- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները հաղթող են ճանաչվել միջազգային օլիմպիադայում
Նոյեմբեր 20, 2023 | 15:00
Գիտություն
Մրցույթներ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները հաղթող են ճանաչվել միջազգային օլիմպիադայում
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները Մաղտըմգուլիի անվան թուրքմենական պետական համալսարանի կազմակերպած քիմիայի միջազգային 2-րդ օլիմպիադայում գրավեցին մրցանակային տեղեր, որի համար նրանք արժանացան Թուրքմենստանի կրթության նախարարության հավաստագրերի։
Միջազգային 2-րդ առցանց օլիմպիադային մասնակցել են աշխարհի 23 երկրների 76 առաջատար բուհերի 500-ից ավելի ուսանողներ։ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետից օլիմպիադային մասնակցել են 6 ուսանողներ։
Մրցույթը նախատեսված էր և՛ քիմիայի բաժնի ուսանողների (Ա մակարդակ), և՛ այլ բաժինների ուսանողների համար (Բ մակարդակ)։ ԵՊՀ ուսանողները մասնակցել են Ա մակարդակի մրցույթին, և հինգ ուսանողներ հաղթող են ճանաչվել առաջին կարգում։
Քիմիայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողներ Մարիամ Հարությունյանը և Անահիտ Ջիլիկյանը օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցներից են։ Նրանք նշեցին, որ առցանց օլիմպիադայի խնդիրները տարատեսակ էին և վերաբերում էին ինչպես ֆիզիկական քիմիային, այնպես էլ օրգանական ու անօրգանական քիմիային․ «Օլիմպիադայի 20 առաջադրանքները կատարելու համար տրամադրվել էր երեք ժամ, չնայած, որ յուրաքանչյուր խնդրի լուծման համար երկար ժամանակ էր պահանջվում: Ֆիզիկական քիմիայի խնդիրներն ավելի շատ տրամաբանական էին, օրգանական և անօրգանական քիմիային առնչվող խնդիրները ևս շատ հետաքրքիր էին։ Առաջադրված խնդիրները պահանջում էին մասնագիտական խոր գիտելիքներ։ Ուրախ ենք և ոգևորված, որ կարողացանք գոհացուցիչ արդյունք գրանցել մրցույթում»:
Մրցույթն անցկացվեց «Zoom» հարթակով՝ մասնակիցների նկատմամբ հեռավար խիստ վերահսկողությամբ և տեսախցիկների միջոցով լսարանի դիտարկմամբ։
Մարիամ Հարությունյանը, որը դպրոցական տարիներին մասնակցել էր քիմիայի օլիմպիադայի, ինչպես նաև «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարին», նշեց, որ այս օլիմպիադային մասնակցելիս պատասխանատվությունն ավելի մեծ էր, քանի որ ներկայացնում էր ԵՊՀ-ն․ «Վերջին վայրկյանին որոշեցի մասնակցել օլիմպիադային և գիտակցում էի, որ պետք է համալսարանի անունը բարձր պահեմ»։
Անահիտ Ջիլիկյանը, բացի դպրոցական տարիներին մրցույթների մասնակցելուց, առաջին կուրսում ԵՊՀ թիմի կազմում մասնակցել է «Բնագիտության ուսանողական մրցաշարին», որի արդյունքներով թիմն զբաղեցրել է երրորդ տեղը։
Մարիամ Հարությունյանն ու Անահիտ Ջիլիկյանն այժմ աշխատում են Քիմիայի գիտահետազոտական կենտրոնի ասիմետրիկ կատալիզի խմբում, որի ղեկավարն է ք.գ.թ., դոցենտ Արմեն Գալստյանը։
Անդրադառնալով խմբի գործունեությանը՝ Արմեն Գալստյանը նշեց, որ ներկայում իրենք լաբորատորիայում սինթեզում են «Տրիազոլի ածանցյալներ», որոնք աշխարհում առաջին անգամ սինթեզվող քիմիական նյութեր են։
«Դրանք պոտենցիալ ասիմետրիկ կատալիզատորներ են, որոնք կարող են օգտագործվել ասիմետրիկ նյութերի սինթեզի համար, ինչպես նաև ունենալ կենսաբանական ակտիվություն»,- ասաց գիտահետազոտական խմբի ղեկավարը՝ ընդգծելով, որ այդ նյութերը կարող են ունենալ նաև դեղաբանական ակտիվություն, այսինքն՝ դառնալ դեղի բաղադրիչ։
Նշենք, որ Մաղտըմգուլիի անվան թուրքմենական պետական համալսարանի կազմակերպած միջազգային 2-րդ օլիմպիադային ԵՊՀ քիմիայի ֆակուլտետից մասնակցեցին Մարիամ Հարությունյանը («Քիմիա» մասնագիտություն, բակալավրիատ, 3-րդ կուրս, մրցանակ՝ 1-ին տեղ), Անահիտ Ջիլիկյանը («Քիմիա» մասնագիտություն, բակալավրիատ, 3-րդ կուրս, մրցանակ՝ 1-ին տեղ), Արեն Կիրակոսյանը («Քիմիա» մասնագիտություն, բակալավրիատ, 1-ին կուրս, մրցանակ՝ 1-ին տեղ), Լեոնիդ Ասատրյանը («Քիմիա» մասնագիտություն, բակալավրիատ, 1-ին կուրս, մրցանակ՝ 1-ին տեղ), Տիգրան Մխիթարյանը («Քիմիա» մասնագիտություն, բակալավրիատ, 1-ին կուրս, մրցանակ՝ 1-ին տեղ), Գևորգ Հայրապետյանը («Քիմիա» մասնագիտություն, բակալավրիատ, 1-ին կուրս, մրցանակ՝ 2-րդ տեղ)։
Հիշեցնենք, որ անցյալ տարի ևս Մաղտըմգուլիի անվան թուրքմենական պետական համալսարանի կազմակերպած քիմիայի առցանց օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ ուսանողներ, որոնք հաղթող են ճանաչվել մրցանակային տարբեր կարգերում: