- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ կենսաբանները կատարում են հետազոտություն՝ ի նպաստ կանանց առողջության պահպանման
Նոյեմբեր 10, 2023 | 00:34
Գիտություն
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ կենսաբանները կատարում են հետազոտություն՝ ի նպաստ կանանց առողջության պահպանման
Հակաբիոտիկների նկատմամբ ախտածին մանրէների կայունությունը անհրաժեշտություն է առաջացրել ստեղծելու նոր դեղամիջոցներ: Այդ նպատակով ԵՊՀ կենսաբանները հետազոտում են ՀՀ տարածքում բնակվող էթնիկ խմբերի կանանց միկրոբիոմը (մարդու օրգանիզմում բնակեցված մանրէների ամբողջականություն): Արդյունքների հիման վրա դեղագործական ֆիրմաների հետ համագործակցությամբ կպատրաստվեն դեղամոմիկներ՝ կանանց առողջության մանրէաբանական պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում իրականացվող «ՀՀ տարածքում բնակվող տարբեր էթնիկական խմբերին պատկանող կանանց հեշտոցային միկրոբի ուսումնասիրությունը և կաթնաթթվային բակտերիաների դերը կանանց առողջության համար» գիտական թեման ֆինանսավորում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ երեք տարի ժամկետով:
Թեմայի շրջանակում ուսումնասիրվում է հայ, եզդի և մոլոկան կանանց հեշտոցային միկրոբիոմը: Գիտական խումբը կատարում է մանրէական հետազոտությունները ոչ միայն դասական եղանակով, ինչն արդեն իսկ արվել է նախկինում, այլև անցել է ավելի բարձր մակարդակի՝ կատարելով մոլեկուլագենետիկական եղանակով հետազոտություն։
Գիտական խմբի ղեկավար, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Ինգա Բազուկյանը, անդրադառնալով հետազոտության յուրատիպությանը, նշեց. «Էթնիկ փոքրամասնությունները հիմնականում օգտվում են իրենց տարածաշրջանների բժշկական ծառայություններից: Անհրաժեշտությունից ելնելով՝ գտանք նրանց հետ աշխատող բժիշկների, որոնք կամավոր սկզբունքով համագործակցեցին մեզ հետ՝ տրամադրելով հետազոտության համար մեզ անհրաժեշտ նմուշները»:
Հետազոտողներն ուսումնասիրության համար առանձնացրել են 3 խումբ՝ առողջ, հեշտոցային կանդիդոզով հիվանդ և մինչև 12 շաբաթական հղի բուժառուներ: Նրանք ուսումնասիրում են այս երեք խմբերի հեշտոցային միկրոբիոմի կենսաբազմազանության առանձնահատկությունները և տարբերությունները: Գիտական թեման նաև նպատակ ունի մեկուսացնելու բարձր անտագոնիստական ակտիվությամբ օժտված կաթնաթթվային բակտերիաները (ԿԹԲ), մաքրելու ակտիվ բաղադրիչները և դրանց կիրառմամբ շտկելու փոփոխված միկրոբիոմը:
Հետազոտության արդյունքների հիման վրա կպատրաստվեն դեղամոմիկներ, որոնք կկիրառվեն բուժման և ախտածին մանրէների կանխարգելման նպատակով: Օրինակ՝ հղիության ժամանակ այդ դեղամոմիկների կիրառումը բացարձակ անվնաս է և կշտկի հղի կնոջ միկրոբիոմը՝ թույլ չտալով ախտածինների մուտքը, որոնք կարող են հանգեցնել վաղաժամ ծննդաբերության, վիժման և այլ հետևանքների։
2021 թվականից իրականացվող գիտական նախագծի շրջանակում տպագրվել է գիտական հոդված միջազգային բարձր վարկանիշ ունեցող «Letters in Applied Microbiology» պարբերականում: Մեկ այլ հոդված միջազգային բարձր վարկանիշ ունեցող «Heliyon» պարբերականում տպագրման փուլում է, ինչպես նաև մարտին լույս է տեսնելու «Մանրէների կարևորությունը. արդյունաբերական հեռանկար» («Microbial Essentialism: An Industrial Prospective») գիրքը, որի գլուխներից մեկը հեղինակել է այս հետազոտությունը կատարող գիտական խումբը: Գրքի գլխում նկարագրվում է կաթնաթթվային բակտերիաների կարևորությունը տարբեր ոլորտներում:
Գիտական խմբի անդամներն են ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Տիգրան Ալեքսանյանը, նույն ամբիոնի մագիստրոս Անահիտ Ռոստոմյանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս, բ.գ.թ. Նելլի Նահապետյանը: Նախագծի միջազգային խորհրդատուն է Նանտի գյուղատնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի Կենսապոլիմեների հետազոտման լաբորատորիայի (Ֆրանսիա) նախկին ղեկավար, կ.գ.դ. Թոմաս Հերտլեն:
Ինգա Բազուկյանը և Թոմաս Հերտլեն համագործակցում են 2008 թվականից՝ Թ. Հերտլեի նախաձեռնությամբ կյանքի կոչելով գիտական նախագծեր: Գործակցության 15 տարիների ընթացքում Թոմաս Հերտլեն ԵՊՀ է այցելում 3-րդ անգամ՝ կատարվող գիտական գործընթացներին անձամբ ծանոթանալու նպատակով: Նախորդ այցերը եղել են 14 և 16 տարի առաջ:
Անդրադառնալով այս տարիների ընթացքում ԵՊՀ-ում տեղի ունեցած բարեփոխումներին՝ Թ. Հերտլեն նշեց. «Բարելավվել են ոչ միայն ԵՊՀ լսարանային պայմանները, այլև լաբորատոր հագեցվածությունը, ինչը հնարավոր է դարձնում բազմակողմանի հետազոտությունների կատարումը: Շատ ուրախ եմ այդ զարգացումը տեսնելու համար և կփորձեմ անել առավելագույնը՝ ԵՊՀ կենսաբաններին ծանոթացնելու օտարերկրացի այլ գիտնականների ու հետազոտողների հետ՝ գիտական այս կարևոր ուղղությունը զարգացնելու նպատակով»:
Ինգա Բազուկյանը շեշտեց, որ ծրագրում են դիմել այլ դրամաշնորհի՝ նպատակ ունենալով պարզելու, թե ինչպես է փոխվում կանանց հեշտոցային միկրոբիոմը արգանդի վզիկի քաղցկեղի և արգանդի քաղցկեղի դեպքերում։
Նշենք, որ ԵՊՀ կատարած այցի ավարտին Թոմաս Հերտլեն անցկացրել է ամփոփիչ դասախոսություն՝ «Ի՞նչ կարելի է անել մեկ սպիտակուցով, ի՞նչ կարելի է անել կաթնաթթվային բակտերիաներով» թեմայով, որին ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի աշխատակիցները, ասպիրանտները և ուսանողները: