- Գլխավոր
- Նորություններ
- Տիեզերական ճառագայթների հետազոտում գերբարձր էներգիայի գամմա ճառագայթման միջոցով․ միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
Հոկտեմբեր 13, 2023 | 10:41
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն
Տիեզերական ճառագայթների հետազոտում գերբարձր էներգիայի գամմա ճառագայթման միջոցով․ միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում անցկացվեց «Տիեզերական ճառագայթների հետազոտում գերբարձր էներգիայի գամմա ճառագայթման միջոցով» միջազգային գիտաժողովը, որի ժամանակ 12 երկրի առաջավոր գիտնականներ քննարկեցին ոլորտի արդի ուսումնասիրությունները։
Ներկայացված 40 զեկույցներում աստղաֆիզիկոսներն անդրադարձան գերբարձր էներգիայի գամմա ճառագայթների տիրույթին, մասնիկների արագացման ասպեկտներին և տիեզերական ճառագայթների առաջացմանը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներին: ԵՊՀ ռեկտորը փաստեց, որ գիտաժողովի մասնակիցների ներկայությունը և ներդրումները երկարատև ազդեցություն կթողնեն Երևանի պետական համալսարանի և տիեզերական ճառագայթների հետազոտության ոլորտում:
«Երևանի պետական համալսարանն ունի ակադեմիական գերազանցության, գիտական հետազոտությունների և միջազգային համագործակցության հարուստ պատմություն։ Մեզ համար մեծ պատիվ է համալսարանում այս նշանակալի միջոցառման անցկացումը, որը համախմբել է «փայլուն մտքեր» ամբողջ աշխարհից՝ քննարկելու աստղաֆիզիկայի՝ վերջին տարիների ամենահետաքրքիր հայտնագործություններից մեկը՝ գերբարձր էներգիայի գամմա ճառագայթների բազմաթիվ աղբյուրների ծագումը: Այս միջոցառման անցկացմամբ ԵՊՀ-ն ոչ միայն վերահաստատում է գիտությունն ու հետազոտությունը զարգացնելու իր հանձնառությունը, այլև կարևորում միջազգային համագործակցության ներուժը. գաղափարների ու տվյալների փոխանակումը կարևոր է գիտական նորույթների ու արդիական հարցերի լուծման համար»,- ընդգծեց ԵՊՀ ռեկտորը։
Հայաստանում առաջին անգամ անցկացվող միջոցառման համակազմակերպիչ, ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ԳԱԱ արտասահմանյան անդամ, Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Ֆելիքս Ահարոնյանը, մեզ հետ զրույցում կարևորելով այսօրինակ քննարկումների անցկացումը, նշեց, որ վերջին տարիներին ոլորտում կատարվել են մեծ փոփոխություններ և հայտնագործություններ, որոնք ներկայացնելու անհրաժեշտությունն էլ դարձել է գիտաժողովը կազմակերպելու գլխավոր շարժառիթը։
«Վերջին ձեռքբերումներից է, օրինակ, Չինաստանի գիտնականների ստեղծած LHAASO սարքը, որը հնարավորություն է տալիս գրանցելու գամմա ճառագայթներ։ Մինչ դետեկտորի ստեղծումը գամմա ճառագայթների՝ մեզ հասնելը անհնարին էր թվում, սակայն սարքը հակառակն է ապացուցում»,- նշեց Ֆ. Ահարոնյանը։
Չինաստանի գիտությունների ակադեմիայի բարձր էներգիայի ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Ռուիզի Յանը, գիտաժողովին ներկայացրեց վերոհիշյալ դետեկտորի գործառույթները։
«LHAASO-ն առաջին աստղադիտարանն է, որը կարողանում է ճշգրիտ չափել հետփայլի ամբողջական պրոցեսը, որը ներառում է տերաէլեկտրոնվոլտ գամմա ճառագայթների հոսքի ամբողջ փուլը՝ վերելքից մինչև քայքայում»,- բացատրեց Ռուիզի Յանը:
Աստղաֆիզիկոսը մեզ հետ զրույցում նշեց, որ 2022 թվականի հոկտեմբերին առաջին անգամ այս ֆոտոնները հասել են LHAASO-ի տեսադաշտ, որտեղ հավաքվել են ավելի քան 60 000 գամմա ճառագայթների ֆոտոններ:
Իտալիայի աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի (INAF) գիտական քարտուղար, գիտաժողովի համակազմակերպիչ Ջովանի Պարեսկին կարևորեց Չերենկովյան աստղադիտակների նոր ASTRI նախագծի իրագործումը Տեներիֆեում (Կանարյան կղզիներ)։ Գիտնականը փաստեց, որ այն մեծ նշանակություն կունենա տասնամյակների վաղեմություն ունեցող տեսությունն ապացուցելու համար, որը ենթադրում է, որ տիեզերական ճառագայթները ծագում են գերնոր աստղերի մնացորդներից։
Գերմանիայի Մաքս Պլանկի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկական պլազմայի տեսության խմբի ղեկավար, գիտաժողովի համակազմակերպիչ Բրայան Ռևիլը, անդրադառնալով LHAASO-ի ստեղծման աշխատանքներում իր կատարած ուսումնասիրություններին, նշեց. «Իմ հետազոտության մեջ ես մեծ մասամբ կենտրոնացել եմ տիեզերական ճառագայթների ծագման վրա՝ պարզելու, թե որտեղից են դրանք առաջանում, և ինչ աղբյուրներ կան»։
Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի, Գերմանիայի Մաքս Պլանկի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի, Իտալիայի աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի և Չինաստանի գիտությունների ակադեմիայի բարձր էներգիայի ֆիզիկայի ինստիտուտի համատեղ ջանքերով։