- Գլխավոր
- Նորություններ
- Տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը
Դեկտեմբեր 26, 2023 | 17:00
Գիտություն
Ենթակառուցվածքներ
Կրթություն
Տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը
Օրակարգային 6 հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ գնահատվել է ռեկտորի տարեկան գործունեության հաշվետվությունը, հաստատվել են ԵՊՀ կառուցվածքը, հաստիքացուցակը, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվն ու 100 միլիոն ՀՀ դրամի սահմանաչափը գերազանցող ներկայացված պայմանագրերը։
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի սկզբում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Գոռ Օհանյանն առաջարկեց ներկայացված օրակարգում ներառել նաև Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնի մրցույթի կազմակերպման ու անցկացման հարցը։ Առաջարկը դրվեց քվեարկության և ձայների մեծամասնությամբ չընդունվեց ՀԽ-ի կողմից։ ԵՊՀ ՀԽ նախագահ Սուրեն Պապիկյանը նշեց, որ, այնուամենայնիվ, եկող տարվա ընթացքում կքննարկվի ու կանցկացվի ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնի մրցույթ։
Այնուհետև կողմ քվեարկելով ներկայացված օրակարգին՝ ՀԽ անդամները լսեցին ու գնահատեցին ԵՊՀ ռեկտորի՝ 2022-2023 ուսումնական տարվա գործունեության և ռազմավարական ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը փաստեց, որ 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ-ում մեկնարկել են մի շարք գործընթացներ, որոնց երկարաժամկետ ազդեցությունը էապես բարելավելու է կրթական ու գիտահետազոտական գործընթացների որակը, հնարավորություն է ստեղծելու համակարգված և համապարփակ մոտենալու բարեփոխումների ընթացքին։
Նրա խոսքով, իրականացված գործողությունների հիմքում ընկած են ուսանողակենտրոնությունը, միջգիտակարգային մոտեցումը, կրթական և գիտահետազոտական գործընթացների մոտարկումը, ներքին միջավայրի զարգացումն ու կապն արտաքին աշխարհի հետ։
Հ․ Հովհաննիսյանը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում վերանայվել են կրթական բոլոր ծրագրերը, ներդրվել են նորերը։ Ծրագրերից 4-ը ստացել է միջազգային հավատարմագրում, որն աննախադեպ արդյունք էր ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում։ Իր գործունեությունն է սկսել ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը․ «Ուժի մեջ է մտել Ուսումնական գործընթացի կազմակերպման նոր կարգը, իրականացվել է կրթական ծրագրերի մոնիթորինգ, նվազեցվել է ուսանողի շաբաթական լսարանային բեռնվածությունը։ Կրթական ծրագրերում միջգիտակարգայնությունն ապահովելու համար ներառվել են մոդուլացված դասընթացներ, ընդլայնվել է կամընտրական ընդհանուր և մասնագիտական դասընթացների շրջանակը»։
Նա փաստեց, որ շարունակական բնույթ են կրել օտարերկրյա ուսանողների համար կազմակերպվող դասընթացները, այդ թվում՝ պարսկերենի ու ռուսերենի ուսուցման նպատակով․ «ԵՊՀ-ում դասընթացների մասնակցել են Օքսֆորդի, Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների ուսանողներ։ Առաջիկայում նախատեսված են ամառային ու ձմեռային դպրոցներ գործընկեր բուհերի ուսանողների և հետաքրքրված այլ անձանց համար։ Բացի դրանից՝ ԵՊՀ-ն առաջին անգամ հյուրընկալել է աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններից մեկի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) մագիստրատուրայի երեք ուսանողների, որոնք մեկ ամսվա ընթացքում ԵՊՀ բակալավրիատի ուսանողների համար վարել են տարբեր թեմաներով աշխատարաններ»:
Հ․ Հովհաննիսյանի տեղեկացմամբ, հաշվետու ժամանակահատվածում տպագրվել է 1494 հոդված, 16 մենագրություն, 36 ուսումնական ձեռնարկ ու 14 դասագիրք։ Ընդ որում՝ հոդվածներից 243-ը տպագրվել է ինդեքսավորվող «Scopus» շտեմարանում ընդգրկված միջազգային հեղինակավոր հանդեսներում։
«ԵՊՀ-ում արդեն երկրորդ տարին սահմանվել են գիտական ներքին դրամաշնորհներ, հաշվետու տարում սահմանվել է գիտական ներքին 10 դրամաշնորհ։ Սահմանվել են նաև գիտական գործուղումների նպատակով տրամադրվող դրամաշնորհներ։ Հաշվետու ժամանակահատվածում ԵՊՀ համայնքին հասանելի են դարձել միջազգային և ներբուհական այնպիսի թվային հարթակներ, ինչպիսիք են «Scopus», «Research4Life», «EBSCO», միջազգային բազաները, ինչպես նաև էլեկտրոնային այլ հեղինակավոր ռեսուրսներ»,- ասաց ԵՊՀ ռեկտորը։
Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում մեկնարկել է 710 մլն ՀՀ դրամ ընդհանուր ֆոնդով 28 նոր գիտական դրամաշնորհային ծրագիր, ձեռք են բերվել 1,2 մլրդ ՀՀ դրամի համարժեք գիտական սարքավորումներ, վերանորոգվել են 27 լսարաններ, 3 լաբորատորիաներ և 18 աշխատասենյակներ։
«ԵՊՀ բարեփոխումների շրջանակում իրականացրել ենք ֆակուլտետային գրասենյակների ստեղծման աշխատանքներ։ Իրականացրել ենք գործընթացի կարևոր բաղադրիչ փուլը՝ ուսումնաօժանդակ համակազմի վերապատրաստումը, ինչից հետո անցկացրել ենք ատեստավորում․ արդյունքում աշխատակիցների գործառույթների շրջանակը հստակեցվել ու ընդլայնվել է, իսկ աշխատավարձը՝ բարձրացվել 45 տոկոսով»,-նշեց ռեկտորը։
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը միաձայն բավարար գնահատեց ռեկտորի տարեկան գործունեության հաշվետվությունը, ապա միաձայն հաստատեց նաև ԵՊՀ կառուցվածքը, հաստիքացուցակը, ինչպես նաև 2024 թվականի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը։ Ի դեպ, վերջինս ներկայացնելիս ԵՊՀ ռեկտորը նշեց, որ 2024 թվականին նախահաշվով ևս նախատեսված է աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում 10 %-ով, որն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերից, ինչպես նաև տարեվերջյան 13-րդ աշխատավարձ ու ամռանը վճարվող 50 %-ի չափով պարգևատրում։
Բացի դրանից՝ նա փաստեց, որ նախահաշվով նախատեսված է ֆինանսավորում ներքին դրամաշնորհային ծրագրերի, լսարանների և լաբորատորիաների վերազինման, խելացի գրատախտակների ձեռքբերման և հիմնանորոգման և այլ գործընթացների համար։
Հ․ Հովհաննիսյանը որպես էական ձեռքբերում նշեց ձեռներեցների կողմից պահանջվող լրացուցիչ գիտակրթական ծառայությունների ավելացումը։ Նրա խոսքով, դրանց ծավալը նախորդ տարվա համեմատ, ըստ նախահաշվի, ավելանում է գրեթե 100 տոկոսով։
Օրակարգային վերջին հարցով ՀԽ-ն հաստատեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կողմից 100 միլիոն ՀՀ դրամի սահմանաչափը գերազանցող պայմանագրերը։