- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն գրանցել է «Էրազմուս+»-ի տարբեր նախագծերում ներգրավվածության աննախադեպ ցուցանիշ
Օգոստոս 03, 2023 | 09:35
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
ԵՊՀ-ն գրանցել է «Էրազմուս+»-ի տարբեր նախագծերում ներգրավվածության աննախադեպ ցուցանիշ
Ամփոփված տվյալների համաձայն՝ այս տարի ԵՊՀ-ն մասնակցում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» բուհերի կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող 5 նախագծերի, որոնցից մեկի՝ «KPI4HE»-ի դեպքում ծրագրի համակարգողն է։
ԵՊՀ-ն ներգրավված է հետևյալ նախագծերի աշխատանքներում․
«KPI4HE» - Օտարերկրյա և հայաստանյան 12 գործընկերների հետ համատեղ իրականացվող այս նախագծի նպատակն է բարձրագույն կրթության հիմնական ցուցանիշների (KPIs) ազգային շրջանակի մշակման և ներդրման միջոցով նպաստել բարձրագույն կրթության համակարգի կառավարման, համալսարանների ռազմավարական պլանավորման բարելավմանը՝ Հայաստանում խթանելով որակյալ ու ներառական, թվային ու «կանաչ» կրթությունը։
«Micro-GEAR» - 16 գործընկերների հետ համատեղ իրականացվող այս նախագծի նպատակն է նպաստել բարձրագույն կրթության ոլորտում միկրոհավատարմագրերի՝ որպես համապատասխանության, որակի և ճկունության բարելավման գործիքի ներմուծմանն ու լայն տարածմանը։
«The T4GREEN» - Այս նախագիծը միտված է Հայաստանում և Մոլդովայում ուսուցիչների կրթության բարեփոխմանը՝ հնարավորություն ստեղծելով անցում կատարելու ավանդականից դեպի ապագային միտված ուսումնական ծրագրերին, հանրակրթության ազգային նպատակների իրագործմանը հասնելու ուսուցման մեթոդներին և «կանաչ» ու թվային ուսուցմանը։
«RE-GRAD» - Նախագիծը նպատակ ունի աջակցելու Հայաստանում և Մոլդովայում բակալավրիատի կրթական բարեփոխումներին, ինչը հնարավորություն կտա անցում կատարելու ավանդական ուսումնական ծրագրերից դեպի ներառական, թվային և «կանաչ» ուղղվածություն ունեցող ծրագրեր։
«JoPScip» - Նախագծի ընդհանուր նպատակն է նպաստել մարդկային զարգացմանը, խաղաղության, անվտանգության պահպանմանն ու կառավարման ընթացքի բարելավմանը, ինչպես նաև զարգացնել քաղաքացիական ակտիվ գործընկերությունը Արևելյան գործընկերության երկրներում՝ արդիականացված, միջազգայնացված և թվայնացված մագիստրոսական ծրագրերի մշակման ու ներդրման միջոցով։
Նշենք, որ «Էրազմուս+»-ը ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցներին ուսանելու և (կամ) մասնագիտական փորձ ձեռք բերելու այլ երկրներում: