- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
Սեպտեմբեր 01, 2023 | 09:45
ԵՊՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
Սիրելի՛ համալսարանականներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, որը ոչ միայն նոր բացահայտումների, աճի ու ձեռքբերումների սկիզբ է, այլև անցած ճանապարհի վերանայման, վերարժևորման ու վերաիմաստավորման հնարավորություն:
Տոնական այս օրը ևս մեկ անգամ նշանավորում է գիտելիքի ուժն ու զորությունը: Գիտելիքի միջոցով ենք մենք ճանաչում ինքներս մեզ, շրջապատող աշխարհը, ձևավորում մեր ապագան՝ նպաստելով մեր հասարակության բարելավմանը: Երևանի պետական համալսարանը նոր ծրագրերով ու նախաձեռնություններով պատրաստ է շարունակելու կրթական ու հետազոտական գործընթացների բարելավմանն ուղղված իր աշխատանքը։
Սիրելի՛ ուսանողներ, հիշե՛ք, որ կրթությունը միայն գիտելիքի ձեռքբերում չէ. այն նաև ստեղծագործաբար մտածելու և դրական փոփոխություններ արձանագրելու համար անհրաժեշտ հմտությունների զարգացումն է:
Նոր ուսումնական տարում շարունակե՛ք բացահայտումների ձեր ճանապարհը, հետազոտե՛ք, ուսումնասիրե՛ք, վայելե՛ք ու ձեր փորձառությամբ հարստացրե՛ք մեր համալսարանական համայնքի գործունեությունը:
Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր առաջինկուրսեցիներին։ Համալսարանական մեծ ընտանիքին միացած սիրելի՛ ուսանողներ, ընդունե՛ք յուրաքանչյուր պահը խանդավառությամբ, հետաքրքրասիրությամբ և նվիրվածությամբ: Ու թե ձեր ճանապարհին դժվարություններ ի հայտ գան, միշտ հիշե՛ք, որ դուք միայնակ չեք․ մեր ողջ անձնակազմն ու ձեր ավագ ընկերներն այստեղ են՝ իրենց փորձով ու գիտելիքով ձեզ հետ կիսվելու և ձեր ուսումնական փորձառությունը հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու համար:
Շնորհավորում և իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր հարգարժան դասախոսներին, հետազոտողներին ու կազմակերպիչներին։ Մենք մեծ ծավալի աշխատանք ունենք անելու, և ձեր նվիրումը, փորձն ու գիտելիքը անկյունաքարային են մեր հաջողության համար:
Սիրելի՛ համալսարանականներ, նոր ուսումնական տարում եկեք ձգտենք գերազանցության մեր բոլոր գործողություններում՝ քաջ գիտակցելով, որ յուրաքանչյուր քայլ մեզ ավելի է մոտեցնելու մեր երազած ապագային:
Հաջողություն եմ մաղթում բոլորիս։