- Գլխավոր
- Նորություններ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ուսանողը ուսումնական պրակտիկա է անցնում ԵՊՀ-ում
Հուլիս 25, 2023 | 12:43
Կամավորություն, պրակտիկա և փորձնակություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ուսանողը ուսումնական պրակտիկա է անցնում ԵՊՀ-ում
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կենսաբանության բաժնի ուսանող Սիմդի Օկորոաֆորը MIT-Eurasia ծրագրի շրջանակում ամառային երկամսյա պրակտիկան անցնում է ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում:
Համալսարանի ընտրության, պրակտիկայի ընթացքում ձեռք բերած հմտությունների, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ ունեցած պատկերացումների ու տպավորությունների մասին պատմել է ինքը՝ Սիմդին․․․
Պրակտիկայի համար ընտրել եմ Երևանի պետական համալսարանը, քանի որ...
MIT-Eurasia ծրագրի նպատակն է կազմակերպել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողների պրակտիկան ու հետազոտությունները, ինչպես նաև ստեղծել հնարավորություն դասավանդելու Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տեղական ու միջազգային ընկերություններում, համալսարաններում, գիտահետազոտական ինստիտուտներում, հասարակական կազմակերպություններում և այլուր:
Թեև պրակտիկան պարտադիր չէր, այնուամենայնիվ ես ցանկանում էի զարգացնել գործնական հմտություններս, ուստի որոշեցի դիմել այս ծրագրին: Պրակտիկայի հնարավոր տարբերակներն ինձ համար շատ էին, բայց ընտրեցի Երևանի պետական համալսարանը, քանի որ ինձ շատ էր հետաքրքրում ԵՊՀ-ում անցկացվող պրակտիկայի ծրագիրը: Բացի դրանից, կարծում էի՝ հետաքրքիր կլինի հանդիպել իմ հասակակից ուսանողներին, որոնք հետաքրքրված են գիտության այն բնագավառներով, որոնք իմ ուսումնասիրության տիրույթում են, և չսխալվեցի:
ԵՊՀ-ում պրակտիկայի և Աննա Փոլադյանի հետ աշխատանքի գլխավոր ձեռքբերումներն են գիտելիքն ու փորձառությունը...
«Օրգանական թափոնների մշակում՝ արժեքավոր նյութեր արտադրելու համար» թեմայով պրակտիկաս ղեկավարում է ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կ.գ.դ., դոցենտ Աննա Փոլադյանը:
Պրակտիկայի սկզբում Աննա Փոլադյանն ինձ համար անցկացրել է անհատական դասախոսություններ՝ հաղորդելով տեսական գիտելիքներ մանրէների խմորման, խմորման տեսակների, անթթվածին-թթվածնային շնչառության, դրանց տարբերությունների, մանրէներում ածխաջրերի յուրացման և մոլեկուլային ջրածնի ստացման վերաբերյալ, ապա հանձնարարվել է կատարել կաթնամթերքի արտադրության թափոնների նախամշակում, աղիքային ցուպիկի կուլտիվացում, մոլեկուլային ջրածնի ստացում, կենսաէներգետիկական պարամետրերի որոշում:
Երկամսյա պրակտիկայի ընթացքում ծանոթացել եմ ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում ներդրված մանրէաբանական, կենսաքիմիական և օրգանական թափոնների մշակման մեթոդներին, ինչպես նաև մանրէաբանական կենսազանգվածի և արժեքավոր արտադրանքի (ֆերմենտներ, կենսաջրածին և այլն) ստացման անալիտիկ և կենսաքիմիական մեթոդներին:
Պրակտիկայի ընթացքում արդեն իսկ ստացել եմ բազմաթիվ գիտելիքներ և գրանցել հետազոտության հաջող արդյունքներ, ինչն իրականանում է Երևանի պետական համալսարանի հագեցած տեխնիկական սարքավորումների և հնարավորությունների շնորհիվ, իսկ Աննա Փոլադյանի հետ աշխատանքը լավագույն փորձառությունն էր ինձ համար: Նա շատ ընկերական ու ջերմ է՝ պատրաստակամ օգնելու և աջակցելու ցանկացած իրավիճակում:
Պրակտիկան ստեղծել է նոր հնարավորություններ․․․
Բացի մասնագիտական գիտելիքներից ու հմտություններից՝ ձեռք եմ բերել նոր ընկերներ ու ծանոթություններ: Ծրագրին մասնակցությունը հրաշալի հնարավորություն է ոչ միայն ԵՊՀ-ի մի մասը դառնալու, այլև առավել անմիջականորեն ծանոթանալու Հայաստանին, որը բացահայտել եմ յուրովի:
Այն ամենը, ինչը չէի իմանա Հայաստանի մասին, եթե եկած չլինեի...
Ես իսկապես վայելում եմ Հայաստանում անցկացրածս ժամանակը: Երևանից բացի՝ եղել եմ նաև Գյումրիում, որտեղ նշել եմ Վարդավառն իմ ընկերների հետ, ինչպես նաև Գառնիում, Գեղարդում, Հառիճավանքում և այլուր:
Շատ եմ հավանել հայկական խոհանոցը, ընկերական ու բարեհամբույր մարդկանց, արևային եղանակը, հայկական եկեղեցիներն ու բնաշխարհը և հատկապես հայոց լեռները:
Մինչև գալս շատ քիչ տեղեկություններ ունեի երկրի մասին, գիտեի տեղակայման մոտավոր տարածքը, պատմության ու մշակույթի որոշ դրվագներ, սակայն սեփական փորձառության շնորհիվ զգացածն ու տեսածն անգնահատելի են ու անմոռանալի: Հուսով եմ՝ կյանքի ուղիները ապագայում ինձ կրկին կբերեն Հայաստան:
Հիշեցնենք, որ MIT-Eurasia ծրագրի շրջանակում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի երեք ուսանողներ ԵՊՀ-ում դասավանդել են և անցկացրել սեմինարներ։
Ուսանողների այցի մասին տեսանյութը՝ այստեղ։