- Գլխավոր
- Նորություններ
- Բացառիկ համագործակցություն ԵՊՀ-ի և Վերոնայի համալսարանի միջև. անցկացվել է միջազգային գիտաժողով
Սեպտեմբեր 29, 2023 | 15:09
Գիտություն
Կոնֆերանսներ
Միջազգային համագործակցություն
Բացառիկ համագործակցություն ԵՊՀ-ի և Վերոնայի համալսարանի միջև. անցկացվել է միջազգային գիտաժողով
ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնը Վերոնայի համալսարանի օտար լեզուների և գրականության բաժնի հետ համատեղ Հայաստանում կազմակերպել էր «Թարգմանությունը միջնորդ լեզվի միջոցով» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողով՝ քննարկելու միջնորդավորված թարգմանության դերը թարգմանաբանության մեջ և հարակից գիտակարգերում։
Հոկտեմբերին Հայաստանում նշվում է Թարգմանչաց տոնը, որին ընդառաջ՝ սեպտեմբերի 27-ից 29-ը ԵՊՀ-ում անցկացվեց գիտաժողով՝ նպատակ ունենալով ստեղծելու հարթակ՝ միջնորդավորված թարգմանությանը վերաբերվող բազմաթիվ արդիական հարցերի քննարկման համար։
Գիտաժողովի շրջանակում մասնակիցներն արծարծեցին գրական-գեղարվեստական, գիտական գրականության, դասագրքերի թարգմանությանը, մեքենայական, տեսալսողական և բանավոր թարգմանությանը, ինչպես նաև ենթարգրերի թարգմանությանը և հնչյունավորմանն առնչվող հարցեր։
Գիտաժողովի մեկնարկն ազդարարվեց Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, իսկ հաջորդ երկու օրերի նիստերն անցկացվեցին Երևանի պետական համալսարանում։
Մանրամասներ է ներկայացնում ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ, գիտաժողովի կազմակերպիչ Ռուզաննա Ղազարյանը
Գիտաժողովը հանդիսավորությամբ բացվեց Երևանի Մատենադարանում, քանի որ այն կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը, իսկ Մ. Մաշտոցը հայ առաջին թարգմանիչն է։ Առաջին գիրքը, որը թարգմանվել է հայերեն, եղել է «Աստվածաշունչը», և հետաքրքիր է, որ թարգմանությունը կատարվել է միջնորդ լեզվից:
Միջազգային գիտաժողովի կազմակերպման գաղափարն առաջացել է մեկ տարի առաջ և իրականություն դարձել այս տարի` մեկտեղ հավաքելով ոլորտի 60 անվանի ներկայացուցիչների՝ աշխարհի հեղինակավոր բուհերից։ Նրանք անդրադարձ կատարեցին ոլորտի արդի հիմնախնդիրներին՝ միաժամանակ վերհանելով թարգմանության դերն ու նշանակությունը։
Թարգմանաբանությունը ներթափանցել է գրեթե բոլոր ոլորտներ, այդ թվում՝ մշակույթ, գիտություն, արվեստ, մեդիա։ Շատ կարևոր է, թե ինչ ենք մենք ակնկալում թարգմանչից և ինչ չափորոշիչներ ենք սահմանում։ Թարգմանիչը հեղինակին հավասար կերպար է, հաճախ նույնիսկ՝ ավելի մեծ առաքելության տեր։ Նա պետք է ունենա պատասխանատվության մեծ զգացում, կարողանա մի մշակույթից մյուսը փոխադրել տվյալ կոնտեքստը կամ ուղերձը։
Օտարերկրյա գիտնականները պատմում են իրենց ստացած տպավորությունների մասին
Թարգմանական ուսումնասիրության պրոֆեսոր, գիտաժողովի գլխավոր բանախոս Թեո Հերմանս
Երևանի պետական համալսարանը լայն հնարավորությունների հարթակ է. մեզ համար պատիվ է այստեղ գտնվելը, այս գիտաժողովին մասնակցելը և միջազգային ճանաչում ունեցող այլ գիտնականների հետ շատ հետաքրքիր թեմաներ քննարկելն ու բարձրաձայնելը։
Քենթի պետական համալսարանի դասախոս Բրայան Ջեյմս Բեըր
Գիտաժողովի ժամանակ ես ներկայացրի զեկուցում՝ նվիրված թարգմանություն կատարելու մեթոդներին, առանձնահատկություններին, ինչպես նաև կատարվող թարգմանության վրա արտալեզվական գործոնների ազդեցությանը։
Անչափ տպավորված եմ ԵՊՀ կատարած իմ այցից։ Հուսով եմ՝ մենք կզարգացնենք գործակցային կապերը ԵՊՀ գիտնականների և գիտաժողովի մյուս մասնակիցների հետ՝ հետագայում կյանքի կոչելով համատեղ նախագծեր։
Նշենք, որ Երևանի պետական համալսարանի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնը 2022 թ. գարնանը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Վերոնայի համալսարանի օտար լեզուների և գրականության բաժնի հետ, որի շրջանակում անցկացվում են համատեղ սեմինարներ, վեբինարներ, դասախոսություններ և մի շարք այլ կրթական ծրագրեր ու գիտական միջոցառումներ:
Հիմնադրումից ի վեր ամբիոնն ուսումնական և գիտական բեղուն գործունեություն է ծավալում Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում` ոչ միայն պատրաստելով հմուտ թարգմանիչներ, այլ նաև տպագրելով դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, գեղարվեստական թարգմանություններ, մենագրություններ և հոդվածների ժողովածուներ: 2019 թ. Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնը հիմնել է «Translation Studies: Theory and Practice» միջազգային գիտական պարբերականը, որը թարգմանաբանական հարցերին նվիրված միակ գիտական հանդեսն է Հայաստանում:
Գիտաժողովի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ