- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում կգործի Երկրի հեռազննման լաբորատորիա
Հունվար 11, 2024 | 17:08
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Միջազգային համագործակցություն
Շարունակական կրթություն
ԵՊՀ-ում կգործի Երկրի հեռազննման լաբորատորիա
ԵՊՀ-ում կկատարվի տիեզերական լուսանկարների և աերոլուսանկարների վերծանում՝ ջրային, հողային ռեսուրսների կառավարման, կլիմայի փոփոխության և բնական աղետների ռիսկերի գնահատման ոլորտներն ուսումնասիրելիս։ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բացվեց Երկրի հեռազննման լաբորատորիա։
Լաբորատորիայի բացումը կյանքի է կոչվել ԵՄ «Էրազմուս+» ծրագրի «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում-GeoTAK» նախագծի շրջանակում։
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, տ․գ․թ․ Սարգիս Քելյանը, ներկայացնելով ծրագիրը, նշեց, որ նպատակն է Հայաստանի և Ղրղզստանի համար երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծել ասպիրանտական միջազգային կրթական ծրագիր․ «Լաբորատորիան հագեցած է գերժամանակակից սարքավորումներով։ Այս ծրագիրը գիտակրթական ոլորտում նորարարական մոտեցում է, և ֆակուլտետն աջակցելու է այսօրինակ նախագծերի իրականացման շարունակականությանը»։
Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, աշխ․գ․թ․ Արտակ Փիլոյանը կարևորեց այն հանգամանքը, որ Երկրի հեռազննման լաբորատորիայի և ֆակուլտետում արդեն իսկ գործող Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի լաբորատորիայի համատեղ աշխատանքների արդյունքում կունենան գիտահետազոտական կենտրոն․ «Հայաստանում վերջին տարիների կարևորագույն հիմնախնդիրներից են ջրային ռեսուրսների կառավարումը, հողային կոնսոլիդացիան, հետևաբար տիեզերական լուսանկարները ժամանակի ընթացքում նշված երևույթների, օբյեկտների փոփոխությունն ուսումնասիրելու լավագույն միջոցն են»։
Այս համատեքստում Արտակ Փիլոյանը, խոսելով տիեզերական լուսանկարների ձեռքբերման ուղիներից, ընդգծեց, որ ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը 1972 թ․-ից ունի Երկրի հեռազննման արբանյակներ, որոնցից ստացված տվյալներն ազատ են օգտագործման համար․ «Հասանելի են նաև Եվրոպական տիեզերական գործակալության լուսանկարները, ինչպես նաև հայկական արբանյակից ստացված տվյալները, որոնք նույնպես կօգտագործվեն հետազոտութունների ժամանակ»։
Ա․ Փիլոյանը շեշտեց, որ լաբորատորիան լայն հնարավորություն է տալիս հատկապես երիտասարդ հետազոտողներին իրենց թեզերում, գիտահետազոտական դրամաշնորհային ծրագրերում այդ տեղեկատվությունն օգտագործելու, ինչին նպաստելու են նաև լաբորատորիայում առկա համակարգչային հզոր տեխնիկան ու սարքավորումները։
ԵՊՀ գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը, կարևորելով լաբորատորիայի նշանակությունը, համոզմունք հայտնեց, որ մագիստրոսների ու ասպիրանտների կատարած հետազոտական աշխատանքները տեսական դաշտից կտեղափոխվեն գործնական հարթակ, ինչը կնպաստի նաև երկրաբանի մասնագիտության զարգացմանը։
Ծրագրի շրջանակում ԵՊՀ-ին հատկացվող բյուջեի մի մասն ուղղվել է սարքավորումների գնմանը․ ձեռք է բերվել ինդուստրիալ անօդաչու թռչող սարք՝ համալրող սարքերով, նկարահանող քարտեզագրական սենսոր, գլոբալ նավիգացիոն համակարգ և սեղանի աշխատանքային կայան։ Այս սարքավորումներից զատ՝ ԵՊՀ ղեկավարության կողմից լաբորատորիային հատկացվել են նոր համակարգիչներ և միջազգային չափանիշներին համապատասխանող կահույք, խելացի էկրան, ինչպես նաև կատարվել են լաբորատորիայի վերանորոգման աշխատանքները։
Հավելենք, որ լաբորատորիայի բացմանը ներկա էին «GeoTAK» ծրագրի ընդհանուր համակարգող, Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Լուիս Ռուիզը, Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Հուաան Ֆանը, Լյուբլյանայի համալսարանի պրոֆեսոր Անկա Լիսեցը, Ղրղզստանի պետական տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Ակըլբեկ Չըմըրովը, Օշի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Գուլշան Էրգեշովան, ԵՊՀ դոկտորական կրթության կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը, Միջազգային համագործակցության վարչության դրամաշնորհների համակարգման բաժնի վարիչ Արսեն Ապրոյանը, Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ Արսեն Գրիգորյանը և ուրիշներ։