- Գլխավոր
- Նորություններ
- Դպրոց-բուհ-աշխատաշուկա շղթայական կապի խաչմերուկում. կայացել է «BioExpo» ցուցահանդեսը
Նոյեմբեր 27, 2023 | 14:24
Կարիերա
Կրթություն
Միջոցառումներ
Դպրոց-բուհ-աշխատաշուկա շղթայական կապի խաչմերուկում. կայացել է «BioExpo» ցուցահանդեսը
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում արդեն երրորդ անգամ անցկացվեց «BioExpo»-ն՝ նպատակ ունենալով մասնակիցներին իրազեկելու Կենսաբանության ֆակուլտետի կրթական և գիտահետազոտական գործունեության, մասնագիտական աճի հնարավորությունների մասին, տրամադրելու աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև նպաստելու աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:
Ցուցահանդեսին մասնակցեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 7 ամբիոնները և կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10 լաբորատորիաները, հրավիրված 20 գործընկեր կազմակերպությունները, որոնք առանձին տաղավարներում ներկայացրին տարբեր ցուցանմուշներ, կատարեցին գիտափորձեր, պատմեցին իրենց գործունեության ու աշխատանքի հնարավորությունների մասին: Առանձին տաղավարով ներկայացավ նաև ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը շրջեցին տաղավարներով, ուսումնասիրեցին մասնակիցների աշխատանքները՝ ներկաների հետ քննարկելով բնագավառի նորարարությունները, խնդիրները և դրանց լուծման ուղիները:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, կ.գ.դ. Կարեն Ղազարյանը, կարևորելով «BioExpo»-ի անցկացումը, շեշտեց. «Կենսաբանության ֆակուլտետում արդեն ավանդույթ դարձած այս ցուցահանդեսը տարեցտարի ընդլայնում է սահմանները. առաջին անգամ մասնակցում էր միայն Կենսաբանության ֆակուլտետը, երկրորդ անգամ ներգրավեցինք նաև գործատուներին, որի հաջողված փորձը շարունակեցինք նաև այս անգամ»:
Կարեն Ղազարյանն ընդգծեց, որ Արցախից բռնի տեղահանված մոտ 60 ուսանող այժմ սովորում է Կենսաբանության ֆակուլտետում, և «BioExpo»-ն հրաշալի հնարավորություն է նաև նրանց համար՝ ֆակուլտետի գործունեությանը և աշխատանքային հեռանկարներին ծանոթանալու առումով:
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանն ընդգծեց, որ որոշ աշակերտներ նախորդ տարի մասնակցել են ցուցահանդեսին, ինչի շնորհիվ մեծացել է հետաքրքրվածությունը ԵՊՀ-ի նկատմամբ, և նրանք որոշել են կրթությունը շարունակել ՍԹԵՄ դպրոցում:
Տաղավարում դպրոցի աշակերտները ներկայացրին ՍԹԵՄ-ի գործունեությունը, առավելությունները, ընձեռած հնարավորությունները, ինչպես նաև խոսեցին ուսումնառության երեք ամիսների ընթացքում ստացած տպավորությունների մասին:
Դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Անի Դաբաղյանը մասնավորապես նշեց. «Ի թիվս այլ առավելությունների՝ ցուցահանդեսի այցելուներին պատմում ենք նաև ԵՊՀ լաբորատորիաներից օգտվելու հնարավորությունների մասին, ինչը չափազանց կարևոր է տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու առումով»:
Ցուցահանդեսի կազմակերպմանը աջակցել են ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների, շրջանավարտների և կարիերայի կենտրոնները, Կենսաբանության ֆակուլտետի ՈՒԽ-ն և ՈՒԳԸ-ն:
Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնը դպրոցներին իրազեկել է միջոցառման մասին և ապահովել աշակերտների մասնակցությունը: Կենտրոնի՝ դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Քրիստինե Հարությունյանն ասաց, որ նախորդ տարի միջոցառմանն այցելել էր 45-50 դպրոցի մոտ 600 աշակերտ, այս տարի ևս մեծ էր ակտիվությունն ու հետաքրքրվածությունը, ինչը միանշանակ ողջունելի է, քանի որ այսկերպ բուհը նպաստում է աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը հրավիրել էր ոլորտին առնչվող կազմակերպությունների և ընկերությունների՝ ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտներ, ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններ, կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաներ, բնապահպանության, սննդարդյունաբերության, կենսատեխնոլոգիայի ոլորտների տարբեր կազմակերպություններ և այլն։
Կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը տեղեկացրեց, որ գործատուները, մասնակցելով ցուցահանդեսին, հնարավորություն են ունենում համալրելու ուսանողների տվյալները՝ հետագայում նրանց զբաղվածությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև ամրապնդվում է բուհ-գործատու կապը:
Կենսաբանության ֆակուլտետի մագիստրանտ, ՈՒԽ նախագահ Ռուզաննա Հարությունյանը, անդրադառնալով ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներում ուսանողական կառույցների ներգրավվածությանը, շեշտեց. «ՈՒԽ-ն և ՈՒԳԸ-ն շատ են կարևորում այսօրինակ միջոցառումները, քանի որ ուսանողներն ակտիվորեն ներգրավվում են, կամավորական սկզբունքով ներկայացնում ֆակուլտետի և ուսանողական կառույցների գործունեությունը, ինչպես նաև անձամբ ծանոթանում գործատուներին և աշխատաշուկայի հնարավորություններին»:
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն առաջին անգամ է մասնակցում «BioExpo»-ին՝ տաղավարում ներկայացնելով կենսաբազմազանության վերաբերյալ իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները, համայնքների զարգացմանը նպաստող ծրագրերը և հանրային արշավները:
Կազմակերպության հանրային կապերի (PR) մենեջեր Անի Ավանեսյանը, կարևորելով բուհի և ուսանողների հետ կապերի ամրապնդումը, ասաց. «Մենք ունենք ծրագրեր, որոնցում ընդգրկում ենք ուսանողների: Օրինակ՝ տարբեր կենդանիների հաշվառման հսկայածավալ աշխատանքի ժամանակ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողներն ակտիվորեն ներգրավվում են որպես կամավորներ: Որակյալ և մեր պահանջներին համապատասխանող մասնագետների հայտնաբերման պարագայում անում ենք աշխատանքի առաջարկ, և կամավորները համալրում են մեր աշխատակիցների շարքերը»:
Լևոն Միրիջանյանի անվան №155 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները ոգևորությամբ նշեցին, որ առաջին անգամ են ԵՊՀ-ում և տպավորված են կազմակերպված ցուցահանդեսով:
«Այստեղ տեսանք վերացող բույսերի սերմեր, կենդանիների խրտվիլակներ, ծանոթացանք տարբեր ցուցանմուշների, մասնակցեցինք գիտափորձերի և ամրապնդեցինք կենսաբանությունից ունեցած մեր գիտելիքները»,- նշեց Մարկ Հակոբյանը: Վահագն Թամրազյանն էլ հավելեց. «Ծանոթանալով կենսաբանության բազմազան աշխարհին՝ իմ հետաքրքրվածությունը մեծացավ առարկայի նկատմամբ: Սիրով մյուս տարի ևս կմասնակցեմ միջոցառմանը»:
Նշենք, որ կազմակերպիչ ստորաբաժանումները, հաշվի առնելով «BioExpo» ցուցահանդեսի արդյունավետությունը, ծրագրում են ապագայում ընդլայնել դրա շրջանակը:
Տեսանյութ