- Գլխավոր
- Նորություններ
- Հայաստանի անկախության ազգաբանությունը․ պատմաբանները ներկայացրին գիտական ուսումնասիրությունների արդյունքները
Դեկտեմբեր 15, 2023 | 14:45
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն
Հայաստանի անկախության ազգաբանությունը․ պատմաբանները ներկայացրին գիտական ուսումնասիրությունների արդյունքները
Պատմության ֆակուլտետում անցկացվեց «Հայաստանի անկախության ազգաբանությունը․ փլուզում, վերստեղծում, փոփոխությունների պրակտիկաներ» խորագրով երկօրյա միջոցառումը, որը նպատակ ուներ ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում դասախոսների և ուսանողների կատարած հետազոտությունների արդյունքներն ամփոփելու, ներկայացնելու և դրա շուրջ հանրային քննարկում կազմակերպելու։
Քննարկելով կրթական գործընթացի խնդիրները, ինչպես նաև գիտակրթական կյանքում ուսանողների ներգրավվածությունն ակտիվացնելու հարցերը՝ պատմաբաններն ու ոլորտի մասնագետները հանգել էին գիտահետազոտական վերոնշյալ նախագիծը կյանքի կոչելու գաղափարին՝ նպատակ ունենալով հետազոտության տիրույթում ընդգրկել Հայաստանի անկախության ազգաբանությանը առնչվող թեմաներ:
Հնագիտության և ազգագրության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ: Ներկաները հարգանքի տուրք մատուցեցին «Հայոց համազգային շարժման» հիմնադիր-անդամ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ ԳԽ (1991-1995), ԱԺ (1995-1998) նախագահ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ-ում երկարամյա վաստակ ունեցած դասախոս Բաբկեն Արարքցյանի հիշատակին:
Քննարկման ներկայացված հետազոտական աշխատանքներում ընդգրկված թեմաները վերաբերում էին Հայաստանի անկախությանը, դրա հետ կապված պատմական իրողություններին և ուղեկցող պրակտիկաներին:
Ծրագրի գլխավոր նպատակներից մեկն էլ հետազոտական աշխատանքներում ուսանողների ներգրավվածությունն ապահովելն էր: Գիտական հետազոտության ընթացքում հոդվածների հեղինակների հետ աշխատել են տարբեր կուրսերում սովորող ուսանողներ, որոնք կատարել են բազմաբնույթ հանձնարարություններ՝ յուրացնելով հետազոտական աշխատանք կատարելու, գիտական նյութեր շարադրելու, փաստերն ուսումնասիրելու, ստուգելու, համեմատելու հմտությունները:
Հատկանշական է, որ ներկայացված 18 գիտական հոդվածները տպագրվելու են առանձին ժողովածուով, որն օգտակար կլինի ուսանողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պատմությունը, մշակույթը, ազգագրությունը ուսումնասիրող մասնագետների և գործընկերների համար:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ, ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը, անդրադառնալով ծրագրի կարևորությանը, շեշտեց, որ իրենց ակնկալիքը ոչ թե սոսկ ակադեմիական բնույթի հոդվածներ ունենալն էր, այլ այդ հոդվածները հետագայում կրթական գործընթացում և ուսումնական ծրագրերում ներառելը:
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Հարություն Մարությանը, կարևորելով նմանօրինակ հետազոտական աշխատանքների անհրաժեշտությունը և պատմական գործընթացների փոփոխությունները գիտական դաշտում արձանագրելը, նշեց, որ նմանօրինակ հետազոտությունների նպատակը ոչ միայն դեպքերի և իրադարձությունների մասին իրազեկելն է, այլև թեման գիտահետազոտական դաշտ բերելը:
Հավելենք, որ միջոցառմանը ներկա էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոսներ, ամբիոնների վարիչներ, ուսանողներ և հրավիրյալ մասնագետներ: