- Գլխավոր
- Նորություններ
- Իտալերենի շաբաթը ԵՊՀ-ում
Հոկտեմբեր 16, 2023 | 15:13
Գործընկերներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Իտալերենի շաբաթը ԵՊՀ-ում
Արդեն 23 տարի է՝ աշխարհում նշվում է Իտալերենի շաբաթը, որից անմասն չի մնում նաև ԵՊՀ-ն: Այս տարի միջոցառումների շարքն անցկացվում է «Իտալերենը և շրջակա միջավայրի կայուն զարգացումը» խորագրով։ Իտալերենի շաբաթը բուհում միջոցառումներով նշանավորելու նպատակը ուսանողներին արդի իտալերենի և իտալական մշակույթի առանձնահատկություններին հաղորդակից դարձնելն է:
Այս ամենամյա միջոցառումը միջազգային բնույթ ունի և անցկացվում է հոկտեմբերի 3-րդ շաբաթվա ընթացքում: Ամեն տարի միջոցառման համար ընտրվում է որևէ խորագիր, որը մեկտեղում է թեմայի շուրջ կազմակերպվող բոլոր միջոցառումները: Այս տարի անցկացվող միջոցառումների հիմքում եղել են բնապահպանական խնդիրները:
Միջոցառման ընթացքում ԵՊՀ-ում և Հանրապետության մյուս ուսումնական հաստատություններում կազմակերպվելու են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ ֆիլմերի ցուցադրություն, մշակութային միջոցառումներ և արտալսարանային դասընթացներ, որոնք նվիրված կլինեն իտալերենին, իտալական մշակույթին, ինչպես նաև հայ-իտալական մշակութային ընդհանրություններին։
Ընդգծելով միջոցառման կարևորությունը՝ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գևորգ Բարսեղյանը նշեց, որ նման միջոցառումների անցկացումը ԵՊՀ-ում արդեն ավանդույթ է դարձել։
«Ավելի քան 10 տարի է, ինչ ԵՊՀ-ում նշվում է Իտալերենի շաբաթը: Այն միտված է Հայաստանում իտալերենի և իտալական մշակույթի տարածմանը: Գաղտնիք չէ, որ իտալերենի ավանդը համաշխարհային մշակույթի ձևավորման գործում ահռելի է, մեր բուհում ևս լեզուն ունի դասավանդման ավանդույթներ։ Ուրախ ենք, որ ԵՊՀ-ն նույնպես անմասն չի մնում իտալերենին և ընդհանրապես Իտալիային նվիրված միջոցառումներից»,- ասաց նա։
Միջոցառման շրջանակում ԵՊՀ էր այցելել Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Րիզոն։
Շեշտելով հայ-իտալական մշակութային կապը՝ Հայաստանում Իտալիայի դեսպանը նշեց, որ երկու երկրների մշակութային ընդհանրությունները բխում են բազմադարյա պատմության ակունքներից։
«Մեծ նմանություն կա հայ և իտալական մշակույթների միջև։ Մասնավորապես՝ հնարավոր է առանձնացնել անձնանունները։ Միայն հին մշակույթներ ունեցող ազգերին է բնորոշ ունենալ անձնանուն, որը նաև երկրի անվանումն է, օրինակ՝ Իտալիայում ունենք Իտալիա անունը, իսկ Հայասատանում՝ Հայաստան կամ Հայկ։ Այլ երկրներում երբևէ չեմ հանդիպել նման առանձնահատկության։ Կարծում եմ՝ այս ամենի հիմքը մշակույթի հին օջախ լինելն է»,- նկատեց դեսպան Ալֆոնսո դի Րիզոն։
Շեշտելով միջոցառման շարժառիթը՝ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հասմիկ Բաղդասարյանը մանրամասնեց, որ նպատակը բացառապես իտալերենով բնապահպանական խնդիրները առաջադրելն է և պայքարելու հնարավոր լուծումներ ներկայացնելը։
««Իտալերենը և շրջակա միջավայրի կայուն զարգացումը» թեմայի ընտրությունը կատարել է Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը։ Միջոցառումների շարքն ամբողջ աշխարհում անցկացվում է իտալերենով և նպատակ ունի լեզվի միջոցով խթանելու շրջակա միջավայրի բնապահպանական կայունության զարգացման մշակույթը»,- ասաց Հ․ Բաղդասարյանը։
Նշենք, որ այս տարի Իտալերենի շաբաթվան նվիրված միջոցառումների շարքը նախաձեռնել են ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հասմիկ Բաղդասարյանը և Իտալիայից գործուղված դասախոս Օռնելա Չիրիլոն: