- Գլխավոր
- Նորություններ
- Մագիստրոսական ծրագրի դիմելու հնարավորություններ Եվրոպայի քոլեջում
Նոյեմբեր 22, 2023 | 13:10
Գիտություն
Կրթական ծրագրեր
Կրթություն
Մագիստրոսական ծրագրի դիմելու հնարավորություններ Եվրոպայի քոլեջում
ԵՊՀ-ում անցկացվեց տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ ուսանողները ծանոթացան Եվրոպայի քոլեջի (Նատոլին) առաջարկած մագիստրոսական ծրագրին, տրամադրվող կրթաթոշակի փաթեթներին, մասնագիտական աճի, որակյալ կրթության և ընձեռվող այլ հնարավորություններին։
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը ներկայացվեցին «Եվրոպական միջառարկայական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագիրը և 2024-2025 ուստարում սովորելու համար հատկացվող կրթաթոշակային փաթեթները։
Քոլեջն Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ Հայաստանի ուսանողներին առաջարկում է կրթաթոշակային տարբեր փաթեթներ Եվրոպական հարևանության քաղաքականության, Եվրոպայի պատմության ու քաղաքակրթության, լրագրության և մեդիայի ոլորտներում:
Ամբողջական կրթաթոշակը նախատեսված է սոցիալական գիտություններ ուսումնասիրող բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողների և այն շրջանավարտների համար, որոնք ցանկանում են մասնագիտական աճ գրանցել։
Առաջարկվող «Եվրոպական միջառարկայական ուսումնասիրություններ» 10-ամսյա երկլեզու (անգլերեն, ֆրանսերեն) մագիստրոսական ծրագիրը, բացի մասնագիտական կրթությունից, ընդգրկում է նաև մեկշաբաթյա 2 ուսումնական այց տարբեր երկրներ, մասնակցություն լեզուների ամառային ակադեմիային, լեզուների (արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, լեհերեն, ռուսերեն, ուկրաիներեն և իսպաներեն) հավելյալ ուսուցման հնարավորություն, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հանդիպումներ և թրեյնինգներ։
ԵՊՀ և Եվրոպայի քոլեջի շրջանավարտ, Նատոլինում Եվրոպայի քոլեջի հաղորդակցման մասնագետ Տաթևիկ Հովհաննիսյանը, ուսանողներին ներկայացնելով ակադեմիական ծրագիրը, նշեց, որ բացի որակյալ կրթությունից՝ քոլեջն ընձեռում է նաև մասնագիտական զարգացմանը նպաստող և ինքնադրսևորվելու համար բազմաթիվ հնարավորություններ գիտաժողովների, սիմուլյացիոն խաղերի ու կրթական այլ նախաձեռնությունների մասնակցելու միջոցով:
Ընդգծելով ԵՊՀ-ի հետ համագործակցության կարևորությունը՝ Տ․ Հովհաննիսյանը փաստեց, որ այժմ Եվրոպայի քոլեջում կրթություն են ստանում ԵՊՀ ուսանողներ, որոնք դրսևորում են ակտիվություն և ունեն բարձր առաջադիմություն։
Կրթաթոշակը տրամադրվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ երիտասարդների զբաղվածություն և ձեռներեցություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության և Լիտվայի արտաքին գործերի նախարարության համաֆինանսավորմամբ։
Նշենք, որ մագիստրոսական ծրագրի հայտադիմումներն ընդունվում են մինչև 2024 թվականի հունվարի 16-ը։