- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագիրը՝ շարժիչ ուժ
Փետրվար 09, 2024 | 13:40
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագիրը՝ շարժիչ ուժ
Երևանի պետական համալսարանն առաջնորդվում է զարգացման ռազմավարական ծրագրով, որը նպատակ ունի ապահովելու միջազգային չափանիշներին և աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան գիտահենք կրթական ծրագրերի իրականացում և գիտական հետազոտությունների կատարում:
ԵՊՀ ռազմավարական պլանավորման գործընթացը կազմակերպում է Ռազմավարական պլանավորման կենտրոնը, որը կազմում է զարգացման ծրագրերի նախագծերը, մշտադիտարկման ու գնահատման պլանը, ինչպես նաև կատարում մշտադիտարկում:
ԵՊՀ ռազմավարական պլանավորման կենտրոնի տնօրեն Աննա Բաբաջանյանը, կարևորելով ռազմավարական պլանավորման գործընթացը, նշեց, որ ձեռնարկվող քայլերը նպատակաուղղված են բարելավելու ակադեմիական միջավայրը, արդիականացնելու կրթական գործընթացները և ստեղծելու լավագույն պայմաններ ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գիտնականների՝ շարունակական հաջողություններ գրանցելու համար: Թեև ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագիրը 2021-2026 թթ. գործունեության պլանավորման փաստաթուղթն է, սակայն, ըստ կենտրոնի տնօրենի, ռազմավարական ծրագրի 70-80%-ն արդեն կյանքի է կոչվել:
Ա. Բաբաջանյանը, խոսելով կենտրոնի գործունեության մասին, շեշտեց, որ պլանավորումը հնարավորություն է տալիս օբյեկտիվ պատկերացում կազմելու ԵՊՀ գործունեության մասին: Ներկայում կենտրոնի գործունեությունն ուղղված է պլանավորման գործընթացի կազմակերպման, դրա ընթացիկ մշտադիտարկման, գնահատման, պլանավորման ընթացքում ստորաբաժանումներին աջակցության տրամադրման ուղղությամբ:
«ԵՊՀ ռազմավարական պլանավորման կենտրոնը ստեղծվել է համալսարանի հավատարմագրման գործընթացի արդյունքում և ակտիվորեն գործում է 2022 թվականի սեպտեմբերից: Քանի որ մինչ կենտրոնի ստեղծումը ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագիրն արդեն իսկ մշակված էր, մեր առաջին մեծ գործողությունն այդ ուղղությամբ եղել է ռազմավարության առաջընթացի գնահատումը, ինչպես նաև համալսարանի գործունեության պլանավորման գործընթացի մշակումը»,- ասաց Աննա Բաբաջանյանը:
Կենտրոնի տնօրենը, անդրադառնալով ստորաբաժանումների գործունեության պլանավորման նպատակով կատարված աշխատանքներին, ընդգծեց, որ ծավալով, հստակությամբ և կանխատեսելիությամբ առանձնացող պլանավորման այսօրինակ գործընթաց համալսարանում առաջին անգամ է իրագործվում: Նա նշեց, որ յուրաքանչյուր ստորաբաժանում մշակում է, թե տվյալ տարվա ընթացքում ինչ գործողություններ պիտի կատարի, ինչպիսի մոտեցումներով, ովքեր են այդ գործողությունների պատասխանատուները, ինչ արդյունք են ակնկալում, ինչ թիրախներ ունեն և այլն:
«Կարևորությունն այն է, որ մենք կարողանում ենք գնահատել մեր ներդրած ջանքը, ժամանակը, ինչպես նաև արդյունավետությունը: Մենք տարվա ավարտին կարող ենք հասկանալ՝ հասե՞լ ենք մեր իսկ սահմանած նպատակին, թե՞ ոչ: Այս փաստաթուղթը հիմք է ծառայում նաև ֆինանսական պլանավորման համար»,- ընդգծեց կենտրոնի տնօրենը:
Ա. Բաբաջանյանը շեշտեց, որ ուսումնական ստոաբաժանումների և ֆակուլտետների համար ձևակերպվել են 19 պարտադիր գործողություններ (օրինակ՝ կրթական ծրագրերի գնահատում, ուսանողների կարծիքների հավաքագրում, վերլուծում, կրթական ծրագրերի բարելավում և այլն), սակայն պարտադիր հատվածից զատ՝ ստորաբաժանումները հնարավորություն ունեն որոշելու, թե կոնկրետ որ գործողություններն են իրենց համար առաջնահերթ:
Այնուհետև, ըստ ժամանակացույցի նկարագրվում են, թե գործողությունները տարվա ընթացքում ինչ ժամկետում են իրականացվելու, ինչից հետո յուրաքանչյուր եռամսյակի ավարտին ստորաբաժանումը ներկայացնելու է տվյալ եռամսյակի համար նախատեսված գործողությունների կատարման մանրամասները:
«Կենտրոնը, գործողությունների պլանների մշակման գործընթացի կազմակերպումից զատ, կատարում է դրանց կատարման մշտադիտարկում, կազմում համապատասխան զեկույցներ: Մենք ունենք նախորդ տարվա գործունեության ամփոփման զեկույցը, որով արձանագրել ենք, օրինակ, որ մշակված կամ արձանագրված 533 գործողություններից 35-ը չեն մեկնարկել և չեն էլ իրագործվել: Այս զեկույցները պատրաստում ենք նաև պրոռեկտորների համար, ինչը նրանց հնարավորություն է տալիս պարզելու, թե իրենց համակարգման տակ գործող ստորաբաժանումների համար գործունեության որ ուղղություններով են դժվարություններ առաջացել, ինչով էր պայմանավորված դժվարությունները չհաղթահարելը և այլն»,- փաստեց Ա. Բաբաջանյանը:
Ա. Բաբաջանյանի կարծիքով՝ նմանօրինակ վերլուծությունները ներքին վիճակի մասին փաստող ցուցանիշներ են, որոնք տեղեկացնում են հետագա քայլերը դիտարկելու, առկա վիճակը գնահատելու մասին:
Խոսելով պլանավորման գործընթացի ժամանակ առաջացած դժվարությունների մասին՝ Աննա Բաբաջանյանը, նշեց, որ երբեմն մարդիկ կա՛մ գերագնահատում են իրենց կարողությունները և ավելի շատ են պլանավորում, քան կկարողանան կատարել, կա՛մ որոշակի վախի, անվստահության, անկանխատեսելիության պայմաններում ավելի քիչ բան են պլանավորում:
«Դա ակնկալելի էր, և մենք գործընթացի սկզբում նման իրավիճակի բախվելու փաստը հաշվի էինք առել. սա հատուկ է նոր մեկնարկող պլանավորման գործընթացին։ Միևնույն ժամանակ, դժվարություններ են առաջացել ոչ միայն այդօրինակ էլեկտրոնային փաստաթղթի հետ աշխատելու հարցում, այլև բովանդակային առումով. բարդ էր լինում ձևակերպել գործողությունների գնահատման չափելի ցուցիչներ: Ժամանակի ընթացքում մեր աջակցությամբ և քննարկումների միջոցով կարողացանք խնդիրները հաղթահարել: Այժմ մարդիկ ավելի շատ փորձ ունեն նմանօրինակ գործընթացներում և ավելի հստակ են կարողանում ձևակերպել իրենց գործողությունները»,- ընդգծեց կենտրոնի տնօրենը:
Նախորդ տարի Ռազմավարական պլանավորման կենտրոնը կատարել է համալսարանում առկա տվյալների շղթայի վերլուծություն՝ հաշվի առնելով, որ այս տվյալների հասանելիությունը կենտրոնական է ռազմավարության գնահատման համար:
«Մենք կատարել ենք վերլուծություն՝ նկարագրելով, թե տվյալների (oրինակ՝ ուսանողների թիվ, տպագրված հոդվածների թիվ, դասախոսական կազմ, նկարագիր, կրթական ծրագրերի վերաբերյալ տվյալներ, առաջադիմություն, գործունեության ոլորտին վերաբերող տվյալներ և այլն) «ծառը» ինչ տեսք ունի, առհասարակ առկա է, թե ոչ, ինչ ձևաչափով է առկա, ինչպես է օգտագործվում և այլն: Մենք նաև նույնականացրել ենք բոլոր այն տվյալները, որոնք էական էին ֆակուլտետների գործունեությունը գնահատելու համար, և սրա հիման վրա սահմանել այն ձևաչափը, որով դեկանները ներկայացնում են ֆակուլտետի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունները»,- ասաց Աննա Բաբաջանյանը:
Կետրոնն այժմ կազմակերպում է ռազմավարական նոր ծրագրի մշակումը, աշխատում մեթոդաբանության վրա, նախատեսում կատարել ելակետային վիճակի գնահատում, վերլուծություններ և ուսումնասիրություններ, ինչից հետո մասնակցային եղանակով, որոշակի ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ վերանայելու է համալսարանի զարգացման տեսալականը և սահմանելու է նոր նպատակներ:
Նշենք, որ կենտրոնը իրականացրել է ռազմավարական պլանավորման գործունեության վերաբերյալ քանակական և որակական տվյալների հավաքագրում, տարեկան հաշվետվության մշակում, արտագնա քննարկումներ, պլանավորման պատասխանատուների, անձնակազմի կարողությունների զարգացման կարիքի գնահատում, տարեկան պլանների մշակման աջակցություն և բազմաթիվ այլ ծրագրեր: