- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն՝ մրցունակ մասնագետ դառնալու ուղենիշ
Հունվար 18, 2024 | 14:49
Գիտություն
Ընդունելություն
Կրթություն
ԵՊՀ-ն՝ մրցունակ մասնագետ դառնալու ուղենիշ
Երևանի պետական համալսարանը շարունակաբար ընդլայնում է կրթական ծրագրերի ցանկը, կատարելագործում դրանց բովանդակությունը, ընդլայնում տեխնիկական հնարավորությունները և կատարում ուսանողակենտրոն բարեփոխումներ՝ ուսանողների կրթագիտական, գիտահետազոտական և մշակութային զարգացումն ապահովելու համար:
ԵՊՀ-ում գործում է կրթական եռաստիճան համակարգ՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական։ Այստեղ ուսանողները հնարավորություն ունեն կրթություն ստանալու տարբեր ուղղություններով՝ բնագիտականից մինչև հումանիտար, ֆիզիկամաթեմատիկական գիտություններ, հասարակագիտություն, տնտեսագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն։ Համալսարանն աջակցում է ուսանողներին ուսումնառության ընթացքում՝ առաջարկելով ուսման վարձի զեղչային ճկուն համակարգ։
Ուսումնառությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ուսանողներին տրամադրվում են համալսարանական էլհասցեներ, որոնց միջոցով նրանք ստանում են տեղեկություններ ուսումնական ամբողջ գործընթացի, կարևոր նորությունների և համալսարանում տեղի ունեցող միջոցառումների մասին:
Ուսումնական առաջին տարվա մեկնարկին ուսանողները ստանում են նաև ուսանողական քարտ, որի շնորհիվ հնարավորություն են ունենում օգտվելու ԵՊՀ գրադարանից. այն հանրապետության ամենամեծ գրադարաններից մեկն է։
Երևանի պետական համալսարանը պարբերաբար վերազինվում է տեխնիկական և լաբորատոր սարքավորումներով՝ ուսանողներին հնարավորություն տալով ուսումնառության տարիներից ակտիվորեն ներգրավվելու գիտական աշխատանքներում և զարգացնելու գործնական հմտությունները:
ԵՊՀ ուսանողներին լայն հնարավորություններ են ընձեռվում ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Միջազգային գործակցային կապերի շնորհիվ ուսանողները փոխանակման ծրագրերով մեկնում են տարբեր երկրներ՝ գիտելիքների պաշարը հարստացնելու, գործընկեր բուհերի հետ գիտահետազոտական համատեղ աշխատանքներ կատարելու նպատակով:
Ուսանողական կյանքն առավել հետաքրքիր կազմակերպելու, հետազոտություններ կատարելու, մշակութային, սպորտային միջոցառումների մասնակցելու և ժամանցը հետաքրքիր կազմակերպելու համար ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեն անդամագրվելու բուհում գործող ուսանողական կառույցներին, ակումբներին ու կենտրոններին, մասնավորապես Ուսանողական խորհրդին, Ուսանողական գիտական ընկերությանը, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին։
Կրթական, մշակութային, սպորտային և հասարակական ծրագրերից զատ՝ համալսարանը փորձնակության, կամավորական և մասնագիտական աշխատանքի հնարավորություններ է ստեղծում իր ուսանողների համար։ Շատ ուսանողներ աշխատանք են գտնում իրենց ուսանողական էլեկտրոնային հասցեին ուղարկված հայտարարություններին պարբերաբար հետևելու շնորհիվ։
ԵՊՀ ուսանողները դառնում են մրցունակ մասնագետներ ոչ միայն ֆորմալ, այլև ոչ ֆորմալ կրթության շնորհիվ։ ԵՊՀ-ում պարբերաբար կազմակերպվում են դասընթացներ, տեղեկատվական և ուսուցողական հանդիպումներ՝ ուսանողների անձնային ու մասնագիտական որակներն ու հմտությունները զարգացնելու նպատակով։
Նշենք, որ հունվարի 20-ից կմեկնարկեն 2024-2025 ուսումնական տարվա հունվար-փետրվար ամիսներին անցկացվող միասնական քննությունները:
Եթե ցանկություն ունես դառնալու համալսարանական կյանքի մի մասնիկը, ապա արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։
Մաղթում ենք հաջողություն: