- Գլխավոր
- Նորություններ
- Համալսարանը որպես Իրանը բացահայտելու յուրօրինակ միջավայր. պատմել է Մարիամ Զազյանը
Հուլիս 21, 2023 | 11:14
Կրթություն
Մրցույթներ
Ուսանողական
Համալսարանը որպես Իրանը բացահայտելու յուրօրինակ միջավայր. պատմել է Մարիամ Զազյանը
«ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթող Մարիամ Զազյանի հետ զրույցը հուշում է, որ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնում սովորելը հարևան երկիրը ճանաչելու լավագույն տարբերակներից է:
Մեր զրույցն սկսվեց պարսկերեն «բարև»-ով և շարունակվեց հայերենով...
Մարիամին մասնագիտության ընտրության հարցում ոգեշնչել է հայ բանաստեղծի կենսագործունեությունը:
«Դպրոցում գրականության դասին, երբ ուսումնասիրում էինք Վահան Տերյանի կյանքն ու ստեղծագործությունը, իմացա, որ մեծ պոետը լավագույնս տիրապետել է նաև պարսկերենին: Վերջին իրողությունն ինձ միանգամից գրավեց և կարծես մղեց, որ ես էլ ուսումնասիրեմ այդ յուրօրինակ լեզուն ու բացահայտեմ պարսից մշակույթը, ուստի նպատակ սահմանեցի ուսանելու Երևանի պետական համալսարանում և այն դարձրի իրականություն»,- ասում է Մարիամը:
Ընդունվելով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ և ուսումնասիրելով իրանական ժողովուրդների պատմությունը, լեզուները, գրականությունը, կրոնը, արվեստն ու մշակույթը՝ Մարիամը ձեռք է բերել համընդգրկուն գիտելիքներ և ունեցել բազում ձեռքբերումներ: Ասվածի վառ օրինակներ են «Ոսկի սերմեր. հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրում, ինչպես նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի կազմակերպած ասմունքի մրցույթում ունեցած հաղթանակաները։
Հարցին, թե որն է մասնագիտական հաջողությունների գաղտնիքը, Մարիամը պարսկերենով մի արտահայտություն է ասում, հետո միանգամից նշում դրա հայերեն տարբերակը՝ «Ամենալավը ամենամեծ տանջանքի գնով ես ձեռք բերում»: Ասում է՝ արտահայտությունն իր համար դարձել է կյանքի կարգախոս:
«Կարգախոսս ենթադրում է անդադար կրթվել և չսահմանափակվել միայն նեղ մասնագիտական ոլորտով: Ըստ էության, այս մտայնությամբ առաջնորդվել ոչ միայն ինձ, այլև ֆակուլտետի մի շարք ուսանողների սովորեցրել է Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: Նա մեզ մշտապես հորդորում է օգտվել համալսարանի ընձեռած լայն հնարավորություններից և ստանալ պատշաճ կրթություն, բայց չմոռանալ նաև ինքնակրթվելու, կրթությունը լայն իմաստով հասկանալու և ուժերը տարբեր բնագավառներում փորձելու մասին»,- պատմում է Մարիամը:
Մարիամը գիտակրթական ոլորտում և պրակտիկայում գրանցել է մի շարք հաջողություններ, որոնք փաստում են, որ, հավատարիմ մնալով իր կարգախոսին, չի սահմանափակվել պարսկերենը որպես սոսկ լեզու ուսումնասիրելով. նա կատարել է նաև իրանական լեզվաբանության, Իրանի էթնիկ խմբերի ազգաբանության և պարսից գրականության վերաբերյալ գիտական հետազոտություններ, լայն լսարանին ներկայացրել «Կովկասյան պարսկերենի (թաթերենի) Սուրախանիի խոսվածքը» վերտառությամբ գիտական հոդվածը:
Բացի դրանից, իրանցի հետազոտող-գործարարի շնորհիվ զարգացնելով ընդհանուր բիզնես ղեկավարման և շուկայագիտության գիտելիքները՝ Մարիամը վերջինից ստացել է աշխատանքի առաջարկ, և այժմ իր ուժերն է փորձում նաև այդ ոլորտում։
Ասում է` գործատուի հետ համագործակցելը նպաստել է ոչ միայն իր մասնագիտական աճին, այլև հիմք դարձել սահմանելու նոր նպատակներ։
«Ֆակուլտետում սովորելու ընթացքում տարաբնույթ նախաձեռնությունների շրջանակում հնարավորություն եմ ունեցել շփվելու լեզվակիրների հետ, իսկ այսօր ստացածս գիտելիքների շնորհիվ կարողանում եմ նաև գործակցել վերջիններիս հետ: Նրանց հետ սերտ կապը հիմք է դարձել սահմանելու մի նոր նպատակ, այն է՝ համալրել հարևան երկրի հետ հարաբերությունների ամրապնդմանը նպաստող իրանագետների շարքերը: Կարծում եմ՝ դա կլինի ծնողներիս, համալսարանին և հայրենիքին շնորհակալ լինելու լավագույն տարբերակը»,- ժպիտով նշում է Մարիամը:
Իրանի մասին խոսելիս նրա ունեցած ոգևորությունը հուշում է, որ սահմանած նպատակն անկասկած իրականություն է դառնալու, բայց այժմ ժամանակն է հարցազրույցին մասնակցելու համար նրան շնորհակալություն հայտնել՝ կրկին պարսկերենով։