- Գլխավոր
- Նորություններ
- Պրակտիկայի նոր հնարավորություն ԵՊՀ ուսանողների համար
Նոյեմբեր 08, 2023 | 12:19
Գործընկերներ
Կարիերա
Պրակտիկայի նոր հնարավորություն ԵՊՀ ուսանողների համար
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Align Technology» բժշկական սարքերի համաշխարհային ընկերության համագործակցության շրջանակում համալսարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ ուսանողները ծանոթացան ՏՏ ոլորտում հաջողակ կարիերա ստեղծելու նրբություններին և հեռանկարներին։
«Align Technology» ընկերության ներկայացուցիչները ԵՊՀ ուսանողներին ներկայացրին իրենց կազմակերպության գործունեությունը, պրակտիկայի և կամավորության հնարավորությունները: Հանդիպման ժամանակ անցկացվեց «Ինչպե՞ս կառուցել ձեր կարիերան ՏՏ ոլորտում» թեմայով դասընթաց, որի շրջանակում անդրադարձ կատարվեց ՏՏ ընկերություններում հարցազրույցի և աշխատանքի առաջարկի շուրջ բանակցելու առանձնահատկություններին:
«Align Technology» ընկերության նախաձեռնությամբ ԵՊՀ-ի հետ համագործակցությունը մեկնարկել է նախորդ տարի․ կազմակերպված տեղեկատվական հանդիպման արդյունքում ԵՊՀ շատ ուսանողներ ընկերությունում անցել են մի քանի փուլից բաղկացած պրակտիկա, որից հետո 3 ուսանող ստացել է աշխատանքի առաջարկ և սկսել աշխատել միջազգային ընկերությունում:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, անդրադառնալով հանդիպումների նպատակին, ընդգծեց, որ դրանք ինքնանպատակ չեն և միտված են ոչ միայն ուսանողներին ծանոթացնելու աշխատաշուկայի նոր ուղղություններին, այլև նրանց մասնագիտական գործունեություն ծավալելու հստակ առաջարկներ անելուն:
Կարևորելով ընկերության հետ գործընկերային կապերի ամրապնդումը՝ Կ. Նազարյանը նշեց. «Հաշվի առնելով «Align Technology» ընկերության ընձեռած կարիերայի և մասնագիտական աճի հնարավորությունները, նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունը և ուսանողների մեծ հետաքրքրվածությունը՝ որոշեցինք կազմակերպել ևս մեկ հանդիպում»:
«Align Technology» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Նատալյա Սուվորովան, անդրադառնալով պրակտիկայի ծրագրին, շեշտեց, որ այն շահավետ է թե՛ կազմակերպության, թե՛ ուսանողների համար:
«Պրակտիկայի ծրագրի միջոցով մենք գտնում ենք տաղանդավոր երիտասարդների, որոնք հետագայում միանում են մեր թիմին: Մյուս կողմից՝ ուսանողները ծանոթանում են մեր ընկերության աշխատանքային առանձնահատկություններին, հայկականից էապես տարբերվող ամերիկյան աշխատաոճին, ներքին մշակույթին և կողմնորոշվում թիմին միանալու ցանկության ու պատրաստակամության հարցում»,- ընդգծեց Նատալյա Սուվորովան՝ հանդիպման առանցքային նպատակներից մեկը համարելով ԵՊՀ ուսանողներին իրենց ընկերությունում պրակտիկա անցնելու հնարավորության առաջարկ ներկայացնելը:
«Այն շատ կարևոր է մեզ համար, քանի որ մեր ընկերությունում աշխատող ուսանողների մեծ մասը հենց Երևանի պետական համալսարանից են»,- հավելեց նա:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրենն ընդգծեց, որ շարունակելու են քայլեր ձեռնարկել «Align Technology» ընկերության հետ գործակցությունն ամրապնդելու և նոր ծրագրեր (ներառյալ կրթական) կյանքի կոչելու ուղղությամբ:
Նշենք, որ «Align Technology» բժշկական սարքավորումների համաշխարհային ընկերությունը օրթոդոնտիկ ու վերականգնողական բուժում է իրականացնում և բժշկական ծառայություններ մատուցում միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: