- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ այցելեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը
Նոյեմբեր 03, 2023 | 15:37
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
ԵՊՀ այցելեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը
Երևանի պետական համալսարան կատարած այցելության շրջանակում Վասիլիս Մարագոսը հանդիպեց ԵՊՀ ղեկավար կազմի և ուսանողների հետ՝ քննարկելու Եվրոպական միության հետ իրականացվող կրթագիտական ծրագրերը և համագործակցության հեռանկարները:
Հանդիպմանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը դեսպանին ներկայացրեց ԵՊՀ գործունեությունը, տարբեր ուղղություններով իրականացված բարեփոխումների ծրագրերը, կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև բուհի զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու առաջիկա ծրագրերը։
Ներկաները դեսպանի հետ քննարկեցին նաև ԵՊՀ միջազգայնացման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող նախագծերը։ ԵՊՀ ռեկտորը տեղեկացրեց, որ բուհերի կարողությունների զարգացման ծրագրերում ԵՊՀ-ն այս տարի ունի աննախադեպ քանակով մասնակցություն․ ամփոփված տվյալների համաձայն՝ ԵՊՀ-ն ներգրավված է 5 նախագծերի աշխատանքներում, որոնցից մեկի՝ «KPI4HE»-ի դեպքում ծրագրի համակարգողն է։
ԵՊՀ ղեկավարությունը Վասիլիս Մարագոսին ներկայացրեց Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով ԵՊՀ նախաձեռնություններն ու իրականացրած ծրագրերը, ինչպես նաև Արցախի բուհերից ԵՊՀ տեղափոխված ուսանողների խնդիրներն ու կարիքները։
Ղեկավար կազմի հետ հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ պրոռեկտորներ Էլինա Ասրիյանը, Ռաֆայել Բարխուդարյանը, Միքայել Հովհաննիսյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը:
Ուսանողների հետ հանդիպմանը ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը ներկայացրեց ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող նոր ծրագիրը, որի նպատակն է մշակել և ուսումնական պլաններում ներդնել «Մեդիագրագիտություն» և «Քննադատական մտածողություն» դասընթացները, ինչպես նաև ԵՊՀ ակադեմիական ու վարչական անձնակազմի համար անցկացնել «Քննադատական մտածողություն» թեմայով վերապատրաստման ծրագիր:
Բարձր գնահատելով Երևանի պետական համալսարանի հետ գործակցային կապերը՝ Վասիլիս Մարագոսը նշեց. «Եվրոպական միության համար կարևոր է կրթության և կարիերայի զարգացման բնագավառներում ներգրավել ու աջակցել երիտասարդներին: Այդ նպատակին միտված պատրաստ ենք համատեղ նոր ծրագրեր կյանքի կոչել ԵՊՀ-ում»:
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան, ուսանողները Վասիլիս Մարագոսից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: