- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ աստղադիտարանում կայացավ գիտությունն ու արվեստը համատեղող միջոցառում
Նոյեմբեր 24, 2023 | 10:15
Գիտություն
Միջոցառումներ
Մշակույթ
ԵՊՀ աստղադիտարանում կայացավ գիտությունն ու արվեստը համատեղող միջոցառում
Աշխարհահռչակ հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անունը կրող ԵՊՀ աստղադիտարանում տեղի ունեցավ «Արվեստը և տիեզերքը» խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրված էր աստղադիտարանի հիմնադրման 90-ամյակին և մեծ գիտնականի 115-ամյակին։
Միջոցառման ժամանակ հնչեցին աստղագիտության ոլորտում Վ․ Համբարձումյանի ունեցած ավանդին և գործունեությանը վերաբերող ելույթներ, հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու աստղադիտարանին և տիեզերքն արտացոլող արվեստի գործերին։
Աստղադիտարանի շենքը կառուցվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով դեռևս 1933 թ․, իսկ երեք տարի անց Վիկտոր Համբարձումյանը Լենինգրադից առաջին աստղադիտակն է բերել Հայաստան, որից հետո՝ 1940-ական թվականներին՝ աշխարհում հետախույզ դիտակներից լավագույնը, որը հիմա Բյուրականի աստղադիտարանում է:
Աստղադիտարանի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, խոսելով մեծ աստղագետի գիտական գործունեությունից, անդրադարձավ Վ․ Համբարձումյանի վարկածին։
«Հայաստան բերված դիտակի շնորհիվ է նաև, որ Բյուրականի աստղադիտարանում կատարված շատ հայտնագործություններ թույլ տվեցին Վիկտոր Համբարձումյանին ձևակերպել Բյուրականյան վարկածը, կամ ինչպես ասում ենք` Վիկտոր Համբարձումյանի վարկածը, որը փոխեց ամբողջ մարդկության պատկերացումը տիեզերքում ընթացող պրոցեսների վերաբերյալ»,- ասաց Աշոտ Մելքոնյանը՝ հավելելով, որ նրա հետազոտությունները 20-րդ դարում հիմք դրեցին տիեզերքի մասին նոր պատկերացումներ կազմելուն։
Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց նաև ԵՊՀ աստղադիտարանի առաքելությունը՝ փաստելով, որ արդեն երեք տարի շարունակ աստղադիտարանում անվճար հիմունքներով աշակերտների համար կազմակերպվում են ֆիզիկայի դասընթացներ, ինչպես նաև էքսկուրսիաներ, որոնց նպատակը երիտասարդների մոտ ոլորտի հանդեպ հետաքրքրութուն առաջացնելն է, գիտական բարձր արժեհամակարգ ձևավորելը, ինչպես նաև որակյալ կրթություն ապահովելը:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Սաթենիկ Վարդանյանը՝ անդրադառնալով Աստղադիտարանի այն կտավներին, որոնք տրամադրել են հայտնի արվեստագետները։ Նա նշեց, որ թեպետ ոճերով տարբերվող ստեղծագործություններ են, սակայն նրանց միավորում է մի սկզբունք` արարելու, բացահայտելու, աշխարհը ներդաշնակելու ունակությունը։
Միջոցառումը կազմակերպվել է ԵՊՀ Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարանի և ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ: ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, կարևորելով նախաձեռնությունը, նշեց, որ այն գիտությունն ու արվեստը համատեղող միջոցառում է, և նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական կլինեն. «Վիկտոր Համբարձումյանն այնպիսի մեծություն է, որի միջոցով աշխարհը ճանաչում է Հայաստանն ու հայ ժողովրդին։ Պատիվ է նրան նվիրված միջոցառում կազմակերպելը, մեկ անգամ ևս վերարժևորելը մեծ գիտնականի ավանդն ու գործունեությունը»։
Միջոցառմանը ներկա էին աստղաֆիզիկոսներ, հայագետներ, արվեստագետներ, պատմաբաններ, ԵՊՀ դասախոսներ ու ուսանողներ: Ավարտին Աստղադիտարանի տնօրենը հյուրերին ուղեկցեց աստղադիտակի մոտ, որտեղ կոմպոզիտոր, երաժիշտ, գործիքավորող Արթուր Հակոբյանն ու օպերային երգչուհի Լիլիթ Յանը հանդես եկան երաժշտական կատարումներով։
Տեսանյութ