- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ թիմը Նյուրնբերգյան դատախաղ-մրցույթից վերադարձել է հաղթանակով
Հուլիս 28, 2023 | 18:44
Մրցույթներ
Ուսանողական
ԵՊՀ թիմը Նյուրնբերգյան դատախաղ-մրցույթից վերադարձել է հաղթանակով
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող թիմը Նյուրնբերգյան ամենամյա հեղինակավոր դատախաղ-մրցույթում «Լավագույն գրավոր աշխատանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել, իսկ բանավոր փուլում՝ ընդգրկվել լավագույն տասնյակում:
Դատախաղը, որը նմանակված դատական գործընթաց է, նախատեսված է իրավագիտության ոլորտն ընտրած ուսանողների համար: Վերջիններս, հիմնվելով միջազգային քրեական իրավունքին առնչվող իրենց գիտելիքների վրա, Նյուրնբերգի արդարադատության պալատի պատմական դատարանի № 600 դահլիճում մրցում են կա՛մ մեղադրողի, կա՛մ պաշտպանի դիրքից։ ԵՊՀ թիմը, որի կազմում էին Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, չորրորդ կուրսի ուսանող Մարիա Հովհաննիսյանը, նրա համակուրսեցի Անահիտ Ալոյանը և մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Սանասար Գևորգյանը, մրցել են մեղադրողի դիրքից: Գրավոր փուլին մասնակցել է նաև մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Նորայր Բաղդասարյանը, որը տեխնիկական պատճառներով չի մասնակցել բանավոր փուլին։
Թիմին մարզել է ֆակուլտետի ասպիրանտ Լուսինե Հովհաննիսյանը: Նրա ջանքերի շնորհիվ ԵՊՀ ուսանողները, գրավոր փուլում մրցելով աշխարհի ավելի քան հարյուր համալսարանների թիմերի հետ, առավելագույն 50 միավորից հավաքել են 49-ը: ԵՊՀ ուսանողները բարձր արդյունքներ են գրանցել նաև բանավոր փուլում՝ ընդգրկվելով լավագույն տասնյակում։
Վերադառնալով համալսարան՝ նրանք հանդիպել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ: Շնորհավորելով թիմին՝ Գ. Ղազինյանն ընդգծել է գրանցած հաղթանակի կարևորությունը համալսարանի անունը միջազգային մրցույթում բարձր պահելու և նրա ճանաչելիությունը մեծացնելու տեսանկյունից:
«Հեղինակավոր այս դատախաղը ուսանողներին, բացի մասնագիտական նոր գիտելիքներ տալուց, հնարավորություն է ընձեռում սերտ կապեր հաստատելու աշխարհի առաջատար համալսարանների մի շարք ուսանողների հետ, որոնք մեծ ներուժ ունեն հետագայում երկրների առաջնորդներ դառնալու: Այս մրցույթը մեծ հնարավորություն է դեռ ուսանողական տարիներից ծանոթանալու և անձնական սերտ կապեր հաստատելու նրանց հետ։ Իսկ մեր օրերում այդ կապերը կարևորագույն դերակատարում ունեն»,- նշել է Իրավագիտության ֆակուլտետի դեկանը:
Թիմի մարզիչ Լուսինե Հովհաննիսյանը, խոսելով դատախաղում ԵՊՀ ուսանողների ունեցած ելույթից, նշել է, որ նրանց գրանցած միավորների շնորհիվ Հայաստանը ներկայացնող թիմն առաջին անգամ հաղթել է միջազգային դատախաղում:
«Պատիվ և պատասխանատվություն էր այս դատախաղից առաջ ԵՊՀ թիմին մարզելը։ Թիմի անդամներից երկուսը՝ Մարիան և Սանասարը, ունեին փորձ՝ այսօրինակ մրցույթներում ներկայանալու: Թեպետ սա Անահիտի՝ միջազգային դատախաղին մասնակցելու առաջին փորձն էր, այնուամենայնիվ նա ևս փայլուն ելույթ ունեցավ: Մեր գրանցած հաղթանակի գրավականը ֆակուլտետում ձևավորված գաղափարախոսությանը հետևելն էր, այն է՝ հավատարիմ մնալ մասնագիտական արժանապատվությանը և չթերագնահատել դիմացինի կարողությունները»,- ընդգծել է Լ. Հովհաննիսյանը:
Թիմի անդամները, խոսելով մրցույթից ստացած տպավորությունից, նշել են, որ դատախաղի ժամանակ իրենց ներկայացրած ելույթները գրավել են ոչ միայն մյուս թիմերի անդամներին, այլև դատավորներին:
«Մենք «հիմնավոր կասկածներ» ունեինք, որ կհաղթենք, թեպետ չէինք բացառում մյուս թիմերի հաղթանակները: Ճիշտ է, հակառակորդ թիմերում աշխարհի առաջատար բուհերը ներկայացնող ուսանողներ էին, այնուամենայնիվ մրցույթի արդյունքները փաստում են, որ մեր գրանցած միավորն ամենաբարձրն էր՝ մյուսների համեմատ: Սա իսկապես հպարտանալու մեծ առիթ էր մեզ համար»,- դեկանի հետ հանդիպման ժամանակ փաստել է Մարիան:
Նշենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող թիմերն ամեն տարի մասնակցում են Նյուրնբերգյան դատախաղ-մրցույթին և գրանցում բարձր արդյունքներ: