- Գլխավոր
- Նորություններ
- «Քիմիայի միջազգային օլիմպիադայում մեր գրանցած հաղթանակում նշանակալի ներդրում է ունեցել ԵՊՀ-ն»․ Լեոնիդ Ասատրյան
Հուլիս 25, 2023 | 21:18
Գիտություն
Կրթություն
Մրցույթներ
«Քիմիայի միջազգային օլիմպիադայում մեր գրանցած հաղթանակում նշանակալի ներդրում է ունեցել ԵՊՀ-ն»․ Լեոնիդ Ասատրյան
Ցյուրիխում անցկացված Քիմիայի միջազգային 55-րդ օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ: Օլիմպիադայում հաղթած աշակերտներից երկուսն այս ուստարվանից կհամալրեն ԵՊՀ ուսանողների շարքերը։
Հայաստանի թիմի մասնակիցներից ոսկե մեդալի է արժանացել Քվանտ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանը, բրոնզե մեդալների՝ Գյումրու Ֆոտոն վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրի՝ Քվանտ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Յուրի Պետրոսյանը։
Լեոնիդն ու Տիգրանը բուհի ընտրության հարցում համակարծիք են․ ԵՊՀ-ն է այն մեկնակետը, որտեղից սկսել են իրենց հաղթանակների ճանապարհը և որտեղ շարունակելու են զարգացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։
Լեոնիդը պատմում է, որ դեռևս օլիմպիադայի նախապատրաստական փուլում ինքն արդեն կողմնորոշվել էր մասնագիտության ընտրության հարցում։ Ոսկե մեդալի դափնեկիրը մասնավորապես հետաքրքրված է արդյունաբերական քիմիայի բնագավառով, և նրա կարծիքով՝ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետն այն լավագույն ընտրությունն է, որտեղ հնարավոր է ստանալ նեղ մասնագիտական որակյալ կրթություն՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանում տվյալ գիտաճյուղի զարգացմանը։
«Օլիմպիադան կազմակերպված էր շատ բարձր մակարդակով, և առաջադրված խնդիրներն էլ շատ բարդ էին ու պահանջում էին խորքային գիտելիքներ։ Մեր բարձր պատրաստվածությունը հնարավորություն տվեց դրանք հաղթահարելու։ Քիմիայի միջազգային օլիմպիադայում մեր գրանցած հաղթանակում նշանակալի ներդրում ունեցավ ԵՊՀ-ն․ համալսարանում անցկացրել ենք և՛ տեսական և՛ գործնական պարապմունքներ, որովհետև օլիմպիադան, բացի տեսական փուլից, ունի նաև շատ կարևոր՝ գործնական փուլ։ Այդ փուլում ստուգում են ոչ միայն տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունները, այլև աշխատելաոճը և այսպես կոչված՝ տեխնիկան, որը հնարավոր է զարգացնել միայն լաբորատորիայում աշխատելով։ ԵՊՀ-ն հնարավորություն տվեց ամբողջ թիմին պարբերաբար գիտափորձեր կատարելու, զարգացնելու և կատարելագործելու մեր գործնական հմտությունները, ինչի շնորհիվ նաև գրանցեցինք այսպիսի լավագույն արդյունք»,- ասում է նա՝ ընդգծելով ԵՊՀ-ի՝ միջազգային մրցույթում գրանցած հաղթանակում ունեցած նշանակալի դերը։
«Հաղթանակի հարցում մեծ ներդրում են ունեցել հատկապես թիմի ղեկավարները, որոնց հետ շփվելով՝ ավելի վստահ քայլերով ես առաջ գնում և մասնագիտական ուղիդ կապում նաև նրանց հետ»,- հավելում է Լեոնիդը։
Օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող թիմը ղեկավարել են Արմեն Գալստյանը՝ ԵՊՀ-ից և Անդրանիկ Դավինյանը՝ ՀՀ ԳԱԱ-ից։
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, ք․գ․թ․ Արմեն Գալստյանն արդեն քանի տարի է ղեկավարում է Հայաստանը Քիմիայի միջազգային օլիմպիադայում ներկայացնող թիմերը։ Մեզ հետ զրույցում նա առանձնակի մատնանշում է այս տարի մեր երկիրը ներկայացնող թիմի նվաճած ոսկե մեդալը, քանի որ այն առաջինն էր։ Նախորդ տարիներին նույնպես մեր թիմերը վերադարձել են մեդալներով ու պարգևներով, սակայն ոսկե մեդալի նվաճումը առավել պարտավորեցնող ու խոստումնալից է։
Անդրադառնալով օլիմպիադայի նախապատրաստական ընթացքին՝ Ա․ Գալստյանը նշում է․ «Օլիմպիադայի հանրապետական փուլից հետո մեծ թիմով աշխատել ենք մինչ օրս։ Թիմում ընդգրկված են եղել նաև օլիմպիադայի՝ տարբեր տարիների մասնակիցներ, որոնք նույնպես գրանցել են բարձր արդյունքներ»։
ԵՊՀ գիտնականը մեծ հպարտությամբ է ընդգծում այն փաստը, որ օլիմպիադայում հաղթած աշակերտներն իրենց բարձրագույն կրթության հարցում նախապատվություն են տվել հենց Երևանի պետական համալսարանին։
«Այսպիսի գիտելիքներով օժտված աշակերտները կարող են աշխարհի ցանկացած համալսարանում կրթություն ստանալ, հետևաբար եթե ընտրել են ԵՊՀ-ն, դա ևս մեկ անգամ ընդգծում է ԵՊՀ-ի հանդեպ ունեցած վստահությունը և համալսարանի տված որակյալ ու մրցունակ կրթությունը»,- փաստում է Ա․ Գալստյանը։
Նշենք, որ Քիմիայի օլիմպիադային մասնակցել է 90 երկրի 355 ներկայացուցիչ՝ յուրաքանչյուր երկրից առավելագույնը 4 մասնակից: