- Գլխավոր
- Նորություններ
- Քիմիան լավագույն ուսանողի աչքերով
Հունվար 08, 2024 | 17:00
Կրթություն
Մրցույթներ
Ուսանողական
Քիմիան լավագույն ուսանողի աչքերով
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Արտյոմ Պետրոսյանը «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական (միջբուհական) փուլի արդյունքում բնագիտության ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է։ Նա արդեն երկրորդ անգամ է ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում մրցանակային տեղ զբաղեցնում։
![](/sites/default/files/styles/large_slide/public/2024-01/02_6.jpg?h=fdc23985&itok=_dE6oOiO)
Մեզ հետ զրույցում Արտյոմը նշեց, որ քիմիան՝ որպես գիտություն, այսօր զարգացման նոր փուլում է. հին, դասական մեթոդներն անընդհատ փոխարինվում են ժամանակակից և առավել արդյունավետ մեթոդներով: Նա ընդգծեց, որ քիմիայի բնագավառում մրցունակ մասնագետ դառնալու համար ԵՊՀ-ում ստացել է անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներ։
- Ըստ Ձեզ՝ Հայաստանում գիտության այս ճյուղը որքանո՞վ է համաշխարհային զարգացումներին համընթաց շարժվում։
- Աշխարհում մեծ թափով զարգանում է հաշվողական քիմիան․ քիմիական շատ գործընթացների ուսումնասիրությունը տեղափոխվում է հաշվողական տիրույթ՝ այդպիսով արագացնելով և հեշտացնելով աշխատանքը։ Վերջին տարիներին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աշխատանքները և պետության կատարած ներդրումները քիմիայի ոլորտում հնարավորություն են տալիս կատարելու առաջատար հետազոտություններ և հետ չմնալու աշխարհի առաջատար գիտահետազոտական թիմերից։ Այս ներդրումների արդյունքը կտեսնենք մոտ ապագայում և կունենանք հզոր գիտություն, ինչը պետության զարգացման կարևորագույն հիմքերից մեկն է։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-01/fb.jpg?itok=hIz2ziNF)
- Հետազոտական ի՞նչ աշխատանքներում եք ներգրավված։
- Դեռ առաջին կուրսից ներգրավված եմ Քիմիայի գիտահետազոտական կենտրոնի օրգանական քիմիայի ամբիոնի ասիմետրիկ կատալիզի գիտահետազոտական խմբի գիտական աշխատանքներում։ Այս պահին աշխատում ենք նոր ասիմետրիկ կատալիզատորների նախագծման, ստացման և դրանց հատկությունների ուսումնասիրման ուղղությամբ, որոնք կարող են օգտագործվել մի շարք կարևոր նշանակություն ունեցող նյութերի սինթեզում և կիրառվել դեղաբանության, նյութագիտության, ինչպես նաև սննդի տեխնոլոգիայի ոլորտներում։
Վերջին շրջանում աշխատում եմ նաև հնարավորինս շատ մասնակցել գիտական միջոցառումների, ինչը հնարավորություն է տալիս գիտակրթական նոր կապեր հաստատելու քիմիայի և հարակից ոլորտների տարբեր գիտնականների ու մասնագետների հետ։
- Հետազոտական աշխատանքների արդյունք են նաև գիտական հոդվածները: Ի՞նչ թեմաների եք անդրադարձել Ձեր հոդվածներում։
- Ունեմ հրապարակված մի շարք գիտական աշխատանքներ, որոնք վերաբերում են ասիմետրիկ կատալիզին, նոր օրգանական միացությունների սինթեզին և դրանց սինթեզի նոր մեթոդաբանությունների մշակմանը։ Հոդվածներս հրատարակվել են ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների 2021 թ․ ժողովածուում։ Բացի դրանից՝ միջազգային գիտաժողովներում ներկայացրել եմ թեզիսներ ասիմետրիկ կատալիզի և օրգանական սինթեզների վերաբերյալ։
- Կրթության և գիտության բնագավառում ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք:
- Նախատեսում եմ ուսումս շարունակել ԵՊՀ-ում՝ «Քիմիա» մագիստրոսական ծրագրում։ Ցանկանում եմ մասնագիտանալ օրգանական սինթեզի և ասիմետրիկ կատալիզի բնագավառներում։ Կարծում եմ, որ ցանկացած մարդ հասարակությանը կարող է մեծ օգուտ տալ՝ սեփական աշխատանքը պատշաճ կատարելով:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-01/03_5.jpg?itok=PQ75ePM-)
- Ի՞նչ դերակատարում ունի ԵՊՀ-ն Ձեր հաջողություններում։
- Դեռևս դպրոցական տարիներից բազմիցս մասնակցել եմ Հայաստանի քիմիայի օլիմպիադային և զբաղեցնելով բարձր տեղեր՝ ընդգրկվել եմ Քիմիայի համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան թիմի կազմում։ 2020 թ․ արժանացել եմ բրոնզե մեդալների «Քիմիա» առարկայի Մենդելեևյան միջազգային օլիմպիադայում (IChMO) և Քիմիայի համաշխարհային օլիմպիադայում (IChO):
ԵՊՀ-ն մեծ դեր ունի իմ հաջողություններում, քանի որ հենց համալսարանում ստացածս հարուստ գիտելիքների շնորհիվ եմ կերտում իմ մասնագիտական ուղին: Համալսարանն ապահովում է նաև առաջընթացի համար անհրաժեշտ գիտական և ուսումնական բոլոր ռեսուրսները, ինչպես նաև սովորելու և աշխատելու համար հիանալի մթնոլորտը։ ԵՊՀ-ն միշտ խրախուսում և արժևորում է իր ուսանողներին, ինչն ավելի է ոգևորում և պարտավորեցնում։
Ուսանողական տարիներին քիմիայի և ընդհանրապես գիտության հանդեպ իմ պատկերացումներն ամբողջովին փոխվել են։ Մինչ հետազոտական աշխատանքներում ներգրավվելը, կարելի է ասել, գրեթե պատկերացում չունեի քիմիայի գործնական կողմի մասին և ունեի միայն որոշակի տեսական գիտելիքներ։ Ուսանողական տարիներին բացահայտեցի իրական` գործնական քիմիան և դրա խնդիրները, սովորեցի փնտրել և գտնել դրանց լուծման ուղիները։