- Գլխավոր
- Նորություններ
- Հեռավար լաբորատորիան՝ Հայաստանի և արտերկրի մաթեմատիկոսներին միավորող հարթակ
Հունվար 26, 2024 | 15:00
Հեռավար լաբորատորիան՝ Հայաստանի և արտերկրի մաթեմատիկոսներին միավորող հարթակ
ԵՊՀ-ում հիմնադրված Գենտի համալսարանի (Բելգիա) մաթեմատիկական անալիզի և դիֆերենցիալ հավասարումների կենտրոնի լաբորատորիայում օտարերկրյա երեք հետազոտողներ հետդոկտորական կրթության շրջանակում կատարում են մի շարք հետազոտություններ, որոնք հնարավորություն կտան գիտնականներին կանխատեսելու նաև բնական աղետները։
Լաբորատորիան հիմնադրվել է 2023 թ․ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և «FAST» հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շնորհիվ։ Լաբորատորիայում հետազոտողներն աշխատում են երկու հիմնական նախագծերի շուրջ․ մեկը նվիրված է մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումներին, մյուսը՝ խմբերի վրա մաթեմատիկական անալիզին։
Ավագ գիտաշխատող Մոնիրե Միկաեիլ Նիան Հայաստան է ժամանել Զանջանի գիտահետազոտական կենտրոնից (Institute for Advanced Studies in Basic Sciences) և ԵՊՀ-ում աշխատում է «FAST» հիմնադրամի «Advance PI» հետազոտական դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Նա իր աշխատանքը Երևանում սկսել է նախորդ տարվա սեպտեմբերից:
Հետազոտողը, ներկայացնելով նախագիծը, որի շուրջ աշխատում է, տեղեկացրեց, որ այն վերաբերում է մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումներին (ՄԱԴՀ)՝ առօրյա կյանքում հաճախակի հանդիպող խնդիրների լուծմանը․ «Այս նախագծով մենք դիտարկում ենք բավականին ընդհանուր դրվածքով ՄԱԴՀ, այսպես մենք կարող ենք ստանալ թույլ լուծումներ ՄԱԴՀ-ների համար, որոնց շնորհիվ էլ հնարավոր կլինի ընդհանուր տեսքի ՄԱԴՀ-ներ լուծելը։ Պատկերացրեք, որ մեկ մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարման լուծումը կարող է օգնել գիտնականներին կանխատեսելու սպասվող երկրաշարժը կամ մեկ այլ երևույթի ի հայտ գալը՝ վերլուծելով մինչ դրանց տեղի ունենալը երկրից եկող ազդանշանները»։
Հեռավար լաբորատորիայի շրջանակում կատարվող նախագծերը ղեկավարում են Գենտի մաթեմատիկական անալիզի և դիֆերենցիալ հավասարումների կենտրոնի պրոֆեսոր Մայքլ Ռուժանսկին և դոկտոր Ժիրայր Ավետիսյանը։
Դոկտոր Ժիրայր Ավետիսյանը շեշտեց, որ լաբորատորիայի աշխատանքներում ընդգրկված են ՀՀ և արտերկրի 10 հետազոտողներ, որոնք գիտակրթական տարբեր մակարդակներ են ներկայացնում՝ մագիստրոսականից մինչև հետդոկտորական․ «Հետազոտողներն աշխատում են ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մեր գրասենյակներում։ Ֆակուլտետը աջակցում է հեռավար լաբորատորիային որպես հյուրընկալող կողմ։ Առաջիկայում մենք կհայտարարենք հետազոտողների ևս 2 թափուր հաստիքների մասին։ Այսպիսով՝ մենք ամբողջ Մերձավոր Արևելքում (և գուցե դրանից դուրս) ունենք մաթեմատիկայի ոլորտի ամենամեծ հետազոտական խմբերից մեկը»։
Պրոֆեսոր Մայքլ Ռուժանսկին, խոսելով ԵՊՀ-ի հետ ավելի վաղ ունեցած գործակցությունից, ընդգծեց, որ դեռևս 2016 թ․ համագործակցել են ԵՊՀ այդ տարիներին Ֆիզիկայի ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարտին Գրիգորյանի հետ, որը տասնամյակներ առաջ դոկտոր Ժ․ Ավետիսյանին դասավանդել էր մաթեմատիկական անալիզ, երբ նա դեռ Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող էր․ «Մարտին Գրիգորյանը շարունակում է մաթեմատիկայի ոլորտում լինել մեր հիմնական գործընկերը Հայաստանում»։
Դոկտոր Ժիրայր Ավետիսյանն ու պրոֆեսոր Մայքլ Ռուժանսկին վստահ են, որ Գենտի մաթեմատիկական անալիզի և դիֆերենցիալ հավասարումների կենտրոնի համար սա հիանալի հնարավորություն է ներգրավելու Հայաստանի և արտերկրի տաղանդավոր մաթեմատիկոսներին, ինչպես նաև ընդլայնելու մաթեմատիկոսների համայնքը։
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ֆունկցիաների տեսության և դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի ասիստենտ, հեռավար լաբորատորիայի համաղեկավար, ֆ․մ․գ․դ․ Կարեն Քեռյանը, ընդգծելով ԵՊՀ-ի և Գենտի համալսարանի միջև իրականացվող համատեղ նախագծի կարևորությունը, նշեց, որ ԵՊՀ-ի համար այն արդյունավետ է կատարվող հետազոտական ուղղությունների ընդլայնման, գիտաշխատողների թվաքանակի ավելացման, ինչպես նաև երիտասարդ հետազոտողների հետ աշխատելու հնարավորության տեսանկյուններից․ «Ծրագիրն ընձեռում է լայն հնարավորություններ՝ միջազգային գործակցություն, արդիական թեմաներով հետազոտություններ, վերապատրաստումներ ինչպես ԵՊՀ հետազոտողների, այնպես էլ համատեղ՝ ԵՊՀ ու Գենտի համալսարանի հետազոտողների համար, կարճաժամկետ այցելություններ Գենտի համալսարան՝ այնտեղ շարունակելու կատարվող հետազոտությունները»։
Օտարերկրացի հետազոտողներից Կարինա Գոնսալեսը, որը Սան Պաուլոյի համալսարանից է, աշխատում է խմբերի վրա մաթեմատիկական անալիզին վերաբերող նախագծի շուրջ։ Նա աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023» դրամաշնորհի շրջանակում։ Կարինա Գոնսալեսը նախագծի շուրջ կաշխատի շուրջ 5 տարի։
Սպահանի համալսարանից Երևան ժամանած հետազոտող Զահրա Կեյշամսին «FAST» հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակում է ԵՊՀ-ում։
Զահրայի և Մոնիրեի առաջադրած թեմաները ֆինանսավորվել են «ՀՀ գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc» ծրագիր 2023/2» մրցույթի արդյունքում։ Նրանք իրենց հետազոտությունն ամբողջացնելու համար ունեն չորս տարի ժամանակ։
Նշենք, որ հեռավար լաբորատորիայի աշխատանքներում հետազոտողներ են ներգրավված նաև ԵՊՀ-ից (պրոֆեսոր, ասպիրանտ և մագիստրոս)։