- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ կենսաբանները Հայաստանում զարգացնում են սննդագիտությունը
Հոկտեմբեր 16, 2023 | 14:13
Գործընկերներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ կենսաբանները Հայաստանում զարգացնում են սննդագիտությունը
Սնունդը, կարևոր դերակատարում ունենալով հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում, դարձել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտական ուսումնասիրության առարկա: Գիտական խումբը մշակում է բնական կոնսերվանտներ և կենսաբանորեն ակտիվ հավելումներ, որոնց շնորհիվ կնվազի քիմիական բաղադրիչների կիրառումը սննդի և կերերի արտադրության ոլորտում:
«Բուսական ծագմամբ միացությունների ներուժը սննդի և կերերի արտադրության կոնսերվանտների և նոր կենսաբանորեն ակտիվ հավելումների մշակման ոլորտում» հնգամյա գիտական թեման ֆինանսավորում է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն: Նպատակն է մշակել հակամանրէային և հակաօքսիդանտային ազդեցությամբ բնական կոնսերվանտներ, կենսաբանորեն ակտիվ հավելումներ և այլ պատրաստուկներ (α-թեստավորված, TRL-5), որոնք կկիրառվեն գյուղատնտեսության, սննդի արտադրության, ինչպես նաև կանխարգելիչ բժշկության և անասնաբուժության ոլորտներում:
Գիտական թեմայի շրջանակում ուսումնասիրվում են բույսերից (օրինակ՝ Vitis vinifera, Ocimum basilicum, Origanum vulgare, Artemisia dracunculus, Ribes nigrum և այլն) անջատված լուծամզվածքների հակաօքսիդանտային, հակամանրէային և հակաբիոտիկ-մոդուլացնող ակտիվությունը: Որպես թեստ-համակարգեր կիրառվում են տարբեր միկրոօրգանիզմներ և տարբեր ծագմամբ բջջային գծեր: Նաև ուսումնասիրվում են բույսերի նյութափոխանակությունը և լուծամզվածքների բջջատոքսիկությունը: Հետազոտվում է լուծամզվածքների ազդեցությունը մանրէների թաղանթների, բջջային հակաօքսիդանտային ակտիվության և շաքարային դիաբետի արդյունքում ձևավորված նեֆրոպատիայի մոդելի վրա։
Հետազոտական խմբի ղեկավար, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ավագ գիտաշխատող, կ.գ.թ. Նաիրա Սահակյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ զուգահեռաբար փորձում են լուծել մի քանի խնդիրներ. «Բացի բուսական ծագում ունեցող կոնսերվանտների ստեղծումից՝ ցանկանում ենք պարզել հիմնարար խնդիրներ, որոնք առնչվում են ժամանակակից հիվանդությունների զարգացմանը և կանխարգելմանը (օրինակ՝ քաղցկեղ, դիաբետիկ նեֆրոպատիա և դիաբետիկ այլ բարդություններ), ինչպես նաև փորձում ենք լուծել մեր դարաշրջանի խոշորագույն խնդիրներից մեկը՝ հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրը»:
2021 թվականից իրականացվող գիտական ծրագրի շրջանակում արդեն իսկ հրապարակվել է ութ գիտական հոդված միջազգային գրախոսվող ամսագրերում. երեքն այժմ հրապարակման փուլում են:
Գիտական խմբի անդամներն են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի կ.գ.թ. Մարգարիտ Պետրոսյանը, Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող, կ.գ.թ. Գոհար Սահակյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի դ.գ.թ. Արմենուհի Մողրովյանը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտներ Անուշ Բաբայանը, Անահիտ Շիրվանյանը, Սիլվարդ Թադևոսյանը, մագիստրոս Ալվարդ Մինասյանը և մագիստրանտ Նաիրա Վարդանյանը: Ծրագրի միջազգային գործընկերն է Գդանսկի տեխնոլոգիական համալսարանի (Լեհաստան) պրոֆեսոր Ագնեշկա Բարտոշեկը, որը մասնագիտությամբ սննդաբան և քիմիկոս է:
Նաիրա Սահակյանի և Ագնեշկա Բարտոշեկի գիտական հետաքրքրությունները խաչվել են դեռևս 2016 թ.՝ Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում, երբ 40 երկրի ավելի քան 100 մասնակիցներից վստահեցին հենց միմյանց և որոշեցին կյանքի կոչել գիտական համատեղ նախագծեր: Մինչև այս գիտական թեմայի նախաձեռնումը՝ բուհերի համագործակցության շրջանակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի երիտասարդ գիտաշխատողներ լաբորատոր պրակտիկա են անցել Գդանսկի տեխնոլոգիական համալսարանում՝ զարգացնելով մասնագիտական հմտությունները և գիտելիքները:
Այս գիտական թեմայի շրջանակում ևս երիտասարդ հայ մասնագետները հնարավորություն ունեն մեկնելու Լեհաստան և տեղում ծանոթանալու այն միջավայրին, որտեղ աշխատում են միջազգային գործընկերները: Գիտական խմբի անդամ Անահիտ Շիրվանյանն արդեն իսկ կատարել է հետազոտություններ Գդանսկի տեխնոլոգիական համալսարանում, որոնց արդյունքներն այժմ ամփոփվում են գիտական հոդվածում: Առաջիկայում պլանավորվում է երկու երիտասարդ մասնագետի այցելություն ևս:
Դրամաշնորհային ծրագրի պահանջների համաձայն՝ Ագնեշկա Բարտոշեկն արդեն 2-րդ անգամ այցելել է ԵՊՀ՝ կատարվող գիտական գործընթացներին անձամբ ծանոթանալու նպատակով: Պրոֆեսորին հիացնում են ԵՊՀ կենսաբանների՝ արտասահմանցի գործընկերների և գիտնականների հետ հաղորդակցվելու, համագործակցելու և հավասար գործընկեր դառնալու ջանքերը, որոնց դրսևորումներից են Հայաստանում սննդագիտության զարգացմանն ուղղված քայլերը, ինչը միջազգային գիտական հանրույթում մեծ ուշադրության է արժանացել հատկապես վերջին 5 տարիների ընթացքում:
Անդրադառնալով Հայաստանում սննդագիտության զարգացման հնարավորություններին՝ պրոֆեսորը շեշտեց. «Հայաստանում կան բազմատեսակ բույսեր, որոնց կեսաբանական ակտիվությունը հայտնի չէ, հետևաբար երկիրը հրաշալի աղբյուր է ուսումնասիրությունների համար, որոնցում անգամ հին և փորձված մեթոդների կիրառումն արդարացված է»:
Տասնօրյա այցի ընթացքում Ագնեշկա Բարտոշեկը մասնակցել է «Ֆունկցիոնալ սննդամթերք և կենսաբանական ակտիվ միացություններ. ժամանակակից և միջնադարյան մոտեցումներ» խորագրով միջազգային 31-րդ գիտաժողովին, ունեցել մասնագիտական հանդիպումներ և քննարկումներ սննդագիտությանն առնչվող տարատեսակ թեմաներով, ինչպես նաև անցկացրել դասախոսություն սնուցման նոր զարգացումների ընդհանուր դրույթների վերաբերյալ:
Մեզ հետ զրույցում Ա. Բարտոշեկը նշեց, որ հայ գործընկերների հետ համագործակցությունն իր համար ունի յուրահատուկ կարևորություն ոչ միայն գիտական, այլև անձնական դրդապատճառներով:
«Լեհաստանում հայերն ունեն ուրույն լեհական անվանում՝ Ormianie, ինչը խոսում է հայ համայնքի ներկայացվածության և դարավոր բարեկամական կապի մասին: Հայաստանում ես ինձ զգում եմ ինչպես տանը. մարդկանց ժեստերը, հաղորդակցության ձևը շատ ծանոթ և հարազատ են ինձ, որոնք ոգեշնչում են ամրապնդելու գործընկերային կապերը»,- ընդգծեց Գդանսկի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորը:
Նաիրա Սահակյանը և Ագնեշկա Բարտոշեկը նշեցին, որ ցանկանում են ապագայում կյանքի կոչել գիտական նոր նախագծեր, կազմակերպել ուսանողների, դասախոսների փոխանակման և կրթագիտական այլ ծրագրեր՝ նպաստելով բուհերի գիտական երկխոսության ամրապնդմանը: