- Գլխավոր
- Նորություններ
- Իրանագիտության ամբիոնը կամրջում է ԵՊՀ-ն և Քեմբրիջի, Օքսֆորդի, Էդինբուրգի համալսարանները
Սեպտեմբեր 15, 2023 | 16:05
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական կյանք
Իրանագիտության ամբիոնը կամրջում է ԵՊՀ-ն և Քեմբրիջի, Օքսֆորդի, Էդինբուրգի համալսարանները
ԵՊՀ-ն հյուրընկալել է Քեմբրիջի համալսարանի դոցենտ, բ.գ.թ. Մահբոդ Ղաֆարիին, որը համակարգում է բրիտանական համալսարանների իրանագետ ուսանողների ուսուցումը ԵՊՀ-ում: Այցի շրջանակում նա դասախոսություններ է կարդացել հայ և բրիտանացի ուսանողների համար:
Իրանագիտության ամբիոնը և բրիտանական համալսարնները սկսել են ակտիվ համագործակցել 2022 թվականից «Պարսից լեզվի և մշակույթի ուսուցման ծրագրի» շրջանակում, որը նախատեսված է արտասահմանցի ուսանողների՝ իրանագիտության և պարսկերենի գիտելիքները խորացնելու համար: Քեմբրիջի, Օքսֆորդի և Էդինբուրգի համալսարանների ուսանողներն արդեն իսկ եռամսյա և յոթշաբաթյա ժամկետներով ուսումնառել են ԵՊՀ-ում: Այս տարի մեկ ուսումնական կիսամյակով ժամանած ուսանողների թիվը հասնում է 12-ի:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, կարևորելով աշխարհի առաջատար բուհերի հետ գործակցային կապերի հաստատումն ու ընդլայնումը, շեշտեց․ «Շատ ուրախ եմ, որ ԵՊՀ-ն, ի դեմս Իրանագիտության ամբիոնի, ունի լավագույն ավանդույթները՝ համագործակցելու թե՛ իրանական, թե՛ եվրոպական համալսարնների հետ՝ դառնալով իրանագիտության ոլորտում համագործակցությունների կամուրջ»:
Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ «Պարսից լեզվի և մշակույթի ուսուցման ծրագրի» շրջանակում պլանավորում են ընդլայնել գործակցությունների աշխարհագրությունը՝ հյուրընկալելով ոչ միայն բրիտանական, այլև եվրոպական այլ համալսարանների ուսանողների:
Մահբոդ Ղաֆարին պատմել է գործակցային ծրագրի համար ԵՊՀ-ն ընտրելու մասին:
Գործընկեր բուհի ընտրությունից առաջ ուսումնասիրեցինք դաշտը, և պարզ դարձավ, որ ԵՊՀ-ն տարածաշրջանի լավագույն բուհերից է, ՀՀ-ում՝ ամենամեծն ու առաջատարը, իսկ Իրանագիտության ամբիոնն ունի դասավանդման երկարամյա հարուստ փորձ: Ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի և ԵՊՀ մեր մյուս գործընկերների հետ անմիջական շփումներից և ուսուցման ծրագրի վերաբերյալ քննարկումներից հետո մեր ուսանողներին ԵՊՀ ուղարկելու որոշումը միանշանակ էր:
Մ. Ղաֆարին ներկայացրել է դասախոսությունների թեմաները և արդիականությունը:
Անմիջաբար ծանոթանալ Իրանագիտության ամբիոնի ուսուցման գործընթացին և կարդալ 2 դասախոսություն. սրանք այն նպատակներն են, որ Քեմբրիջի համալսարանից ինձ բերեցին Երևանի պետական համալսարան:
Եթե մարդն ուզում է իմանալ ավելին Իրանի մշակույթի, ապրելակերպի ու ժողովրդի մասին, պիտի ուսումնասիրի ֆիլմերը, քանզի դրանք արտացոլում են մի կողմից՝ տվյալ ժամանակաշրջանի իրականությունը, մյուս կողմից՝ պատմական և սոցիալական իրադարձությունները: Հաշվի առնելով ֆիլմերի կարևորությունը՝ դասախոսություններս նվիրել եմ հենց այդ թեմային:
Առաջին դասախոսության շրջանակում ներկայացրել եմ իրանական կինոյի պատմությունը՝ սկզբնավորումից մինչև նոր կինո, իսկ երկրորդը նվիրված էր կինոյի նոր դարաշրջանին, մասնավորապես Իսլամական հեղաշրջումից մինչև մեր օրեր:
Մ․ Ղաֆարին անդրադարձել է նաև ԵՊՀ-ի հետ հետագա համագործակցություններին։
Ունենք շատ դրական արձագանքներ ու կարծիքներ ծրագրին նախորդիվ մասնակցած մեր ուսանողներից. նրանք զարգացրել են պարսկերենի իմացության մակարդակը և հարստացրել գիտելիքները իրանական մշակույթի վերաբերյալ:
«Պարսից լեզվի և մշակույթի ուսուցման ծրագրի» արդյունավետությունը կանխորոշում է դրա շարունակականությունը: Մենք ցանկանում ենք, որ Իրանագիտության ամբիոնի մեր հայ գործընկերները Քեմբրիջում մասնակցեն պարսկերենի ու պարսկական մշակույթի ուսուցմանն առնչվող գիտաժողովին, ինչպես նախորդ տարի: Ցանկանում ենք համագործակցել կրթագիտական այլ ուղղություններում ևս՝ առավել հաճախակի կազմակերպելով փոխայցելություններ ու դասախոսություններ: Վստահ եմ՝ բրիտանական բուհերի և Երևանի պետական համալսարանի համագործակցությունը իրանագիտության ոլորտում հիմք կդառնա այլ ուղղություններում գործընկերային կապեր հաստատելու համար: