- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ուսանողը՝ ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած մրցույթի հաղթող
Դեկտեմբեր 28, 2023 | 10:17
Հետազոտություն
Մրցույթներ
Ուսանողական
ԵՊՀ ուսանողը՝ ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած մրցույթի հաղթող
ԵՊՀ ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի «Ֆինանսական մաթեմատիկա» մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսի ուսանող Ֆենյա Ամիրբեկյանը հաղթել է ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած Իսահակ Իսահակյանի անվան հետազոտական մրցույթում՝ զբաղեցնելով 1-ին մրցանակային տեղը և արժանանալով 1 մլն ՀՀ դրամ դրամական պարգևի։
Կենտրոնական բանկի առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան մրցույթն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլի արդյունքում ընտրված լավագույն 6 հետազոտական աշխատանքների հեղինակները Կենտրոնական բանկում ներկայացրել են իրենց հետազոտությունները, ինչից հետո ԿԲ խորհուրդն ընտրել է «Ուսանող» և «Ոչ ուսանող հետազոտող» անվանակարգերի 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերի հաղթողներին։
«Ուսանող» անվանակարգում 1-ին մրցանակի արժանացած Ֆենյա Ամիրբեկյանը հետազոտություն է կատարել «Դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունների կոորդինացումը» թեմայով՝ փորձելով պարզել` արդյոք դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունների կոորդինացումն ունի իրագործման և հաղորդակցման դժվարություններ։
Անդրադառնալով իր հետազոտության թեմային՝ ԵՊՀ ուսանողը նշեց․ «Աշխատանքիս մեջ ներկայացվում է, թե ինչ դիրքերում պետք է լինեն դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունները՝ գների և ֆինանսական կայունության հասնելու համար, ինչն արդիական թեմա է Կենտրոնական բանկի համար»։
Ֆենյան, կարևորելով ԵՊՀ-ում ստացած տեսական գիտելիքների, ինչպես նաև գործնական հմտությունների դերը հետազոտական աշխատանք կատարելիս, շեշտեց․ «Այս մրցույթում հաղթելու շնորհիվ հասկացա՝ ճանապարհը, որն անցել եմ, իզուր չէր։ Հետազոտական մրցույթում 1-ին տեղը զբաղեցնելն ինձ համար ուղենշում է կարիերայիս ճիշտ սկիզբը»։
Նշենք, որ Իսահակ Իսահակյանի անվան հետազոտական մրցույթը նպատակ ունի մեծացնելու հետազոտությունների նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև ստեղծելու հետազոտողների համայնք՝ հետագայում Կենտրոնական բանկի հետազոտական նախաձեռնություններում ներգրավելու նպատակով։