- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները միջազգային մրցույթից վերադարձել են հաղթանակով
Սեպտեմբեր 13, 2023 | 16:59
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները միջազգային մրցույթից վերադարձել են հաղթանակով
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի՝ աղջիկների պարային համույթի ներկայացուցիչները Վիտեբսկում մասնակցել են «Սլավյանսկի բազար» արվեստի միջազգային փառատոնին և դարձել 3-րդ կարգի մրցանակի դափնեկիր:
![](/sites/default/files/styles/large_slide/public/2023-09/banner_2.jpg?h=bf2b0ef1&itok=x8zbFKG5)
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-09/375198113_1000130761312270_5843952563985780415_n_1.jpg?itok=-0S3olmC)
Փառատոնի ընտրական փուլերը տեղի են ունեցել Հայաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ռուսաստանում և Բելառուսում: Եզրափակիչ փուլ են անցել տասնյակ խմբերի՝ 6-ից 25 տարեկան ավելի քան հարյուր մասնակիցներ: Պարախմբերի կատարումները գնահատել է պրոֆեսիոնալ ժյուրիի կազմը՝ հիմնվելով տեխնիկա-կոմպոզիցիա-կերպար-ժամանց չափանիշների վրա:
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ նմանօրինակ լայնամասշտաբ մրցույթին մասնակցությունն արդեն իսկ կարևորագույն ձեռքբերում է կենտրոնի և մասնավորապես պարային համույթի անդամների համար:
«Այս մրցույթին մեր կենտրոնն առաջին անգամ է մասնակցում, և հատկանշական է, որ գրանցել է փայլուն արդյունք: Սա վկայում է, որ համույթի սաներն ունեն մեծ ներուժ հաջորդ տարիներին առաջին հորիզոնականը զբաղեցնելու»,- փաստեց Կ. Դավթյանը:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-09/01_23.jpg?itok=8PxPSlmM)
Աղջիկների պարային համույթի գեղարվեստական ղեկավար Անի Հարոյանը, խոսելով մրցույթին համույթի մասնակցությունից, նշեց, որ 18 երկրներ ներկայացնող պարային խմբերից Հայաստանը ներկայացնող ԵՊՀ մշակույթի կենտրոնի աղջիկների ելույթը եղել է ամենատպավորիչներից մեկը:
«Թեպետ մեր խմբի անդամները չորսն էին, այնուամենայնիվ բեմադրությամբ հնարավոր եղավ կերտել այնպիսի պար, որով փորձում էինք ներկայացնել Հայաստանի մշակույթը: Աշխարհում ճանաչված և ականավոր պարուսույցներից կազմված ժյուրիի արձագանքը փաստեց, որ մենք կարողացել էինք փոխանցել հայկական շունչը»,- ժպիտով նշեց Անի Հարոյանը:
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պարային համույթի աղջիկների համար սա առաջին մեծ մրցույթն էր, որտեղ գրանցած հաղթանակը ոգևորել է՝ մասնակցելու նորանոր մրցույթների: Նրանց հավաստմամբ՝ կենտրոնն այն լավագույն հարթակներից է, որտեղ հնարավորություն են ստանում ակադեմիական կրթությանը զուգահեռ ձեռք բերելու նաև մշակութային կրթություն:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-09/04_18.jpg?itok=xLO-cO24)
Նշենք, որ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը մշտապես մասնակցում է միջազգային հեղինակավոր մրցույթների և նպաստում համալսարանի հեղինակության բարձրացմանը: