- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում տեղի ունեցավ հոգեբանության հիմնախնդիրներին առնչվող միջազգային գիտաժողով
Հոկտեմբեր 16, 2023 | 14:15
Գիտություն
Կոնֆերանսներ
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում տեղի ունեցավ հոգեբանության հիմնախնդիրներին առնչվող միջազգային գիտաժողով
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժինը կազմակերպեց «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով երկօրյա 9-րդ միջազգային գիտաժողովը։
Ավանդույթ դարձած գիտաժողովի նպատակն էր համախմբել տարբեր երկրների հայ և օտարազգի հոգեբանների և միասին քննարկել ոլորտին առնչվող տեսական և կիրառական խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները և համագործակցության հնարավորությունները:
Միջազգային գիտաժողովին մասնակցեցին ոլորտի ավելի քան 100 ներկայացուցիչներ ինչպես ՀՀ բուհերից (Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Երևանի պետական բժշկական համալսարան), այնպես էլ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի և այլ երկրների ավելի քան 45 համալսարաններից:
Երկու օրերի ընթացքում ներկայացված ավելի քան 48 զեկույցներն առնչվում էին փորձարարական հոգեբանությանը, տրավմայի, ճգնաժամային, արտակարգ և հետպատերազմյան իրավիճակների հոգեբանությանը, նյարդաբանությանը, անձի և սոցիալական միջավայրի հոգեբանությանը, կառավարման և կազմակերպական հոգեբանությանը, սպորտի հոգեբանությանը, զարգացման և մանկավարժական հոգեբանությանը, ներառական կրթության հոգեբանական հայեցակարգերին, հոգեբանական կրթությանը, միջառարկայական հետազոտություններին և այլ թեմաների: Բացի զեկույցներ ներկայացնելուց՝ գիտաժողովի շրջանակում անցկացվեցին նաև պլենար քննարկումներ, ուսուցողական և բանավեճային նստաշրջաններ, սեմինարներ և այլն:
Գիտաժողովի կազմկոմիտեի երաշխավորած թեզիսների հիման վրա նախատեսվում է գիտական հոդվածների տպագրություն «Արդի հոգեբանություն» գիտական հանդեսում, որն ունի միջազգային նշանակություն. այստեղ տպագրվում են նաև միջազգային գործընկերների գիտական հոդվածները, և հանդեսի էլեկտրոնային տարբերակը հասանելի է ամբողջ աշխարհում:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով գիտաժողովի անցկացումը, նշեց. «Արդեն 9-րդ անգամ անցկացվող գիտաժողովը մասնագիտական տեսակետների փոխանակման, քննարկումների ու բանավեճերի հրաշալի հարթակ է, որի արդյունքը կլինեն գիտական հոդվածները։ Դրանք հասանելի կլինեն ոչ միայն հայ, այլև միջազգային լսարանին, ինչը կամրապնդի ԵՊՀ-ի դիրքը միջազգային գիտական հանրույթում»։
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, Հայաստանի հոգեբանների միության նախագահ Հրանտ Ավանեսյանն ընդգծեց․ «Հայաստանում հոգեբանությունն այսօր ունի միջազգային չափանիշներին համապատասխանող զարգացման մակարդակ, ինչի մասին է վկայում հռչակավոր գիտնականների այցը: Նրանք գալիս են ոչ միայն սովորեցնելու, այլև մեզ հետ հավասար քննարկելու և այստեղի փորձը սովորելու»:
2022 թ․ դեկտեմբերին հիմնվել է «Հայաստանի հոգեբանների միություն» հասարակական կազմակերպությունը, որը նպատակ ունի ընդունելու հոգեբանի գործունեության բարոյագիտական նորմերը և լիցենզավորելու հոգեբանական գործունեությունը։ Խնդիրները լուծելու համար տևական ժամանակ է՝ միությունը աշխատում է Կանադայի և ԱՄՆ-ի հոգեբանների և հոգեբույժների հետ, որոնցից մեկը Կանադայի ՄքԳիլ համալսարանի պրոֆեսոր Ռիտա Սուլահյան-Կույումջյանն է․ նա գիտաժողովի պատվավոր հյուրերից էր։
Անդրադառնալով համալսարանի հետ գործակցությանը՝ Ռիտա Սուլահյան-Կույումջյանը ասաց. «Երևանի պետական համալսարանի և Հայաստանի հոգեբանների միության հետ համագործակցության շրջանակում ցանկանում ենք ՀՀ-ում ներդնել FOCUS (Families OverComing Under Stress) ծրագիրը, որը մշակել են Հարվարդի և Կալիֆոռնիայի համալսարանների գիտնականները։ Ծրագիրը նպատակ ունի հոգեբանական տարբեր ծառայությունների միջոցով աջակցելու պատերազմական իրավիճակում գտնվող երկրների ընտանիքներին։ Կարծում ենք՝ տարբեր երկրներում FOCUS-ի հաջողությունը կարող է օգտակար լինել նաև պատերազմի ժամանակ սթրես և տրավմա ապրող հայ ընտանիքների համար»:
Մասնագետները կարևորում են FOCUS ծրագրի ներդրումը՝ հաշվի առնելով վերջին տարիներին տեղի ունեցած պատերազմական գործողությունները և դրանց պատճառով առաջացած սթրեսային հոգեվիճակը: