- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ գիտնականների հետազոտությունները՝ միջազգային հեղինակավոր գիտական հանդեսներում
Փետրվար 08, 2024 | 15:12
Գիտություն
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
ԵՊՀ գիտնականների հետազոտությունները՝ միջազգային հեղինակավոր գիտական հանդեսներում
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում, նպատակ ունենալով շարունակաբար զարգացնելու գիտահետազոտական ուղղությունը, կատարում են նորարարական հետազոտություններ՝ գիտական հոդվածներ հրապարակելով բարձր՝ Q1 վարկանիշ ունեցող միջազգային գիտական հանդեսներում։
![](/sites/default/files/styles/large_slide/public/2024-02/banner_0.jpg?h=eb901320&itok=IgyLYBuC)
Ֆունկցիաների տեսության և դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի պրոֆեսոր, ֆ․մ․գ․դ․ Գրիգորի Կարագուլյանը լեհ մաթեմատիկոս Աննա Կամոնտի հետ համատեղ հետազոտություն է կատարել ու «Վեյվլետ բազմանդամներ և Վեյլի բազմապատկիչներ» վերտառությամբ հոդվածը հրապարակել Q1 վարկանիշ ունեցող ամերիկյան «Մաթեմատիկական անալիզ» ամսագրում։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-02/karagowlyan1.jpg?itok=HWoZIkKA)
Հայ պրոֆեսորը ավելի քան 60 գիտական հոդվածի հեղինակ է, որից 10-ից ավելին հրատարակվել է Q1 վարկանիշ ունեցող հանդեսներում։
«Դեռևս 2021 թ․ տպագրված գիտահետազոտական իմ երեք աշխատանքները նվիրված են տարբեր բնույթի մաքսիմալ օրթոգոնալ գումարների գնահատականներին։ Աննա Կամոնտն առաջարկեց դիտարկել նմանատիպ խնդիրներ վեյվլետ-ձևափոխությունների համար։ Որոշ ժամանակ անց սկսեցինք խնդրի հետ կապված մեր համատեղ հեռավար քննարկումները։ Շուրջ երկու ամիս ակտիվ աշխատելու արդյունքում ստացվեց լուծել առաջադրված խնդիրն իր վերջնական տարբերակով»,- ասաց Գ․ Կարագուլյանն ու տեղեկացրեց, որ այդ աշխատանքը հրատարակվել է 2023 թ․։
Հայ և լեհ հետազոտողների աշխատանքի գլխավոր արդյունքը մի անհավասարություն է, որն առնչվում է մաթեմատիկայի ժամանակակից ուղղություններից մեկին` վեյվլետների տեսությանը։
«Աշխատանքում այն կիրառվել է օրթոգոնալ շարքերին ու վեյվլետներին վերաբերող որոշ խնդիրների ուսումնասիրության մեջ։ Մասնավորապես՝ գտնվել է վեյվլետ-բազմանդամային շարքերի զուգամիտության Վեյլի բազմապատկիչների ճշգրիտ ասիմպտոտիկան, ինչպես նաև տրվել է վերջավոր թվով վեյվլետ-ձևափոխություններից ծնված մաքսիմալ ֆունկցիայի ճշգրիտ նորմային գնահատականը»,- նշեց պրոֆեսորը՝ ներկայացնելով հետազոտության թեման։
Հետազոտողներն ի սկզբանե նպատակ էին դրել լուծելու Վեյլի բազմապատկիչների խնդիրը վեյվլետ-բազմանդամ համակարգերի համար, սակայն արդյունքները գերազանցել են սպասելիքները, որովհետև հայտնաբերվել են շատ ավելի ընդհանուր գնահատականներ՝ տարբեր բնույթի կիրառություններով հանդերձ։
«Աշխատանքի արդյունքներն ու առաջադրված մեթոդները կունենան այլ կիրառություններ վեյվլետների և հարակից մաթեմատիկական ուղղությունների մեջ։ Վեյվլետների տեսությունը մաթեմատիկայի ժամանակակից ուղղություններից է, որի ակունքները գալիս են կիրառական խնդիրներից։ Վեյվլետները լայն կիրառություն ունեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քվանտային ֆիզիկան, երկրաբանությունը, պատկերների մշակումը և տոմոգրաֆիան»,- նշեց պրոֆեսորն ու շեշտեց, որ թեպետ ամբողջ մաթեմատիկայում չափազանց փոքր է այն հետազոտությունների բաժինը, որոնք անմիջականորեն կապված են մարդկային առօրյա խնդիրների հետ, սակայն մաթեմատիկան պտղատու ծառի նման ամբողջական օրգանիզմ է և առատ բերք տալու համար սեր ու շարունակական ուշադրություն է պահանջում։
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ֆ․մ․գ․դ․ Վիկտոր Օհանյանի հոդվածները ևս հրատարակվում են բարձր՝ Q1 վարկանիշ ունեցող միջազգային ամսագրերում։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-02/ohanyan1.jpg?itok=JvFCSWLH)
Վիկտոր Օհանյանը 2023 թ․ իր ասպիրանտի՝ Դավիթ Մարտիրոսյանի հետ համահեղինակությամբ Քեմբրիջի համալսարանի «Կիրառական հավանականություն» ամսագրում հրատարակել է իր հերթական գիտահետազոտական աշխատանքը՝ «Հարթ ուռուցիկ տիրույթում չորս ուղիղների հատման հավանականությունները» վերտառությամբ։
Հետազոտությունը վերաբերում է ստոխաստիկ երկրաչափությանը, երկրաչափական հավանականությունների տոմոգրաֆիկ մեթոդներին։ Այն ուղղված է հավանականային մեթոդներով ուռուցիկ մարմինների վերականգնման խնդրի լուծմանը։
«Ուշագրավ է, որ այս խնդիրը լուծված է բոլոր դեպքերի համար՝ բացի եռաչափ դեպքից, որը, ըստ էության, կիրառություններում ամենապահանջվածն է»,-ասաց պրոֆեսոր Օհանյանը։
Նա, ներկայացնելով իր հետազոտության կարևորությունն առօրյա կյանքում հանդիպող խնդիրների լուծման համատեքստում, ընդգծեց, որ ներկայում բժշկական տոմոգրաֆիական գործիքները մոտավոր են որոշում ուռուցքի ձևը և չափսը (չափման սխալը լինում է անհայտ)։ Ուստի այդ հետազոտությունը նաև միտված է հավանականային տոմոգրաֆիական մեթոդներով ուռուցքի ձևը և չափսը ճշգրիտ որոշելուն:
Պրոֆեսոր Օհանյանը, ամփոփելով խոսքը, նշեց, որ հավանականային տոմոգրաֆիան լայն հասկացություն է, քանի որ հնարավոր է օգտագործել տարբեր մոդելներ այդ խնդրի լուծման ժամանակ (կովարիոգրամ, լարի երկարության բաշխում, պատահական կետերի նետման պրոցեսի, պատահական ուղիղներով կամ հարթություններով տիրույթի հատումների սիմուլյացիա)․ «Ցավոք աշխարհում մինչ օրս միակության հարցը լուծված չէ: 2024 թ․ Q3 վարկանիշ ունեցող «Journal of Contemporary Mathematical Analysis» ամսագրում տպագրված մեր վերջին հոդվածում շարունակվում են այդ հետազոտությունները»:
Նշենք, որ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ֆ․մ․գ․դ․ Վիկտոր Օհանյանն ավելի քան 100 գիտական հոդվածների հեղինակ է։