- Գլխավոր
- Նորություններ
- Ամփոփվեցին ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 9-րդ գիտաժողովի արդյունքները
Նոյեմբեր 13, 2023 | 13:45
Գիտություն
Հետազոտություն
Միջոցառումներ
Ամփոփվեցին ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 9-րդ գիտաժողովի արդյունքները
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 9-րդ գիտաժողովի փակման հանդիսավոր արարողությունը: Լավագույն զեկուցումներ ներկայացրած մասնակիցները ստացան հավաստագրեր:
Նոյեմբերի 6-10 անցկացված գիտաժողովի շրջանակում անցանց և առցանց ձևաչափերով զեկուցում են ներկայացրել ՀՀ և արտասահմանյան բուհերի ավելի քան 120 մասնակիցներ 12 բաժանմունքներում՝ աշխարհագրության և երկրաբանության, արևելագիտության, գրականագիտության և լեզվաբանության, ժուռնալիստիկայի, իրավագիտության, կենսաբանության և ֆարմացիայի, մանկավարժության, պատմության, սոցիոլոգիայի, տնտեսագիտության և կառավարման, փիլիսոփայության և հոգեբանության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների:
Գիտաժողովի շրջանակում կազմակերպված մշակութային երեկոյի ընթացքում անցկացվեց պանելային քննարկում՝ «Բացահայտենք երիտասարդ հետազոտողներին» խորագրով: Ճարտարապետ, 3D վերակազմող, պատմական հագուստի ուսումնասիրող և վերարտադրող Ռուբեն Սարգսյանը խոսեց «Անտիկ Հայաստանի ամրոցաշինությունը և արքունական հագուստի ուսումնասիրությունը» թեմայի շուրջ: Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի դասախոս, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ Գուրգեն Մուրադյանը ներկայացրեց «Պատմությունը սցենարիստի և ռեժիսորի երևակայական գունապնակում» թեման: Պանելային քննարկման երրորդ խոսնակը ԵՊՀ և Տարտուի համալսարանի շրջանավարտ, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կրթաթոշակակիր Արևիկ Ղռմաջյանն էր, որն անդրադարձավ «Արտալսարանային ուսուցումը՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու միջոց» թեմային:
Անցկացվեցին նաև «ՀՀ սոցիալ-տնտեսական գործընթացների տարածաժամանակային հարաբերությունները» և «Հայաստանի առաջին հանրապետության պատմական փորձի արդիականությունը» թեմաներով պանելային քննարկումներ, որոնց շրջանակում գիտաժողովի մասնակիցները ներկայացրին իրենց գաղափարները, ծավալվեցին ակտիվ քննարկումներ:
Հնգօրյա գիտաժողովն ուներ նաև պատմաճանաչողական նշանակություն. մասնակիցներն այցելեցին Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, «Տոնացույց» մշակութային կենտրոն, Ոսկեվազի գինու գործարան:
Հիշեցնենք, որ գիտաժողովի ավարտից հետո մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց ամբողջական հոդվածները, որոնք կանցնեն երկրորդ գրախոսության փուլ, և ժողովածուի չափորոշիչներին համապատասխանելու դեպքում կտպվեն «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» պարբերականում։
Տեսանյութը՝ այստեղ: