- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ կենսաբանները՝ համաշխարհային գիտաժողովների մասնակից
Սեպտեմբեր 11, 2023 | 15:39
Գիտություն
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Հետազոտություն
ԵՊՀ կենսաբանները՝ համաշխարհային գիտաժողովների մասնակից
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտնականներն ու դասախոսները մշտապես մասնակցում են արտերկրում կազմակերպվող գիտաժողովներին և միջազգային գիտական ասպարեզում լավագույնս ներկայացնում համալսարանը՝ նպաստելով ԵՊՀ հեղինակության բարձրացմանը:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտներն ու գիտաշխատողները այս ամռանը մասնակցել են Եվրոպական կենսաքիմիական ընկերությունների ֆեդերացիայի (FEBS-2023), այնուհետև՝ Եվրոպական մանրէաբանական ընկերությունների ֆեդերացիայի (FEMS-2023) կազմակերպած գիտաժողովներին: Հետազոտողների հետ մեր ունեցած զրույցը հնարավորություն կտա մտովի ուղևորվելու Տուր (Ֆրանսիա) և Համբուրգ (Գերմանիա) քաղաքներ, «ունկնդրելու» այնտեղ ներկայացված զեկուցումները, «տեսնելու» մասնակիցների ստեղծած ազդագրերը և պատկերացնելու՝ ինչպես են ԵՊՀ ներկայացուցիչները քննարկումներ անցկացնում օտարերկրյա գիտնականների հետ ու ստեղծում համատեղ աշխատանքներ կատարելու նոր հիմքեր:
Նախ՝ ուղղությունը Ֆրանսիա….
Տուրը Լուարա գետի ափին գտնվող քաղաք է, որտեղ տեղակայված դղյակները «ստիպում են» տեղափոխվել Ֆրանսիայի թագավորական անցյալ և մասնակցել այդ ժամանակաշրջանի դեպքերին ու իրողություններին, սակայն ներկայում այնտեղ գրանցվող նշանակալի բացահայտումները փաստում են, որ քաղաքը զարգանում է գիտատեխնիկական առաջընթացին համահունչ։ «FEBS-2023» գիտաժողովը վերոգրյալի լավագույն օրինակներից էր:
Աշխարհի շուրջ 40 երկրների գիտնականներ ու երիտասարդ հետազոտողներ գիտաժողովին ներկայացրել են կենսաքիմիային և հարակից ոլորտներին առնչվող մի շարք զեկուցումներ: Վերջիններիս մեջ այս տարի առանձնահատուկ տեղ է հատկացվել նաև ուսումնական գործընթացում մանրէների կենսատեխնոլոգիայի դասավանդմանը, ինչի վերաբերյալ մեր համալսարանականները ներկայացրել են ազդագիր։ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դոցենտ, կ․գ․թ․ Լիլիթ Գաբրիելյանը պատմում է, որ այն գրավել է հատկապես իտալացի ասպիրանտներին։
«Տեսնելով, թե դասավանդման ինչ մոտեցումներ են ցուցաբերվում մեր համալսարանում՝ իտալացի մասնակիցները ցանկություն հայտնեցին գալու ԵՊՀ ու տեղում պատկերացում կազմելու, թե ինչպես ենք ժամանակակից գիտությունը կապում դասապրոցեսին և դրանում ներգրավում նաև ուսանողներին»,- մեզ հետ զրույցում ասաց Լ․ Գաբրիելյանն ու հավելեց․ «Նրանց ունեցած հետաքրքրությունն ապացույցն է այն բանի, որ համալսարանն իր նորարարական մոտեցումներով առաջատար դիրքում է նաև միջազգային գիտաուսումնական ասպարեզում»։
Լ. Գաբրիելյանի գիտական խումբը ներկայացրել է նաև երեք ազդագիր՝ նվիրված «կանաչ սինթեզի» եղանակով ստացված նանոմասնիկների հակաբակտերիական ներուժին և կիրառման հեռանկարներին: Ազդագրերի թեզիսները տպագրվել են «FEBS Open Bio» ամսագրի գիտաժողովին նվիրված հավելվածում:
Գիտաժողովին «Կատալազի և սուպերօքսիդ դիսմուտազի ակտիվության կարգավորումը նատրիումի և կալիումի իոնների միջոցով Saccharomyes cerevisiae խմորասնկերում» թեմայով ազդագիր է ներկայացրել նաև ԵՊՀ կրտսեր գիտաշխատող Անահիտ Շիրվանյանը։ Հատկանշական է, որ այդ ազդագրի համանուն թեզիսը տպագրվել է «FEBS Open Bio» ամսագրում։
Անդրադառնալով հոդվածը բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային ամսագրում տպագրելուն՝ Անահիտն առանձնահատուկ կարևորեց ԵՊՀ դերակատարումը։ Նա պատմեց, որ գիտաժողովին հաջողվել է մասնակցել նաև ԵՊՀ աշխատակիցների գործուղման համար նախատեսված դրամաշնորհի շնորհիվ (նա արժանացել է նաև FEBS Bursary կրթաթոշակին): Այնտեղ հնարավորություն է ունեցել լսելու նյութափոխանակության, բջջի կենսաբանության, ախտաբանական կենսաքիմիայի և հարակից այլ ոլորտների առաջատար մասնագետների դասախոսությունները, հանդիպելու միջազգային ամսագրերի խմբագրական կազմի ներկայացուցիչների հետ, քննարկումներ ունենալու միևնույն գիտական հետաքրքրությունն ունեցող մասնագետների հետ և նախանշելու հավանական համագործակցության հեռանկարային ուղիները։ Ըստ նրա՝ առանց դրամաշնորհի՝ վերոգրյալ հնարավորություններից օգտվել իրենք չէին կարողանա։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանն ու նույն ամբիոնի ասպիրատն Ռուզաննա Շուշանյանը համատեղ ջանքերով ներկայացրել են ազդագրեր, որոնք վերաբերում էին թթվածնային քաղցի պայմաններում գլխուղեղի փոփոխություններին առնչվող հարցերին և «COVID-19»-ով վարակված բուժառուների արյան կենսաքիմիական և բջջաբանական ցուցանիշների փոփոխությանը։
Օգտվելով Փարիզում գտնվելու հնարավորությունից՝ Ա․ Կարապետյանն ու Ռ. Շուշանյանը գործնական հանդիպումներ են ունեցել նաև Պաստյորի ինստիտուտի հիստոպաթոլոգիայի բաժանմունքի և Կոշենի հանրային հիվանդանոցի իմունահիստոպաթոլոգիական հարթակի առաջատար մասնագետների հետ։
«Պաստյորի ինստիտուտի մասնագետները, տեղեկանալով համալսարանում մեր կատարած աշխատանքների մասին, առաջարկեցին համատեղ հետազոտություններ կատարել։ Որպես գործակցության առաջնային քայլ՝ առաջարկ ստացանք ԵՊՀ-ից այնտեղ ուղարկելու մեր ստացած միկրոպատրաստուկները և կատարելու նոր ուսումնասիրություններ»,- մեզ հետ զրույցում փաստեց Ա․ Կարապետյանը։
Գրեթե նույն ժամանակահատվածում ԵՊՀ գիտաշխատողներն ու ասպիրանտներն իրենց գիտական վերջին ձեռքբերումներն են ներկայացրել նաև «FEMS-2023» գիտաժողովի ժամանակ, ուստի Տուրից ուղղությունը փոխենք հյուսիս-արևելք՝ շուրջ 1200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Համբուրգ քաղաք․․․
FEMS-ը երկու տարին մեկ անգամ կազմակերպվող գիտաժողով է, որի շրջանակում Եվրոպական մանրէաբանական ընկերությունների անդամ երկրները կազմակերպում են տեղական գիտաժողովներ։ Այս տարի Գերմանիայում անցկացված գիտաժողովին զեկուցումներ են ներկայացրել շրջակա միջավայրի մանրէաբանության, կենսատեխնոլոգիայի և սինթետիկ մանրէաբանության, ինֆեկցիոն կենսաբանության, մանրէաբանական կրթության, վիրուսաբանության և մի շարք այլ թեմաներով:
«Այդ գիտաժողովին ինձ հնարավորություն տրվեց բանավոր զեկուցում ներկայացնելու: Դժվար է բառերով նկարագրել այն հույզերն ու զգացմունքները, որ ունեցել եմ ելույթիս ժամանակ, քանի որ շատ պատասխանատու քայլ էր միևնույն հարթակից համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների հետ կատարածս հետազոտությունները ներկայացնելը»,- ժպիտով նշում է Կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Սոնա Նիկոլյանը, որի ներկայացրած թեման վերաբերում էր հիդրոգենազ ֆերմենտներին:
Հատկանշական է, որ վերոգրյալ թեմայով ազդագիր է ներկայացրել նաև ռումինացի մի մասնակից, որի հետ շփման ժամանակ Սոնան պարզել է, որ նա կատարում է նույն ուսումնասիրությունը, ինչ Սոնան, պարզապես հետազոտությունն անցկացնում է այլ մանրէով: Գիտական նույն հետաքրքրությունը դարձել է նոր գործակցության խթան:
Թե ինչպես են թթուներն ազդում մանրէների կենսաէներգետիկական, կենսաֆիզիկական, կենսաքիմիական բնութագրիչների վրա, գիտաժողովին ազդագրով ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Թամարա Աբաղյանը:
«Գիտաժողովի օտարերկրյա մասնակիցների հետ ունեցած մեր շփումների ժամանակ նկատելի էր դառնում, որ մենք գիտելիքներով չենք զիջում միջազգային հեղինակավոր համալսարանների, մանրէաբանական ընկերությունների ներկայացուցիչներին: Սա ոգեշնչում է, որ նույն ձգտումով շարունակենք համալսարանում կատարած մեր աշխատանքները»,- նշում է Թամարան, որի ներկայացրած ազդագրի համանուն հոդվածը միջազգային հեղինակավոր «Journal of Bioenergetics and Biomembers» ամսագրում ընդունվել է տպագրության:
Գիտաժողովին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Փոլադյանը նույնպես ներկայացրել է ազդագիր: Այն առնչվել է նանոմասնիկներին և մասնավորապես ինչպես են ոսկու նանոմասնիկները ոչ թե ճնշում մանրէների աճը, այլ հակառակը՝ նպաստում դրան: Հատկանշական է, որ գիտական ուսումնասիրությունը գրավել է ականավոր գիտնականների ուշադրությունը։
Խոսելով «FEMS-2023»-ին ամբիոնի ներկայացուցիչների մասնակցությունից և գրանցած հաջողություններից՝ Ա․ Փոլադյանը նշեց․ «Վերջին շրջանում մեր գրանցած հաջողությունները հուշում են, որ գիտաժողովը Հայաստանում կազմակերպելու դեպքում նախաձեռնողը կարող է դառնալ Երևանի պետական համալսարանը»: