- Գլխավոր
- Նորություններ
- Գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի 100-ամյակին
Նոյեմբեր 10, 2023 | 16:00
Գիտություն
Կոնֆերանսներ
Կրթություն
Գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի 100-ամյակին
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց հոբելյանական եռօրյա գիտաժողով՝ նվիրված վաստակաշատ գրականագետ, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի 100-ամյակին։ Գիտաժողովի նպատակը մեծ գրականագետի գիտական ժառանգությունը ևս մեկ անգամ վերարժևորելն ու գիտնականի վառ հիշատակին հարգանքի տուրք մատուցելն էր։
Գիտաժողովը մեկնարկեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում, երկրորդ նստաշրջանն անցկացվեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում, որի ժամանակ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, գիտնականի գործունեությամբ հետաքրքրված գիտաշխատողներ և ուսանողներ հանդես եկան ելույթներով ու զեկուցումներով՝ ներկայացնելով ակադեմիկոսի գիտական, մանկավարժական գործունեությունն ու թողած ժառանգությունը։
Էդվարդ Ջրբաշյանը ԵՊՀ-ում գիտամանկավարժական գործունեություն ծավալելուն զուգահեռ հիմնադրել և ղեկավարել է նաև Գրականության տեսության ու գեղագիտության, Արտասահմանյան գրականության ու գրականության տեսության ամբիոնները, մասնակցել գրահրատարակչական աշխատանքներին՝ ստեղծելով, այնուհետև նաև խմբագրելով «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսը։
Ֆակուլտետի դեկան, բ․գ․թ․, դոցենտ Արշալույս Գալստյանը, իր ելույթում ընդգծելով գիտաժողովի կարևորությունը, փաստեց, որ գիտական գործունեությամբ և ներկայացրած հարուստ ժառանգությամբ Էդ․ Ջրբաշյանը համալրել է գիտության երախտավորների շարքերը։
«Մեծ գիտնականը հայտնի է իր մենագրություններով և գիտական հոդվածներով, որոնք նվիրված են հայ գրականության ականավոր դեմքերին։ Իր կյանքի շուրջ 15 տարիները նվիրելով բանաստեղծ, արձակագիր Հովհաննես Թումանյանի գրական ժառանգության ուսումնասիրությանը՝ նա համարվում է թումանյանագիտության հիմնասյուներից մեկը»,-նշեց նա։
Ընդգծելով գիտության ոլորտում Էդվարդ Ջրբաշյանի ավանդը՝ Ա. Գալստյանը առանձնացրեց գիտնականի հեղինակած «Գրականության տեսություն» բուհական դասագիրքը, որը մինչ օրս ունեցել է ավելի քան 7 հրատարակություն։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Աշխեն Ջրբաշյանը, շեշտելով գիտնականի դերը հայ գրականության մեջ, ասաց․ «Էդ․ Ջրբաշյանի շնորհիվ գրականության մեջ մեծ թափ առավ գրականության տեսության ուղղությունը։ Ակադեմիկոսն օտարազգի գիտնականների հետ համագործակցության միջոցով փորձում էր զարգացնել գրական տեսական միտքը հայ իրականության մեջ»։
Նշենք, որ Էդվարդ Ջրբաշյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման, մի շարք պետական մրցանակների, պարգևների և շքանշանների:
Հավելենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող եռօրյա գիտաժողովի աշխատանքներն ամփոփվեցին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։
Ավելին՝ տեսանյութում։