- Գլխավոր
- Նորություններ
- Երևանի պետական համալսարանի և «Էփրիքոթ Կապիտալ» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Դեկտեմբեր 15, 2023 | 16:51
Գիտություն
Գործընկերներ
Կրթություն
Երևանի պետական համալսարանի և «Էփրիքոթ Կապիտալ» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և հայաստանյան «Էփրիքոթ Կապիտալ» (Apricot Capital) ներդրումային լիցենզավորված ընկերության գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ միավորելու իրենց ջանքերը որակյալ մասնագետների պատրաստման, կրթական ու գիտահետազոտական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև համատեղ այլ ծրագրեր իրականացնելու համար:
Համագործակցության նպատակն է համատեղ ջանքերով, փորձով և ռեսուրսներով նպաստել կրթական ու գիտահետազոտական ծրագրերի իրագործմանը, իրականացնել ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման դասընթացներ, ուսումնաարտադրական պրակտիկաներ և դասընթացներ ԵՊՀ ուսանողների համար, տրամադրել դրամաշնորհներ (հատկապես Արցախից բռնի տեղահանված ուսանողներին), մշակել ու իրագործել կրթական և հետազոտական ծրագրեր, կազմակերպել գիտաժողովներ, գիտական սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ, իրագործել սոցիալական տարբեր ծրագրեր և այլն։
Բացի դրանից՝ ԵՊՀ մարքեթինգի բաժնի ու «SPRING PR» ընկերության նախաձեռնությամբ, ինչպես նաև ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աջակցությամբ այսօր ստորագրված հուշագրի շրջանակում կողմերը համագործակցելու են նաև ենթակառուցվածքների վերանորոգման և անվանակոչման հետ կապված հարցերի ու ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմացի այգու բարեկարգման աշխատանքների ուղղությամբ։
Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանը, Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, Մարքեթինգի բաժնի պետ, ծառայությունների առևտրայնացման պատասխանատու Ազնիվ Գրիգորյանը, «Էփրիքոթ Կապիտալ» ընկերության հիմնադիր Վարդան Ամարյանը, «SPRING PR» ընկերության համահիմնադիր, միջազգային ծրագրերի նախագծերի ղեկավար Տաթևիկ Սիմոնյանը և նախագծի ղեկավար Մարինե Գրիգորյանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով ժամանակակից դինամիկ զարգացող աշխարհում բուհ-մասնավոր ընկերություն համագործակցությունը, նշեց, որ այն պարզապես գործընկերություն չէ, այլ գերազանցությանը, նորարարությանը և որակյալ կադրերի պատրաստմանը նպաստելու համատեղ հանձնառություն․ «Այսպիսի համագործակցություններն օգնում են համադրելու ակադեմիական տեսությունները, գործնական հմտություններն ու աշխատաշուկայի պահանջները, հնարավորություն տալիս համատեղ հետազոտությունների միջոցով ապահովելու զարգացում և առաջընթաց, ինչպես նաև ստեղծելու, սովորելու և աշխատելու համար ոգեշնչող միջավայր»։
«Էփրիքոթ Կապիտալ»-ի հիմնադիր Վարդան Ամարյանը մեծապես կարևորեց կրթության ոլորտում նման համագործակցությունների դերը. «Մեր անցած ճանապարհն ու կուտակած փորձը փաստում են, որ կրթությունն է ամենակարևորն ու առանցքայինը՝ պահանջված մասնագետ դառնալու և անընդհատ հաջողություններ գրանցելու գործում։ Երբ Հայաստանում հիմնում էինք «Էփրիքոթ Կապիտալ» ներդրումային ընկերությունը, զգում էինք ոլորտում մասնագիտացած և փորձառու կադրերի բացը։ Այդ պատճառով էլ նմանօրինակ համագործակցությունները մեզ համար շատ կարևոր են. մենք կարողանում ենք հայ ուսանողներին և երիտասարդներին հասանելի դարձնել միջազգային ֆինանսական ոլորտի փորձը, որը կուտակել ենք երկար տարիների աշխատանքի շնորհիվ և մեր ընկերության թիմը համալրել նոր, գիտակ կադրերով»,- նշեց Վարդան Ամարյանը և հավելեց, որ հուշագիրը հնարավոր երկարատև համագործակցության սկիզբն է միայն, բուհ-մասնավոր հատված փոխգործակցությամբ տարաբնույթ նախագծեր կիրականացվեն։
Կողմերը փաստեցին, որ համագործակցության արդյունքները կլինեն առարկայական և տեսանելի կարճ ժամկետներում։