- Գլխավոր
- Նորություններ
- Հայկական դրամի 30-ամյակին նվիրված պանելային քննարկում ԵՊՀ-ում
Դեկտեմբեր 18, 2023 | 17:11
Գիտություն
Կրթություն
Միջոցառումներ
Հայկական դրամի 30-ամյակին նվիրված պանելային քննարկում ԵՊՀ-ում
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ «Հայկական դրամի 30-ամյակը. զարգացումներ և հեռանկարներ» խորագրով պանելային քննարկում, որի նպատակն էր ուսումնասիրել տնտեսության տարբեր ոլորտների հիմնախնդիրները և այդ քննարկումներին մասնակից դարձնել ֆակուլտետի ուսանողներին:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ թեմայի շրջանակում ուսումնասիրվել են դրամի ձևավորումից մինչ օրս տեղի ունեցած դրամավարկային քաղաքականության միտումներին ու զարգացումներին առնչվող հիմնահարցերը:
«Սա շատ կարևոր միջոցառում է, որով նաև սկիզբ է դրվում տնտեսական և հասարակական կարևոր նշանակություն ունեցող խնդիրների՝ նոր ձևաչափով քննարկմանը: Մեր հիմնական նպատակը տնտեսության ոլորտի մարտահրավերներն ու հիմնահարցերը քննարկման առարկա դարձնելն է: Հատկանշական է, որ այս քննարկումները ոլորտի առաջատար մասնագետների ակտիվ մասնակցությամբ են անցկացվում: Հարկ է ընդգծել, որ այսօրինակ միջոցառումների թիրախային խումբը նախ և առաջ ուսանողությունն է. պետք է պարբերաբար հնարավորություններ ստեղծել ուսանողների համար՝ լսարանային դասընթացներից դուրս հաղորդակցվելու ոլորտի հաջողակ և առաջատար մասնագետների հետ, ինչպես նաև հարցեր ուղղելու նրանց»,- ասաց Կ. Խաչատրյանը:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ալեքսանյանը, արժևորելով այս միջոցառումը, ընդգծեց. «Օրեր առաջ նշվեց Հայկական դրամի 30-ամյակը, որը ֆինանսաբանկային ոլորտի և մեր պետության համար առհասարակ էական իրադարձություն էր, քանի որ աշխարհում անկայունությանը և անորոշությանը զուգահեռ նոր իրողություններն են ձևավորվում: Այս համատեքստում չափազանց կարևոր է ոլորտի առաջատար մասնագետների ներգրավմամբ ԵՊՀ-ում այսօրինակ միջոցառում անցկացնելը: Այս քննարկման միջոցով ուսանողները, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հնարավորություն ունեն տեղեկանալու սպասվող իրադարձությունների մասին Կենտրոնական բանկի նախկին և ներկա նախագահներից, առևտրային բանկերի գործադիր և գլխավոր տնօրեններից, ինչպես նաև լսելու առաջիկայում դրամի ֆինանսատնտեսական կայունության հարցերի, մեկնաբանությունների մասին»:
Ֆինանսական, աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական արագ զարգացումները նպաստում են, որ հաճախ նմանօրինակ քննարկումներ տեղի ունենան՝ ապագա մասնագետներին ոլորտում առկա խնդիրները ներկայացնելու և դրանց լուծմանն ուղղված ռազմավարական քայլեր մշակելու նպատակով:
ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ (1994-1998 թթ.), «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի նախագահ, գործադիր տնօրեն Բագրատ Ասատրյանը, անդրադառնալով դրամի ծագմանը, շրջանառությանն ու արժևորմանը, պատմեց նախկինում ներդրված ծրագրերի և գործընթացների մասին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խոսեց դրամի անցած ճանապարհի, ապագա ծրագրերի և իրականացվող քաղաքականության մասին:
Պանելային քննարկման շրջանակում «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը և «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը ներկայացրին դրամավարկային կարգավորման առկա գործիքները և ոլորտի արդի հիմնահարցերը, ՀՀ տնտեսության մեջ ազգային արժույթի դերակատարման, ինչպես նաև ազգային արժույթի արժևորման հեռանկարների ու հնարավորությունների վերաբերյալ իրենց դիտարկումները, մոտեցումներն ու կանխատեսումները:
Մանրամասները` տեսանյութում։