- Գլխավոր
- Նորություններ
- Փիլիսոփայական համատեղ որոնումներ. ամրապնդվում է ԵՊՀ-ի և Լյուվենի կաթոլիկ համալսարանի համագործակցությունը
Սեպտեմբեր 18, 2023 | 09:22
Գործընկերներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Փիլիսոփայական համատեղ որոնումներ. ամրապնդվում է ԵՊՀ-ի և Լյուվենի կաթոլիկ համալսարանի համագործակցությունը
Ինչպե՞ս զբաղվել կիրառական փիլիսոփայությամբ հարցի պատասխանն ուսանողներին տվել են ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ, փ․գ․թ. Լևոն Բաբաջանյանը և Լյուվենի կաթոլիկ համալսարանի (Բելգիա) փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, փ․գ․թ․ Ակսել Գոսիերիեսը:
Երկու բուհերի միջև համագործակցությունը
Երևանի պետական համալսարանը և Լյուվենի կաթոլիկ համալսարանը համագործակցում են «Էրազմուս+» դասախոսների շարժունության ծրագրի շրջանակում: Գործակցության 8 տարիների ընթացքում Լևոն Բաբաջանյանը և Ակսել Գոսիերիեսը ունեցել են փոխայցեր և փիլիսոփայությանն առնչվող տարատեսակ թեմաներով դասախոսություններ: «Ինչպե՞ս զբաղվել կիրառական փիլիսոփայությամբ» (How to do Practical Philosophy?) անգլիալեզու դասախոսությունների շարքը հերթական համատեղ ծրագիրն է, որի շրջանակում Ա. Գոսիերիեսը Լ. Բաբաջանյանի հրավերով երրորդ անգամ այցելել է ԵՊՀ:
Մեզ հետ զրույցում կարևորելով երկարատև համագործակցությունը՝ Լևոն Բաբաջանյանն ընդգծեց. «Ակսել Գոսիերիեսը փիլիսոփայության և իրավունքի տեսաբան է, երկուսս էլ զբաղվում ենք քաղաքական փիլիսոփայությամբ, բարոյագիտությամբ և առհասարակ կիրառական փիլիսոփայությամբ: Փիլիսոփայությունից զատ՝ մենք ունենք նաև գիտական հետաքրքրությունների այլ շրջանակ, ինչի շնորհիվ էլ ձևավորվել են գործընկերային ամուր կապեր»:
Հրավիրյալ բանախոս Ա. Գոսիերեսը, անդրադառնալով բուհերի գործընկերային կապերին, շեշտեց, որ գործակցության համար ԵՊՀ-ն ընտրելը պատահական չէ:
«Փիլիսոփայության բնագավառում Երևանի պետական համալսարանն առաջատարն է Հայաստանում և ունի ամենաշատ ուսանողները, իսկ Լևոն Բաբաջանյանի հետ մասնագիտական ու անձնական շփումները բացում են հետագա համագործակցությունների դռները»,- նշեց Ա․ Գոսիերիեսը:
Դասընթացների ձևաչափը և բովանդակությունը
Հնգօրյա դասընթացի թեման որոշվել է բանախոսների քննարկման արդյունքում: Այն նվիրված էր կիրառական փիլիսոփայության հետազոտության մեթոդներին, որոնք առավելապես տարածված են արևմտյան փիլիսոփայական մտքի շրջանում։ Քննարկվել է բարոյագիտական հիմնավորումներում փաստերի, հասկացությունների, արժեքների և նորմերի հարաբերակցությունը։ Ծրագիրը հագեցած էր ինչպես բովանդակալից դասախոսություններով, այնպես էլ գործնական առաջադրանքներով (խմբային, բանավոր ու գրավոր աշխատանքներ, խնդիրների լուծումներ և մեկնաբանություններ):
Դասընթացը վարել է հրավիրյալ բանախոսը, իսկ Լևոն Բաբաջանյանը մեկնաբանել և բացատրել է հասկացությունները և դրանց գաղափարային դրույթները, քանզի կիրառական փիլիսոփայության վերաբերյալ պատկերացումները երբեմն տարբերվում են:
Դասախոսություններին մասնակցել են ԵՊՀ փիլիսոփայության բաժնի 15 ուսանողներ բակալավրիատի 4-րդ կուրսից, մագիստրատուրայից և ասպիրանտուրայից։
Ակսել Գոսիերիեսն ընդգծեց, որ բոլոր դասախոսություններին նույն ուսանողների հետ աշխատելն արդյունավետ է, քանի որ նրանք ամբողջական պատկերացում են կազմում թեմայի տեսական ու գործնական բաղադրիչների վերաբերյալ: Նա նաև շեշտեց, որ ԵՊՀ տեխնիկական հագեցվածությունը դյուրացրել է ուսուցումը:
Տպավորությունները դասընթացներից
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի ասպիրանտ, ծրագրի մասնակից Համլետ Սիմոնյանը շեշտեց, որ ուսանողները հասանելիություն ունեին պրակտիկ փիլիսոփայությամբ զբաղվելու մեթոդաբանական ուղեցույցներին ու գործիքակազմին և քննարկել ու ի մի են բերել փիլիսոփայական գործունեությանն առնչվող որոշ էական առանձնահատկություններ ու վերջիններիս կապվող մի շարք հարցադրումներ։
Կարևորելով միջազգային փորձի փոխանակումը և կարողությունների անընդհատ զարգացումը՝ Համլետը նշեց․ «Արագ տեմպերով զարգացող աշխարհում այսօր առավել քան կարևոր է հետևել միջազգային ստանդարտներին, մասնակցել այսօրինակ ծրագրերի, որոնք հիմք են ծառայում՝ համեմատելու տարբեր համալսարանների և (կամ) դասավանդողների մոտեցումները, կրթության այս կամ այն բաղադրիչի առանձնահատկությունները, և փորձել որդեգրել ընդօրինակելին՝ բարելավելով ու զարգացնելով տեղականը»:
Ապագայի ծրագրերը
Լևոն Բաբաջանյանը և Ակսել Գոսիերիեսը շեշտեցին, որ երկուստեք կա ցանկություն՝ ապագայում համատեղ կրթագիտական ծրագրեր կյանքի կոչելու, ինչպես՝ ամառային դպրոցներ, ուսանողների և դասախոսների կարճաժամկետ ու երկարաժամկետ փոխանակումներ, միջհամալսարանական և համաղեկավարությամբ ասպիրանտական ծրագրեր և այլն:
Համագործակցության շնորհիվ ձևավորվել են նոր գաղափարներ ու նպատակներ, որոնցից մեկը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում միջառարկայական կրթական ծրագրեր (փիլիսոփայություն և քաղաքագիտություն, տնտեսագիտություն, IT ոլորտ և այլն) մշակելն է, ինչն արդեն իսկ հաջողությամբ կատարվում է Լյուվենի կաթոլիկ համալսարանում:
Ըստ Լևոն Բաբաջանյանի՝ դաշտը բաց է, և կան զարգացման լայն հնարավորություններ, անհրաժեշտ է ճկուն լինել և հարմարվել ժամանակի մարտահրավերներին, ինչը կարող է նպաստավոր ազդեցություն ունենալ ինչպես ֆակուլտետի զարգացման, այնպես էլ հասարակության շրջանում փիլիսոփայական մշակույթի խթանման համար: