- Գլխավոր
- Նորություններ
- Կարդիականացվի ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի նյութատեխնիկական բազան
Հունվար 09, 2024 | 15:50
Գիտություն
Ենթակառուցվածքներ
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Կարդիականացվի ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի նյութատեխնիկական բազան
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը կհամալրվի նոր սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան կատարելու հնարավորինս ճշգրիտ հետազոտություններ, ինչպես նաև ամենօրյա հետազոտական աշխատանքներում ընդգրկելու ուսանողների ու երիտասարդ գիտնականների ավելի լայն շրջանակ։
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրում» մրցույթի շրջանակում ինստիտուտը ձեռք կբերի նոր թվային մանրադիտակ և առօրյա օգտագործման մասնագիտական այլ սարքավորումներ, այդ թվում՝ վակուում գոլորշիացնող սարք, չորացնող պահարան, ջրի թորման սարք, անալիտիկ կշեռք։
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, ք․գ․թ․, դոցենտ Աննա Մկրտչյանը, խոսելով ձեռք բերվող սարքավորումներից, ընդգծեց, որ բացի նոր թվային մանրադիտակից՝ պատվիրելու են նաև ամենօրյա կիրառման համար անհրաժեշտ սարքավորումներ, քանի որ հետազոտական աշխատանքներում շարունակաբար ընդլայնվում է բակալավրի ուսանողների, մագիստրոսների ու երիտասարդ գիտաշխատողների թիվը, և հետազոտողների համար պետք է հասանելի լինեն սարքավորումները։
Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնի հետազոտական հիմնական ուղղություններն են քիրալային մետաղակոմպլեքսների կատալիտիկ համակարգերի ստացումը, ուսումնասիրումը և կիրառման հնարավորությունների ուսումնասիրությունը, տարբեր կառուցվածքների էնանտիոմերապես հարստացված, օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինոթթուների ու դրանցից կազմված պեպտիդների ստացման արդյունավետ մեթոդների (ստեխիոմետրիկ և կատալիտիկ) մշակումը, սինթեզված նոր միացությունների բժշկակենսաբանական սքրինինգը:
Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի վարիչ, կ․գ․թ․, դոցենտ Անահիտ Հովհաննիսյանը, ներկայացնելով ձեռք բերվող նոր թվային մանրադիտակի հնարավորությունները, ընդգծեց, որ ամբիոնի ուղղվածություններից մեկը բժշկակենսաբանական հետազոտություններն են։ Նա տեղեկացրեց, որ վերջին ժամանակներում ուսումնասիրություններ են կատարում՝ հասկանալու, թե ինչպես է զարգանում մանրէների կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ․ «Հետազոտության հիմնական օբյեկտ են հանդիսանում հենց հակաբիոտիկակայուն մանրէները, կատարվում են նաև տարբեր բույսերի ֆարմակագնոստիկ հետազոտություններ։ Նոր մանրադիտակը հզոր է և ունի խոշորացման բավականին մեծ հնարավորություն, ինչի շնորհիվ կարելի է տարբերակել մանրէները՝ ուսումնասիրելով նրանց կազմաբանական առանձնահատկությունները»։
Անահիտ Հովհաննիսյանը, անդրադառնալով հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունությանը, նշեց, որ օդում, ջրում կան բազմաթիվ մանրէներ, որոնք ավելի քան 17 տեսակի հակաբիոտիկների նկատմամբ արդեն իսկ ունեն կայունություն, մինչդեռ վերջին 20 տարում չեն սինթեզվել նոր հակաբիոտիկներ․ «Մեր առաջնային խնդիրը մանրէների հակաբիոտիկակայունության առավել խորն ուսումնասիրությունն է։ Եթե մի մանրէ հակաբիոտիկի նկատմամբ ձեռք է բերում կայունության գենը, դա հեշտությամբ փոխանցում է ոչ միայն իր, այլև հակառակ ցեղի բակտերիաներին, ինչպես նաև հակաբիոտիկների հարձակումից պաշտպանում է այն բակտերիաները, որոնք չունեն այդ կայունության գենը։ Եվ ինչքան էլ հետազոտություններ կատարվեն, քիչ են, որովհետև դա գլոբալ խնդիր է, և մենք ուզում ենք մեր լուման ներդնել այդ խնդրի լուծման մեջ»։
Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնի հետազոտական աշխատանքների շրջանակում սինթեզել են նոր միացություններ, որոնք ունեն ազդեցություն հակաբիոտիկակայուն շտամների վրա, սակայն այդ նյութերը որևէ դեղապատրաստուկի կազմում ընդգրկելու համար անհրաժեշտ է երկար տարիների աշխատանք։