- Գլխավոր
- Նորություններ
- Համալսարանականները ստեղծում են գլխուղեղի հիվանդությունների ախտորոշիչ սարքավորում
Օգոստոս 15, 2023 | 09:08
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն
Համալսարանականները ստեղծում են գլխուղեղի հիվանդությունների ախտորոշիչ սարքավորում
Մարդու ուղեղն արագագործ օրգան է, սակայն մերօրյա բժշկության մեջ չկան ախտորոշիչ սարքեր, որոնք դիտարկում են ուղեղի ակտիվությունը բարձր հաճախային տիրույթում: ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի գիտական խումբը նպատակաուղղված է լուծելու այդ խնդիրը՝ ստեղծելով ախտորոշիչ սարքավորում հիվանդությունների (մասնավորապես՝ գլխուղեղի հետ կապված) հետազոտման, ախտորոշման և բուժման համար։
«Կենսաազդանշանների մշակումը վիճակագրական վերլուծության մեթոդների կիրառմամբ» գիտական թեման ֆինանսավորում է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն: Հետազոտական խմբի ղեկավարը ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի դասախոս, ֆ.մ.գ.թ. Բաբկեն Հովհաննիսյանն է, գիտական խմբի անդամներն են նույն ինստիտուտի ասպիրանտներ Սերգեյ Խաչունցը, Տիգրան Հովհաննիսյանը և ինստիտուտի շրջանավարտ, մեքենայական ուսուցման մասնագետ Ալեքս Մկոյանը:
Աշխատանքի նպատակն է պարզել ռադիոհաճախային տիրույթի կենսաազդանշանների բնույթը և դրանց արձագանքը տարբեր արտաքին ազդեցությունների դեպքում, ինչպես՝ ֆիզիկական ակտիվություն, հոգեբանական ճնշում, սթրես և այլն:
Երկու տարի տևողությամբ գիտական թեման իրականացվում է արդեն 9 ամիս: Գիտական խումբն իր պատրաստած տվիչների օգնությամբ արդեն հաջողությամբ գրանցում է մարդու ուղեղից արձակվող մեգահերցային տիրույթի էլեկտրական ազդանշանները, մշակում և պատրաստում է մեծ զգայնությամբ օժտված աղմկակայուն սենսորներ, ստացված ազդանշանները ներմուծում է համակարգիչ և կատարում բարձր կարգի վիճակագրական վերլուծություն, ինչը հնարավորություն է տալիս հայտնաբերելու ուղեղի տարբեր հատվածների փոխկապակցվածությունը և այնտեղ առկա խնդիրները:
Հետազոտության շրջանակում գիտական խումբն աշխատում է ինչպես 100-ից ավելի կամավորների, այնպես էլ կլինիկաների հետ, որոնք տրամադրում են բուժառուների անանուն տվյալներ, և մեքենայական ուսուցման մասնագետը ստանում է տվյալների ամբողջական ցանց, որի օգնությամբ կարելի է որոշակի կանխատեսումներ անել նոր կամավորի կամ բուժառուի ուղեղի վիճակի մասին:
Հետազոտական խումբն արդեն իսկ հրապարակել է թեմային առնչվող գիտական հոդվածներ միջազգային բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում և այժմ էլ աշխատում է մեկ այլ հոդվածի վերջնական տարբերակի շուրջ, ինչպես նաև զուգահեռաբար իրականացնում է ծրագրային ապահովման բարելավումը: Թիմի անդամները նախատեսում են հաջորդ տարի մասնակցել թեմային առնչվող կոնֆերանսների, և արդեն ունեն նախանշած տարբերակներ Ֆրանսիայում և Գերմանիայում:
Որպես թեմայի վերջնարդյունք հետազոտական խմբի անդամները պլանավորում են ստանալ ախտորոշիչ սարքավորում, որոնք կօգտագործվեն մարդու օրգանային համակարգերի մշտադիտարկման համար և կարող են կիրառվել բժշկության մեջ որպես սենսորներ և հավելյալ օգնող միջոցներ՝ տարբեր հիվանդությունների (նյարդային խանգարումներ, էպիլեպսիա, տեսողական խնդիրներ և այլն) հետազոտման, ախտորոշման և բուժման համար։
Գիտական թեմայի մասին ավելին՝ տեսանյութում: