարումները, այլև ընդհանուր կերպարը, արտաքին տեսքը, բեմադրությունները: Նրանք նշեցին, որ մենք բարձրացրել ենք այս մրցույթի նշաձողը, ինչը շատ պարտավորեցնող ու հաճելի գնահատական է, քանի որ մենք անում ենք առավելագույնը մեր երկրի, ԵՊՀ-ի և կենտրոնի անունը բարձր պահելու համար»:
Կարինե Դավթյանն ընդգծեց, որ այս մրցանակներն ու հաջողությունները լուրջ հաղթանակ են նաև Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի համար, քանի որ հենց կենտրոնում են սաները սկսել զբաղվել պրոֆեսիոնալ երգով:
25 տարեկանից բարձր տարիքային խմբում 1-ին հորիզոնականն զբաղեցրած Գայանե Թադևոսյանը մրցույթի 1-ին փուլում ներկայացրել է իր հեղինակային «Ես կգամ» երգը (որը գործիքավորել և մշակել է անձամբ, ինչպես նաև երգի համար պատրաստել է ֆոնային տեսանյութ), իսկ 2-րդ փուլում՝ «The Phanton of the Opera» երգը:
Գայանեն մեզ հետ զրույցում ընդգծեց, որ սա երգի առաջին մրցույթն էր, որին մասնակցում էր արտերկրում, և շատ պարտավորեցնող էր տարիներ անց Երևանի պետական համալսարանը կրկին ներկայացնելը:
Կարևորելով ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դերակատարումը երգի ասպարեզում իր ունեցած հաջողություններում՝ ԵՊՀ շրջանավարտ Գայանեն նշեց. «Մշակույթի կենտրոնի սան եմ ուսանողական տարիներից, և հենց այստեղ եմ կատարել իմ առաջին քայլերը պրոֆեսիոնալ երգի ասպարեզում: Վստահ եմ՝ մեր ամուր կապը կլինի հավերժ»:
Քրիստինա Դանոյանը ևս գրավել է 1-ին հորիզոնականը 25 տարեկանից բարձր տարիքային խմբում: Նա ներկայացրել է Արամ Սաթյանի «Սերն անցավ» և Մադոննայի «La Isla Bonita» ստեղծագործությունները:
Անդրադառնալով Երևանի պետական համալսարանի, մասնավորապես ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դերակատարմանն իր կյանքում՝ Քրիստինան շեշտեց. «Մշակույթի կենտրոնի ներդրումն իմ երաժշտական կյանքում շատ մեծ է: Այստեղ ճանաչել եմ ինքս ինձ՝ հասկանալով, որ կարող եմ բեմում շատ ազատ երգել, մասնակցել միջազգային մրցույթների, գրանցել հաղթանակներ և ձգտել ավելիին»:
Նշենք, որ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները տարիներ շարունակ մասնակցում են հանրապետական, միջազգային, միջբուհական և բազմաթիվ այլ մրցույթների և ամենուրեք բարձր են պահում Երևանի պետական համալսարանի անունն ու պատիվը: